Երևան +10°
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 21:14 12-12-2022

ԵՄ-ն Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ է սահմանում՝ երկրորդ ցուցարարին մահապատժի դատապարտելու որոշումից հետո

Եվրամիությունը հավելյալ պատժամիջոցներ է սահմանում Իրանի դեմ ՝ կապված մարդու իրավունքների հարցում առկա լուրջ խախտումների հետ։ Այս մասին տեղեկացնում է Deutsche Welle լրատվական գործակալության ռուսական ծառայությունը՝ հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին։

Հաղորդվում է, որ որոշումն ընդունվել է միաձայն՝ Իրանում հինգ օրվա ընթացքում երկրորդ ցուցարարին մահապատժի ենթարկելու որոշումից հետո։

Ինչպես հաղորդում է իրանական «Միզան» գործակալությունը, Իրանի հյուսիս-արևելքում գտնվող Մաշհադ քաղաքում 23 օր առաջ բերման ենթարկված Մաջիդռեզա Ռախնավարդին հրապարակային մահապատժի են ենթարկելու՝ կախաղան հանելու միջոցով։ Իրանի իշխանությունները հայտնում են, որ Ռախնավարդը նոյեմբերին բողոքի ցույցերի ժամանակ դանակահարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի երկու անդամների: Իրանական դատարանը ցուցարարին մեղադրել է «Աստծո դեմ թշնամության» համար և դատապարտել մահապատժի։

ԵՄ-ի կողմից նոր սահմանված պատժամիջոցները ենթադրում են, որ 20 իրանցի ֆիզիկական անձանց և Եվրամիությունում մեկ կազմակերպության պոտենցիալ ակտիվները սառեցվելու են։ Բացի այդ ցուցակում հայտնված անձանց արգելվում է մուտք գործել համայնքի անդամ երկրներ։

Միևնույն ժամանակ նշվում է, որ ԵՄ արտաքին գործերի նախարարները նաև հավանություն են տվել Իրանի Իսլամական Հանրապետության դեմ լրացուցիչ պատժամիջոցներին՝ ուկրաինական պատերազմում Ռուսաստանի Դաշնությանը աջակցելու համար։

«Եվրամիությունը կոչ է անում Իրանի իշխանություններին անհապաղ դադարեցնել ցուցարարների նկատմամբ մահապատիժ նշանակելու և իրագործելու խստորեն դատապարտված պրակտիկան, ինչպես նաև անհապաղ չեղարկել մահապատժի վերջին դատավճիռները, որոնք արդեն կայացվել են շարունակվող բողոքի ակցիաների համատեքստում, և բոլոր ձերբակալվածների համար ապահովել պատշաճ ընթացակարգ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հայտարարության համաձայն՝ ԵՄ-ն խստորեն դատապարել և անընդունելի է համարել նաև Իրանի կողմից Ռուսաստանին ցուցաբերված ցանկացած տեսակի ռազմական աջակցություն, ներառյալ անօդաչու թռչող սարքերի մատակարարումը։

Իրավապաշտպանների տվյալներով՝ սեպտեմբերի կեսերից սկսած բողոքի ցույցերի ընթացքում սպանվել է առնվազն 470 ցուցարար, ավելի քան 18 հազարը ձերբակալվել է։

Իրանում զանգվածային ակցիաների առաջին մասնակցի մահապատժի մասին հայտնի է դարձել դեկտեմբերի 8-ին։ Խոսքը 23-ամյա ռեփեր Մոհսեն Շեքարիի մասին է, ում Իսլամական հեղափոխության դատարանը մեղավոր է ճանաչել նաև «Աստծո դեմ թշնամության» համար։

Ըստ քննիչների՝ նա սեպտեմբերի 25-ին մասնակցել է Թեհրանի Սաթար Խան թաղամասի զբոսայգին փակելու գործողությանը և դանակահարել Բասիջի անդամին։ Ակտիվիստը նշել է, որ դատապարտվել է «ցուցադրական դատավարությունից հետո, որը ընթացել է առանց որևէ պատշաճ ընթացակարգի»:

Իրանում զանգվածային ցույցերը սկսվել են սեպտեմբերին՝ 22-ամյա Մահսա Ամինիի մահից հետո, ով ձերբակալվել էր սխալ հիջաբ կրելու համար։ Բողոքի ցույցերն ամենամեծն էին 1979 թվականի հեղափոխությունից ի վեր: Իրանական կողմի տվյալներով՝ երկրում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով անվտանգության 61 աշխատակից է մահացել։

Ընդհանուր առմամբ, Իրանի դատական ​​համակարգը ցույցերի հետ կապված մինչ այժմ մահապատժի է դատապարտել առնվազն 25 մարդու։