Պահանջել Ադրբեջանից վերացնել միջանցքի արգելափակումը, տեղակայել փաստահավաք առաքելություն. ՀՀ-ի կոչը ՄԱԿ ԱԽ-ին
copy image url

Պահանջել Ադրբեջանից վերացնել միջանցքի արգելափակումը, տեղակայել փաստահավաք առաքելություն. ՀՀ-ի կոչը ՄԱԿ ԱԽ-ին

Ներքին 2 տարի առաջ - 09:59 21-12-2022
Հայաստանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին կոչ է անում քայլեր ձեռնարկել, պահանջել Ադրբեջանից վերացնել Բերձորի միջանցքի արգելափակումը, ինչպես նաև փաստահավաք առաքելություն տեղակայել Բերձորի միջանցքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ԱԽ նիստում, որում քննարկվում էր Բերձորի միջանցքում ստեղծված իրավիճակը:

Նա շեշտեց, որ Ադրբեջանը զանգվածային արշավ է մեկնարկել Բերձորի միջանցքում՝ պետական հովանավորությամբ: Մտացածին պատրվակով կազմակերպելով Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը՝ Ադրբեջանը թիրախավորել է 120 հազար մարդու: Առնվազն 1100 քաղաքացիներ չեն կարողանում վերադառնալ իրենց տներ, երեխաները բաժանվել են իրենց ծնողներից, ընտանիքներից, առողջապահական և սոցիալական ծառայությունների տրամադրումը խաթարվել է՝ բերելով կյանքին սպառնացող իրավիճակների:

Մարգարյանը հիշեցրեց նաև Ադրբեջանի կողմից մի քանի օր Արցախի գազամատակարարումը դադարեցնելու մասին, որն ազդել է դպրոցների գործունեության վրա՝ երեխաներին զրկելով կրթության իրավունքից:

«Ահազանգող իրավիճակը ԼՂ-ում մոտ է մարդասիրական աղետ դառնալուն: Չնայած խաղաղապահ ուժերի ջանքերին՝ ադրբեջանական կողմի հետ ԼՂ իշխանությունների բանակցությունները, որոնք նպատակ ունեն վերականգնել միջանցքի ապահով և անխաթար շահագործումը, առ այսօր որևէ արդյունքի չեն բերել: Ադրբեջանի գործողությունների համակարգված բնույթը, այդ թվում՝ նախորդ միջադեպերը, որոնց ընթացքում թիրախավորում էին քաղաքացիական ազգաբնակչությանը, ենթակառուցվածքները, ևս մեկ ապացույց է նրա, որ Լաչինի միջանցքի փակումն իրականում նախապես պլանավորված գործողություն է, որն իրականացվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ նպատակ հետապնդելով վնաս պատճառել ազգաբնակչությանը և մեծածավալ մարդասիրական ճգնաժամ առաջացնել ԼՂ-ում»,-ասաց Հայաստանի ներկայացուցիչը:

Բնապահպանական մտահոգություններին ցանկացած հղում ոչ այլ ինչ է, քան կեղծ պատրվակ՝ արդարացնելու ԼՂ աղգաբնակչությանը գոյության միջոցներից զրկելը, նրանց հիմնարար իրավունքները մերժելը:

Հայաստանի ներկայացուցիչը շեշտեց, որ Ադրբեջանը ժողովրդավարության ամենացածր վարկանիշներից ունի՝ ապացուցված բողոքների բռնաճնշման նախապատմությամբ, տասնյակ քաղբանտարկյալների պատժելով:

«Այն գաղափարը, որ քաղհասարակության ակտիվիստներն այնտեղ կարող են այդօրինակ մասշտաբի և ընդգրկման արշավ իրականացնել առանց պետական իշխանությունների ուղղորդման և օժանդակության, առնվազն անհամոզիչ է»,-ասաց նա:

Բերձորի միջանցքի շարունակվող արգելափակումը մեկուսի դեպք չէ, սա հերթական անգամ վկայում է համակարգային բռնության մասին, որի գլխավերևում կանգնած են ադրբեջանական իշխանությունները, ում նպատակն է ԼՂ-ի ժողովրդին ենթարկել էթնիկ զտման: Մարգարյանը ընդգծեց՝ եթե Ադրբեջանը հետաքրքրված է, որ բնապահպանական իրավիճակի անկախ գնահատում իրականացվի, ապա պետք է դիտարկվի ՄԱԿ-ի փաստահավաք առաքելություն տեղակայելու հնարավորությունը՝ խնդիրն ուսումնասիրելու նպատակով:

Ադրբեջանի պնդումները, թե լուծել է ԼՂ հակամարտությունը և անգամ վերացրել հազարամյակներ շարունակ հայերի կողմից բնակեցված տարածքի անվանումը, ակնհայտ վկայում են այն մասին, որ կանխամտածված ցեղասպանական քաղաքականության նշաններ կան: Մարգարյանը միջազգային հանրության ներգրավվածության շարունակումը միակ հնարավոր միջոցը համարեց՝ երաշխավորելու ԼՂ ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը:

«ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին կոչ ենք անում քայլեր ձեռնարկել՝ պահանջելու Ադրբեջանից լիարժեքորեն հարգել 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները և անմիջապես ու անվերապահորեն վերացնել Լաչինի միջանցքի արգելափակումը՝ վերացնելով տրանսպորտային հաղորդակցության անվտանգ և ապահով կազմակերպման բոլոր խոչընդոտները, ինչպես նաև փաստահավաք առաքելություն տեղակայել ԼՂ-ում, Բերձորի միջանցքում՝ գնահատելու տեղի մարդասիրական իրավիճակը, ապահովել ՄԱԿ-ի գործակալությունների համար անխոչընդոտ հասանելիությունը ԼՂ մարդասիրական նպատակներով:

Հայաստանը կոչ է անում ԱԽ-ին կատարել միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման իր պարտականությունը, ձեռնարկել պատշաճ միջոցառումներ և միանշանակ դատապարտել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները, որոնք գոյութենական սպառնալիք են առաջացնում ԼՂ ժողովրդի համար, նրանց ազատ ու արժանապատիվ ապրելու իրավունքի համար՝ առանց արտաքին բռնաճնշման վախի»,-եզրափակեց Հայաստանի ներկայացուցիչը:

Ամենից շատ դիտված

19:33 «Դոկտոր Ավոյան»-ում բուժառուի ատամնաշարը սխալ են բուժել և լնդերը վնասել են
22:00 8 անշարժ գույք, մեքենա, 10 մլն-անոց գնում, խոշոր նվիրատվություններ, 60․9 մլն եկամուտ․ «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի ունեցվածքը
23:46 Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է, այն արդեն ճաքել է․ Մեսրոպ Առաքելյան
19:21 44-օրյայի հերոսի հայրը՝ Գարիկ Գալեյանը, այժմ ապօրինի անազատության մեջ է
19:00 ՔՊ-ական պատգամավորը մանիպուլացնում է․ ինչ է պատասխանել Քոչարյանը Էրդողանին
19:17 «Յան տվեք ինձնից»․ Սամվել Ալեքսանյանը՝ լրագրողին
08:30 Ինչ է սպասվում հազարավոր դիմորդներին․ ԿԳՄՍՆ-ի խայտառակությունը․ Հրապարակ
22:51 Անփող ուզում չենք, գոնե քիչ էժան պարարտանյութ, սերմացու ու վառելիք տան. օձունցի հողագործ
22:30 Ասել են` կիսվեք, չեն կիսվել, խլում են. հարցում` սուրճի կետերի փակման մասին
08:01 Շուրջ 50 հազար ԱՄՆ դոլար արժեցած «դարի հաղթանակը»` պատուհաս Կառավարության համար. Ժողովուրդ

Ձեզ գուցե հետաքրքրի