Երևան +12°
copy image url
Մշակույթ 1 տարի առաջ - 23:00 18-12-2022

Էդիթ Պիաֆ. ֆրանսիական շանսոնի փոքրիկ ճնճղուկը

1915 թվականի դեկտեմբերի 19-ին Փարիզում ծնվել է ֆրանսիացի երգչուհի, երգերի հեղինակ, դերասանուհի Էդիթ Պիաֆը` ֆրանսիական շանսոնի փոքրիկ ճնճղուկը։ Նա իր ողջ կյանքում երգեց սերը, ապրեց հանուն սիրո ու ամենաշատը տառապեց հենց սիրուց։



Փողոցում ծնվածը

Էդիտ Պիաֆը բազմիցս է պատմել, որ ինքը ծնվել է փողոցում, որ մայրն իրեն ծննդաբերել է դրսում, տան աստիճաններին նստած` շտապ օգնությանը սպասելիս։ Երգչուհին ինքն իրեն միշտ ընկալել ու ներկայացրել է որպես «փողոցի երեխա», ով դաստիարակվել է փողոցում ու իր տաղանդն առաջին անգամ դրսևորել է հենց այնտեղ։



Ծնողներն իրենց երեխային կոչել են Էդիթ` ի պատիվ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայտնի դարձած բրիտանացի բուժքույր Էդիթ Կավելլիյի։ Բուժքրոջը մահապատժի էին ենթարկել Պիաֆի ծնվելուց երկու ամիս առաջ` ֆրանսիացի զինվորներին գերությունից փախչել օգնելու համար։ Իսկ «պիաֆ» խոսակցական ֆրանսերենում նշանակում է «փոքրիկ ճնճղուկ»։



Էդիթը «Պիաֆ» մականունը ստացավ ծնվելուց 20 տարի անց։ Փխրուն կազմվածքի և փոքրիկ` մեկուկես մետրից էլ պակաս հասակի պատճառով կաբարեի տերը երգչուհուն անվանեց «ճնճղուկ», որը դարձավ ազգանուն նրա ողջ կյանքի ընթացքում:

Կուրությունն ու հասարակաց տունը

Էդիթի ծնվելուց հետո հայրը պատերազմ մեկնեց, իսկ մայրը նորածին երեխային հանձնեց անտարբեր ու անսիրտ տատի խնամքին։ Խմիչքի սիրահար տատիկը երեխային հանգստացնելու համար պարբերաբար գինի էր լցնում նրա կաթի շշի մեջ։ Նրանք ապրում էին ծայրահեղ աղքատության մեջ` հակասանիտարական պայմաններում։ Հետևանքը եղավ երեխայի կուրությունը։ Մի քանի տարի Էդիթը ոչինչ չէր տեսնում, և դրա մասին ոչ ոք չգիտեր։

Հայրը, վերադառնալով պատերազմից ու տեսնելով աղջկա սարսափելի վիճակը, նրան հանձնեց ի՛ր մոր` մյուս տատի խնամքին։ Իսկ երկրորդ տատիկը հասարակաց տան տիրուհի էր։ Նա շատ էր սիրում թոռնուհուն և հոգատարությամբ էր շրջապատել նրան։

Ըստ Պիաֆի կենսագիրների` մարմնավաճառները գումար են հավաքել, որպեսզի տատը թոռանը ուխտագնացության տանի Սուրբ Թերեզայի գերեզմանին։ Այստեղ աղջկա տեսողությունը հանկարծակի վերականգնվել է` ջերմեռանդ աղոթքներից հետո։ «Սա իսկական հրաշք էր», - հիշում է երգչուհին։

Նա վերջապես տեսավ լույսը, սակայն խավարում ապրած տարիներն իրենց հետքը թողել էին Էդիթի հոգեկան աշխարհի վրա։ Մթության վախը նրա հետ մնաց մինչև իր կյանքի ավարտը։

Տեսողությունը վերականգնվելուց հետո Էդիթը, միևնույնն է, չկարողացավ դպրոց գնալ, քանի որ ոչ ոք չէր ցանկանում նույն դասարանում լինել մի աղջկա հետ, որն ապրում էր հասարակաց տանը` մարմնավաճառների հետ։ Պիաֆն իր ողջ կյանքում այդպես էլ չսովորեց անսխալ գրել։

Փողոցային բեմում

14 տարեկանում Էդիթը հոր հետ շրջելով ողջ Ֆրանսիայում` մասնակցել է ակրոբատական փողոցային ներկայացումներին։ Հենց այդ ժամանակ էլ առաջին անգամ նա երգեց հանրության առաջ ու երգը դարձավ անբաժան նրա կյանքից։ Նա իր ողջ կյանքի ընթացքում միայն մի շատ կարճ պահ դադարեց երգել։ Դա 1932-ին էր, երբ հանդիպեց իր առաջին ամուսնուն և 17 տարեկանում լույս աշխարհ բերեց իր դստերը` Մարսելին։

Ամուսնությունը քաղաքացիական էր և երկար չտևեց։ Պիաֆն էլ` իր մոր նման, չուզեց զբաղվել իր երեխայով։ Նա չուներ մայրական բնազդներ, ծնողական գիտելիքներ և հմուտ չէր տնային գործերում։ Էդիթը հեռացավ ամուսնուց, քանի որ չկարողացավ հանուն ընտանեկան կյանքի հրաժարվել երգելուց։ Ամուսինը երեխային վերցրեց մորից՝ հույս ունենալով, որ նա կվերադառնա հանուն փոքրիկի։ Մայրը, սակայն, չվերադարձավ, իսկ դուստրը հիվանդացավ մենինգիտով և մահացավ 2 տարեկանում։ Էդիթը այլևս երբեք երեխա չունեցավ։



Հաջողություն, փառք, բազմաթիվ սերեր և թմրամիջոցներ



Էդիթի փողոցային համերգները տեղափոխվեցին նախ կաբարեներ ու գիշերային ակումբներ, ապա նաև` մեծ համերգասրահներ ու բեմեր։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Էդիթ Պիաֆը ոչ միայն Ֆրանսիայի երգի ամենահայտնի աստղն էր, այլ նաև ճանաչված ու սիրված էր ողջ աշխարհում։ Նա համերգներով գրավել էր Եվրոպան, Միացյալ Նահանգներն ու Հարավային Ամերիկան, նկարահանվում էր ֆիլմերում, ուներ երկրպագուների մեծ բանակ։



Նրա կյանքում կային բազմաթիվ սիրահարված տղամարդիկ, որոնցից երկուսի հետ հասցրեց ամուսնանալ։ Ավիավթարից մահացավ Էդիթի կյանքի ամենամեծ սերը։ Այս ողբերգությունը դեռ չմարսած, նա Շառլ Ազնավուրի հետ ավտովթարի ենթարկվեց։ Երգչուհին ծանր վնասվածքներ ստացավ՝ կոտրվել էին ձեռքը և երկու կողերը։

Տանջող ցավերից ազատվելու համար Պիաֆը սկսեց մորֆի օգտագործել։ Ալկոհոլից կախվածությունը տատիկի թեթև ձեռքով առաջացել էր ավելի վաղ տարիքում. և սրան գումարվեց թմրանյութերի ակտիվ կիրառումը։ Պիաֆին չփրկեցին վերականգնողական կենտրոնները։ Ալկոհոլի ու թմրանյութերի չարաշահումը հասցրեց լյարդի ու ստամոքսի քայքայման։ Էդիթ Պիաֆը մահացավ 1963 թվականին` 47 տարեկանում։



Պիաֆի վերջին խոսքերն էին․ «Յուրաքանչյուր հիմար արարքի համար, որ գործում ես այս կյանքում, ստիպված ես լինում վաղ թե ուշ վճարել»։

Նաիրա Եղիազարյան