copy image url
Արտաքին Ներքին 1 տարի առաջ - 14:37 16-12-2022

ԱՄՆ կոնգրեսականները կոչ են անում դադարեցնել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրվող ռազական օգնությունը

ԱՄՆ մի շարք կոնգրեսականներ ու Սենատի պատգամավորներ դատապարտել են Արցախի Հանրապետության տարածքում գտնվող Բերձորի միջանցքն ադրբեջանցիների կողմից փակելու գործողությունները։ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի սենատոր Բոբ Մենենդեսը թվիթերյան իր էջում տարածել է Euroasianet-ի հրապարակումը՝ դեմոկրատական երկրներին կոչ անելով անհապաղ դատապարտել Ալիևի վարչակազմի գործողությունները։ «Ալիևի ձմեռային զենքը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ դուրս է եկել ավտորիտար խաղագրքից. աշխարհի դեմոկրատական երկրները պետք է անհապաղ դատապարտեն Ալիևի և նրա վստահված անձանց կողմից գազի հարկադիր կրճատումները և շրջափակումը։ Լեռնային Ղարաբաղում տեղաշարժի ազատությունը պետք է վերականգնվի»,- գրել է սենատորը։

Ադրբեջանի վրա հրապարակային ճնշում գործադրելու կոչով է հանդես եկել նաև ԱՄՆ սենատոր Ջեք Ռիդը։ «Դադարեցնելով շարժը Լաչինի միջանցքով և, ըստ տեղեկությունների, կտրելով բնական գազատարը, Ադրբեջանը անընդունելի և անհիմն մարդասիրական ռիսկեր է ստեղծում Արցախի ժողովրդի համար։ ԱՄՆ-ը պետք է շարունակի ճնշում գործադրել, որպեսզի մուտքը վերականգնվի և բանակցությունները վերսկսվեն»,- գրել էր ԱՄՆ պաշտոնյան։

«Ադրբեջանի թշնամական գործողությունները Լեռնային Ղարաբաղում ողբալի են»,- հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցի կոմիտեի փոխնախագահ Ֆրենկ Փալոնեն։ Կոնգրեսականի գրառման մեջ նաև ասված է, որ Արցախի ժողովրդին Հայաստանին կապող միակ ճանապարհի ադրբեջանական կողմից խցանումը հսկայական վտանգ է ներկայացնում տեղի խոցելի բնակչության համար։

Հրապարակման մեջ նա նաև տարածել էր նաև ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի հանձնախմբի համանախագահների հայտարարությունը։

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆ-ի բնորոշմամբ, Ադրբեջանը հատկապես ձմռանը միտումնավոր է փակում Արցախի սննդամթերքի, բժշկական պարագաների և ջերմության միակ կապ հանդիսացող ուղին։ «Սա հումանիտար ճգնաժամ է, որը Ալիևի կողմից հայ ժողովրդի դեմ շարունակվող ահաբեկչության մի մասն է: ԱՄՆ-ը չի կարող ձեռքերը ծալած կանգնել»,- գրել է ԱՄՆ Կոնգրեսականը։

Արցախցի մեր հայրենակիցներին սպառնացող վտանգի մասին ահազանգել է նաև ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Կոստան։ «Ադրբեջանցիների՝ Արցախի ժողովրդին Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը փակելու մասին հաղորդումները վտանգ են ներկայացնում խոցելի բնակչության համար»,- ասված է գրառման մեջ։

Ադրբեջանի ագրեսիվ գործելաոճը խստագույնս դատապարտող գրառմամբ է հանդես եկել նաև ԱՄՆ կոնգրեսի անդամ Դինա Թիթուսը։ «Ես խստորեն դատապարտում եմ Ադրբեջանի շարունակական ագրեսիան հայ ժողովրդի դեմ և կոչ եմ անում դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները։ ԱՄՆ-ը հավատարիմ է մնում կարևոր հումանիտար օգնություն տրամադրելուն, և ես կոչ եմ անում Ադրբեջանին վերացնել բոլոր շրջափակումները՝ ապահովելու համար այդ փրկարար նյութերի առաքումը»,- գրել է կոնգրեսականը։

Ադրբեջանի բացահայտ ագրեսիվ գործողությունները դատապարտող գառում է արել նաև ԱՄՆ կոնգրեսական Գրեյս Մենգը։ Նա անհանգստություն է հայտնել հատկապես ձմռան ժամանակահատվածում դեպի Արցախի Հանրապետություն առաջին անհրաժեշտության պարագաների տեղափոխման միակ ուղին փակելու փաստի առթիվ։ «Դատապարտում եմ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները Լեռնային Ղարաբաղում՝ կտրելով սննդամթերքի, բժշկական պարագաների և այլ առաջին անհրաժեշտության ապրանքների մեծ մասի մատակարարման միակ ճանապարհը։ Գազի անջատման մասին հաղորդագրություններն ավելի անհանգստացնող են, քանի որ ձմեռը մոտենում է»,- գրել էր կոնգրեսականը։ Կոնգրեսականը հավելել էր, որ սա ադրբեջանական կողմի շարունակական ագրեսիվ քաղաքականության հերթական օրինակն է։ ԱՄՆ իշխանություններին կոչ էր արել գործուն քայլեր ձեռնարկելու՝ կողմերին բանակցային սեղան վերադարձնելու ուղղությամբ։

Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին արձագանքել է նաև ԱՄՆ Էներգետիկ հանձնախմբի անդամ, կոնգրեսական Թոնի Կա՛րդենասը։ «Ադրբեջանը հերթական անգամ ցուցաբերում է անխոհեմ ցանկություն՝ վտանգի ենթարկելու խաղաղ բնակիչների կյանքը՝ շրջափակելով Լաչինի միջանցքը և դադարեցնելով Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը առաջին անհրաժեշտության մատակարարումները»,- ասված է ԱՄՆ պաշտոնյայի գրառման մեջ։

Նա ԱՄՆ իշխանություններին կոչ է արել արձանագրել Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ շարունակական անմարդկայնությունն ու վտանգավոր գործողություններն անընդունելի են։

«Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդին Հայաստանին կապող միակ ճանապարհի փակումը սպառնում է հազարավոր մարդկանց կյանքին»,- թվիթերյան գրառման մեջ հայտարարել է կոնգրեսական Ջեն Շակովսկին։ Նա նաև հայտարարել է, որ Ադրբեջանը կրկին զինում է ենթակառուցվածքներն և ստեղծում է հումանիտար ճգնաժամ։ «Սա չի կարող այսպես շարունակվել։,- եզրափակել է ԱՄՆ Կոնգրեսի անդամը՝ տարածելով Արցախում տեղի ունեցող իրադարձությունների մասին Reuters-ի անդրադարձը։ «Ես խորապես մտահոգված եմ հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի շարունակական ագրեսիայի վերջին զարգացումներով,- գրել է ԱՄՆ Կոնգրեսի անդամ Սուսի Լին։ Կոնգրեսականի գնահատմամբ՝ Ադրբեջանի կողմից օրեր շարունակ իրականացվող շրջափակումները հրահրում են մարդասիրական ճգնաժամ ու վտանգում հայերի կյանքը:

«Մենք պետք է պատասխանատվության ենթարկենք Ադրբեջանին՝ դադարեցնելով անվտանգության ոլորտում ԱՄՆ-ի օգնությունը։,- հայտարարել է կոնգրեսականը։

Իսկ կոնգրեսական Յանգ Կիմն ուղիղ խոսքով դիմել է Ադրբեջանական իշխանություններին՝ կեչ անելով բացել Արցախը Հայաստանին կապող միջանցքն ու վերադառնալ անակցությունների դաշտ։ «Կոչ եմ անում Ադրբեջանին բացել միջանցքը դեպի Արցախ, թույլատրել մարդասիրական մուտքը և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ»,- գրել է կոնգրեսականը։

Ձեզ գուցե հետաքրքրի