Ներքին Արտաքին 3 տարի առաջ - 12:04 14-12-2022

Ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքի փակումը համակարգված բնույթ է կրում. ԱՄՆ կոնգրեսականներ


Ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքի փակումը համակարգված բնույթ է կրում և նպատակ ունի փակել Արցախի միակ մատակարարման ուղին: Այս մասին հայտարարություն են տարածել ԱՄՆ կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնը, Գաս Բիլիրակիսը, Ջեքի Սփիերը, Դեյվիդ Վալադաոն և Ադամ Շիֆը:

«Մենք դատապարտում ենք Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից ձեռնարկված ագրեսիվ գործողությունները: Շատ մտահոգիչ է, որ ադրբեջանցիներին թույլ է տրվում ազատ կերպով բողոքի ակցիա անել միայն այն ժամանակ, երբ դա սպառնում է հայերի կյանքին:

Նրանց կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը համակարգված բնույթ է կրում և նպատակ ունի փակել տրանսպորտի տեղաշարժը, դեպի Արցախ սննդի, բժշկական պարագաների և այլ կենսական նշանակության ապրանքների մատակարարման միակ ուղին, ինչպես նաև սահմանափակել Արցախի ժողովրդի ազատ տեղաշարժը», - նշված է ԱՄՆ կոնգրեսականների հայտարարությունում:

Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահները նաև անդրադարձել են Ադրբեջանի կողմից Արցախի գազամատակարարման արգելափակմանը:

«Ըստ լրացուցիչ տեղեկությունների՝ Ադրբեջանը նաև փակել է տարածքի բնակիչների համար բնական գազի մատակարարման գլխավոր աղբյուրներից մեկը՝ ջերմաստիճանի անկման պայմաններում տասնյակ հազարավոր մարդկանց թողնելով առանց ջեռուցման, ինչպես արել էր այս տարվա մարտին: Ադրբեջանի կողմից այս կենսական նշանակության գծերի փակումը կամ փակման սպառնալիքը ևս մեկ անգամ նրանց ձեռքում զենք է դարձնում կարևոր ենթակառուցվածքները և հումանիտար ճգնաժամ ստեղծում Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի համար: Սրան նախորդել է ոտնձգությունների շարքը հայ ժողովրդի դեմ, որը քաջալերվում է Ալիևի վարչակարգի ճոռոմ հռետորաբանությամբ: Այդ ոտնձգությունները փաստագրված են»,- նշել են կոնգրեսականները:

Նրանք նաև ԱՄՆ-ին և նրա եվրոպական գործընկերներին կոչ են արել օգտագործել իրենց տրամադրության տակ եղած բոլոր դիվանագիտական գործիքները Ադրբեջանի կողմից ստեղծված այս ճգնաժամը դադարեցնելու համար: Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահները կոչ են արել նաև՝ Ալիևին բերել բանակցությունների սեղանի շուրջ Մինսկի խմբի և խաղաղության այլ բազմակողմ գործընթացների միջոցով և «ապահովել Արցախի ժողովրդի ներգրավվածությունն այդ քննարկումներում»:

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
13:32 Փաշինյանը պատարագի է մասնակցել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում