Սյունիքում ավելի քան 6 օր տևած մառախուղից հետո եղանակը պարզվել է․ Տաթևի համայնքապետ
copy image url

Սյունիքում ավելի քան 6 օր տևած մառախուղից հետո եղանակը պարզվել է․ Տաթևի համայնքապետ

Ներքին 2 տարի առաջ - 23:00 11-12-2022
Սյունիքի տարբեր ճանապարհահատվածներում մի քանի օր շարունակ պահպանվող մերկասառույցն ու մառախուղը եղել է Գորիսից Տաթև տանող ճանապարհահատվածի սկզբներից ու հասել մինչև եկեղեցու տարածք։

Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Տաթևի համայնքապես Սամվել Լալայանը։ «Այդտեղից մառախուղը սկսում էր ու հասնում մինչև Տաթև։ Այդ վիճակը պահպանվել է համարյա 5-6 օր շարունակ, եթե չեմ սխալվում։ Գուցե ավելի շատ»,- ասաց նա։

Սամվել Լալայանի խոսքով՝ այդ օրերին, բարեբախտաբար պատահարներ չեն գրանցվել։ «Առանձնակի այդպիսի խնդիրներ չենք ունեցել։ Ճիշտ է, ունեցել ենք, որ փակվել է, չի ստացվել երթևեկել, տեխնիկաները չեն շարժվել, բայց փառք Աստծո, դժբախտ պատահարեր չեն եղել։ Մեր ճանապարհաշինարարները նորմալ աշխատել են, շեբենապատումն արել են։ Ուղղակի միակ խնդիրն եղել է Տաթև տանող ճանապարհի վնասված հատվածում, որն այժմ վերանորոգվում է։ Այնտեղ գրունտավոյ ճանապարհ է։ Ցեխի պատճառով ներքևից կցորդիչով մեքենաները մի քիչ դժվարացել են բարձրանալ»,- ասաց նա։

Այս պահին, սակայն, ըստ Սամվել Լալայանի, Տաթևի ճանապարհի իրավիճակն արդեն իսկ վերահսկողության տակ է։ «Հիմա այդ հատվածում տեխնիկա է աշխատում։ Հենց հիմա արդեն ասֆալտապատում է ընթանում այնտեղ։ Կարգավորում են ու այդ ճանապարհը բացվում է։ Ուղղակի էնտեղ մի քիչ տաքություն է պետք, որ ասֆալտը փռեն որ ճանապարհն անցանելի դառնա»,- ասաց նա։

Լալայանն անդրադարձավ հարցին, թե որքանով է արդարացված Սյունիքում առկա եղանակային վատ պայմաններում ասֆալտապատման աշխատանքները և ինչու այդ ճանապարհն ավելի վաղ՝ մինչև եղանակների վատթարանալը չի վերականգնվել։ «Այդ գրունտի տարածքը պլանավորված է եղել փակվի, կարգավորվի, ուղղակի ձգձգվել է։ Պայմանավորված էր, որ պետք է գային ու սարքեին, բայց երևի մի քիչ ուշացել է։ Թե ինչու է ուշացել՝ չեմ կարող ասել, պատճառները չգիտեմ։ Այս պահին արդեն այդ հատվածը շեբենապատված է։

Այնտեղ ոչ թե պետք է կոնկրետ ասֆալտապատվի, այլ պարզապես փակում են այդ գրունտի շերտը, որպեսզի տեխնիկաներն ու մեքենաները կարողանան անցնել այդ հատվածով։ Թեթև ասֆալտապատում են, որ մինչև եղանակների կարգավորումը ճանապարհի ցեխը դուրս չգա։

Հետո արդեն այդ հատվածը եղանակների բարելավվելուն պես ամրապնդվելու է։ Որոշված է, որ հետագայում այդ ասֆալտապատման աշխատանքներն ավելի լուրջ ձևով կատարվեն»,- ասաց նա։

Նախօրեին, սակայն, Տաթևի համայնքապետի խոսքով, եղանակն արդեն իսկ պարզվել է։

Ճանապարհներն արդեն անցանելի են։