ԳԱԱ-ն գիտի, իսկ ԵՊՀ-ն չգիտի, թե ինչու են 9 օր սպասել բողոքի ձայն բարձրացնելուց առաջ
copy image url

ԳԱԱ-ն գիտի, իսկ ԵՊՀ-ն չգիտի, թե ինչու են 9 օր սպասել բողոքի ձայն բարձրացնելուց առաջ

Ներքին 2 տարի առաջ - 21:46 22-12-2022
ՀՀ ԳԱԱ հայտարարությունը նպատակ ունի կոչ ուղղելու միջազգային գիտական հանրությանը՝ ճնշում գործադրելու ագրեսոր Ադրբեջանի վրա։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԳԱԱ Հնագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը։

Իր խոսքով՝ հաշվի առնելով, որ ՀՀ ԳԱԱ հայտարարությունը վերջերս է հրապարակվել, դեռևս որևէ արձագանք չեն ստացել իրենց կոչին։

«Խնդրանքն այն էր, որ մեր գործընկեր կազմակերպություններն ու ակադեմիաներն աջակցեն մեր ժողովրդին, որպեսզի ճգնաժամը հաղթահարվի։ Պետք է անհրաժեշտ ամեն ձևով ճնշել ագրեսոր Ադրբեջանին, որը խախտում է նոյեմբերի 9-ի համաձայնագիրը և, ըստ էության, բլոկադայի մեջ է պահում 120․000 մարդու՝ ծերերի, երեխաների ու կանանց»,- ասաց նա։

Յուրի Սուվարյանի գնահատմամբ՝ հայտարարությամբ բարձրացվել են Ադրբեջանի անմարդասիրական քայլերի հետևանքով Արցախի Հանրապետությունում մարդու բոլոր իրավունքների խախտման ու մի շարք այլ խնդիրներ։

«Էնտեղ մենք մի համեմատություն ենք բերել քաղաքների վերաբերյալ՝ ֆրանսիական, անգլիական, շվեյցարական։ Եթե նրանց որևէ քաղաք շրջափակեն, այդքան հազար մարդ լինի բլոկադայի մեջ, առանց դեղամիջոցների, սննդի և այլն, իրենք ի՞նչ կանեն։ Չէ՞ որ դա մարդու իրավունքների կոպտագույն խախտում է»,-ասաց ակադեմիկոսը։

Սուվարյանն անդրադարձավ նաև մինչև իրենց հայտարարության հրապարակումն Արցախում առկա հումանիտար ճգնաժամի կարգավորման նպատակով ԳԱԱ իրականացրած գործնական քայլերին ու հայտարարությունն Արցախի շրջափակումից օրեր անց միայն տարածելու վերաբերյալ հարցին։

«Մինչև մեր հայտարարությունը հանդես են եկել իշխանության մարմինները, Արցախի համապատասխան մարմինները, հարցը քննարկվել է ՄԱԿ-ում և այլն։ Մենք հետևում էինք իրադարձություններին, մտածում էինք, որ շուտով, երևի թե մեր երկրի կողմից ձեռնարկվող միջոցներն արդյունք կտան։ Թվում էր, թե Արցախում գերենացված միջոցներն պետք է որ ազդեցություն ունենային։ Տեսանք, որ հարցը դեռևս լուծում չի ստանում, մենք էլ հանդես եկանք հայտարարությամբ»,- պարզաբանեց ՀՀ ԳԱԱ ներկայացուցիչը։

Սուվարյանի խոսքով՝ ՀՀ ԳԱԱ-ն բազմիցս բարձրաձայնել է նաև Ադրբեջանի կողմից Արցախի պատմամշակութային կոթողների ոչնչացման ու այլ վայրագությունների մասին։ Այս դեպքում էլ, ըստ նրա, Ադրբեջանի ոչ մարդասիրական գործողությունների շարունակվելու դեպքում իրենք կդիմեն հավելյալ քայլերի։

Ադրբեջանական ագրեսիվ գործողությունները դատապարտող ու դրանց ուղղությամբ միջազգային հարթակի ուշադրությունը հրավիրող հայտարարությամբ հանդես էր եկել նաև ԵՊՀ-ն։

Oragir.News-ը որոշ հարցերի պատասխանների ակնկալիքով կապվեց Մայր բուհի մամուլի բաժնի ներկայացուցչի հետ։ Համալսարանի մամուլի պատասխանատուն հարցը լսելուց հետո նախ խնդրեց զանգել ավելի ուշ։ Ավելի ուշ՝ երկրորդ անգամ կապվելուց հետո չցանկացավ հեռախոսային մեկնաբանություն տալ։ Խնդրեց իրենց դիմել գրավոր հարցմամբ։ Մեր դիտարկմանը, որ հարցադրումները հավելյալ ուսումնասիրության անհրաժեշտություն, որպես այդպիսին, չունեն, Ազնիվ Գրիգորյանը, այդուհանդերձ, պնդեց իր դիրքորոշումը՝ մեր հարցերին գրավոր պատասխանելու վերաբերյալ։ Հարցումն ուղարկված է։