Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի մահը ցնցեց և խորապես վշտացրեց ռուս և թուրք ժողովուրդներին։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը, Չավուշօղլուն Կառլովի սպանության վեցերորդ տարելիցի կապակցությամբ ասել է, որ երկու երկրների ղեկավարների խորաթափանցությունը և գերատեսչությունների համակարգված աշխատանքը հնարավորություն են տվել տապալել հանցավոր ծրագրերը և չեզոքացնել ծուղակը։
«Այս ողբերգությունից անցել է 6 տարի։ Այժմ հայտնի է, որ այս հարձակումը նպատակ ուներ խաթարել թուրք-ռուսական բարեկամությունը»,- ասել է նախարարը։
Չավուշօղլուն հիշեցրել է, որ ռուս դիվանագետը շահել է թուրք ժողովրդի սերը՝ որպես փորձառու դիվանագետ, ով իր աշխատանքով նպաստել է թուրք-ռուսական հարաբերությունների զարգացմանը։ Նրա խոսքով՝ թուրք-ռուսական բարեկամության ամրապնդման գործում Կառլովի ձեռքբերումները հավերժ կմնան սերունդների հիշողության մեջ։
Թուրքիայի արտգործնախարարը նշել է, որ Ռուսաստանի դեսպանի դեմ հարձակման հեղինակները դատարանում կանգնեցվել են արդարադատության առջև և դատապարտվել արդար պատժի։ Նա ասել է, որ դեսպանի ողբերգական մահը ցնցել և խորապես վշտացրել է թուրք ժողովրդին, ինչպես ռուս ժողովրդին։
«Որպես երկիր, որի դիվանագետներն ու դեսպանները ոչ վաղ անցյալում ահաբեկչության զոհ են դարձել, Թուրքիան նման կորստի ցավը ավելին գիտի, քան ցանկացած այլ երկիր»,- նշել է նա։
Չավուշօղլուն հիշեցրել է, որ իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում դիմավորել է Կառլովի դիակով դագաղը և դեպքից անմիջապես հետո իր ցավակցությունն է հայտնել մահացած դեսպանի ընտանիքին։ «Կառլովի գլխավոր նպատակներից մեկը դեսպանի պաշտոնում գտնվելու ընթացքում թուրք-ռուսական հարաբերությունների համակողմանի զարգացումն էր։ Այսօր մենք շարունակում ենք ամրապնդել մեր երկկողմ համագործակցությունն ու երկխոսությունը»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը։
Վերջինս հայտնել է, որ ներկայումս Ռուսաստանի և Թուրքիայի միջև համագործակցությունը զարգանում է տարբեր ոլորտներում՝ առևտրից և զբոսաշրջությունից մինչև էներգետիկ և ներդրումներ։ «Մենք շարունակելու ենք մեծացնել մեր ջանքերն այս ուղղությամբ՝ կենտրոնանալով երկու երկրների ժողովուրդների ցանկության և մեր ընդհանուր շահերի վրա։ Այս տխուր օրվա կապակցությամբ իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում վշտացած ընտանիքին, դեսպանի հարազատներին և ողջ ռուս ժողովրդին։ Մենք հարգում ենք դեսպան Կառլովի հիշատակը։ Թող նա խաղաղությամբ հանգչի»,- հավելել է նա։
Հիշեցնենք, որ Անկարայում Ռուսաստանի նախկին արտակարգ և լիազոր դեսպանը սպանվել է 2016 թվականի դեկտեմբերի 19-ին՝ Անկարայի ժամանակակից արվեստի թանգարանում ելույթ ունենալու ընթացքում։ Նրա վրա կրակել էր նախկին թուրք ոստիկան Մևլութ Ալթընթաշը, որը տեղում սպանվեց թուրք ոստիկանների կողմից։ Ցուցահանդեսը կոչվում էր «Ռուսաստանը թուրքերի աչքերով», իսկ կրակոցներից հետո մարդասպանը մի քանի անգամ բղավել էր «Ալլահ Աքբար», «Մի՛ մոռացեք Սիրիան», «Մի՛ մոռացեք Հալեպը»։