Երևան +19°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 14:05 19-12-2022

Պետք է պահանջատեր լինենք, որ Հայաստանն իր ձեռքերը չլվանա Արցախից․ ուսանողները երթով շարժվել են դեպի Կառավարության շենք

Ինչպես արդեն հայտնել ենք, ուսանողներն այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Երևանի պետական համալսարանի շենքի մոտ բողոքի ակցիա են կազմակերպել, որտեղից երթով շարժվել են Կառավարության շենք: Նրանք պահանջում են քայլեր ձեռնարկել Արցախը Հայաստանին կապող ճանապարհը բացելու ուղղությամբ:

Ակցիայի մասնակիցներից ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողուհի Աննա Դարբինյանն ասաց, որ ցույցերը շարունակում են նույն տեմպով, պարզապես երթուղին է փոխվել․ «Մինչ այս հնարավոր բոլոր միջազգային կազմակերպություններին ներկայացրել ենք պահանջագրեր, հասունացել է այն պահը, որ պետք է գործադիր մարմնին պահանջագիր ներկայացնենք։ Պահանջագրի կետերն ամրագրված են իրավական հենքով՝ ելնելով այն հանգամանքից, որ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի ստորագրող կողմերից մեկն էլ ՀՀ-ն է և հանդիսանում է Արցախի ու Հայաստանի ժողովուրդների երաշխավորը։ Պետք է պահանջատեր լինենք, որ Հայաստանն իր ձեռքերը չլվանա Արցախից և ինքն էլ պահանջագիր ներկայացնի ՄԱԿ-ի ԱԽ-ին և ՌԴ-ին»։

Արցախցի ուսանողուհի Մարիամ Հայրյանը նշեց, որ արդեն 8 օր է, ինչ Արցախը շրջափակման մեջ է․ «Իմ ընտանիքը, իմ հարազատները շրջափակման մեջ են արդեն 8 օր է ու գնալով իրավիճակն ավելի է բարդանալու, քանի որ կարիքները գնալով ավելանում են։ Պետք է ամեն կերպ օգնենք մեր արցախահայությանը՝ 120 հազար մարդու, որովհետև իրենք իրոք մեր կարիքն ունեն: Հայաստանը պետք է լինի Արցախի կողքին,ես շատ ուրախ եմ, որ ուսանողությունը միանում է մեր պայքարին, որ փորձենք օգնել Արցախ աշխարհին: Ես ծնվել, մեծացել եմ Արցախում, իմ ընտանիքը, բոլոր հարազատները Արցախում են, իրենք մեզ փոխանցում են, որ ավելի ակտիվ լինենք: Ես էլ իրենց անունից փոխանցում եմ, որ բոլորիս ներկայությունն այս ցույցերին շատ կարևոր է: Կանգնենք Արցախի կողքին և իմանանք, որ 1-2 ժամ այս ցրտին մասնակցությունն իր արդյունքը հաստատ կտա։ Հուսանք ճանապարհը մինչև Ամանոր կբացվի և ես Նոր տարին կտոնեմ իմ տանը»,-ասաց նա:

Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողուհի Անաստասիա Կիրակոսյանն էլ նշեց, որ ուսանողների մեջ բազմաթիվ արցախցիներ կան, եկել են այստեղ սովորելու, սակայն նրանց հարազատները շրջափակման մեջ են․ «Եվ միանշանակ նրանք հանդարտ և համակերպվելով այս ամենին դասի չէին նստելու։ Մենք նրանց ենք աջակցում հիմա։ Կարևորում ենք մեր ձայնը, կառավարության շենքում իրենց պահանջն են ներկայացնեու կառավարությանը, քանի որ պետության ներսում ցանկացած իրադարձության թիվ մեկ պատասխանատուն կառավարությունն է։ Պահանջելու ենք, որ թեկուզ հայտարարությամբ կամ ինչ-որ նախաձեռնությամբ կարողանան աջակցել մեր հայրենակիցներին»: