Երևան +13°
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 16:30 14-12-2022

Ալիևը հայտնել է, թե երբ են մտադիր ավարտել «Զանգեզուրի միջանցքի» բացման աշխատանքները

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իրենք ակտիվորեն զբաղվում են այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի բացման աշխատանքներով։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությունը, Ալիևն այս մասին ասել է Թուրքմենսանում կայացած Թուրքիայի, Ադրբեջանի և Թուրքմենստանի ղեկավարների առաջին եռակողմ գագաթաժողովի ժամանակ։

Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանը «Զանգեզուրի միջանցք»-ի՝ իր տարածքով անցնող հատվածում ավարտել է երկաթուղային գծերի անցկացման աշխատանքների 40, իսկ ավտոմայրուղու կառուցման՝ 70 տոկոսը։ Նա նշել է, որ այս ուղղությամբ բոլոր աշխատանքները կավարտվեն 2024 թվականին, ինչի արդյունքում կստեղծվի նոր տրանսպորտային միջանցք։

«Բաքվի միջազգային ծովային առևտրային նավահանգիստն ունի տարեկան 15 միլիոն տոննա բեռի թողունակություն, և մենք նախատեսում ենք միջոցներ հատկացնել այդ ծավալը հասցնելու 25 միլիոն տոննայի։ Անցյալ տարի հիմք է դրվել Կասպից ծովի ափին գտնվող Ալյաթ ազատ տնտեսական գոտուն, որտեղ արդեն տեղավորվել են առաջին բնակիչները։ Մենք Թուրքիայի և Թուրքմենստանի ընկերություններին հրավիրում ենք օգտվել ստեղծված հնարավորություններից»,- ասել է Ալիևը։

Ադրբեջանի նախագահը հիշեցրել է, որ 2017 թվականին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հետ բացել են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին։ Նրա խոսքով՝ այս նախագծում լրացուցիչ կներդրվի ավելի քան 100 միլիոն դոլար, իսկ թողունակությունը՝ ներկայիս 1 մլն տոննայի փոխարեն կհասցվի 5 մլն տոննայի։

Ալիևը նաև նշել է, որ ներկյումս Ադրբեջանում գործում է 8 միջազգային օդանավակայան։ Նա հիշեցրել է, որ Թուրքիայի նախագահի հետ 2021 և 2022 թվականներին Արցախի օկուպացված Վարանդայի (Ֆիզուլի) և Կովսականի (Զանգելան) շրջաններում միջազգային օդանավակայաններ են բացել։

Վերջինս հավելել է, որ Ադրբեջանը 2024 թվականին նախատեսում է հերթական միջազգային օդանավակայանը բացել օկուպացված Բերձորի (Լաչին) շրջանում։