Երևան +13°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:40 06-12-2022

Որտե՞ղ է Միքայել Մելքումյանը․ ԲՀԿ նախկին պատգամավորն արձագանքել է ԱՄՆ արտագաղթելու մասին լուրին

Ես այս պահին տնտեսագիտական համալսարանում դասի եմ։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Միքայել Մելքումյանն՝ անդրադառնալով ավելի վաղ հրապարակված տեղեկությանը, որ նա նեղացել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից ու հեռացել է Հայաստանից ԱՄՆ։

«Ես ինքս «Բարգավաճ»-ի 10 հիմնադիրներից մեկն եմ՝ ստեղծման օրից։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության փոխնախագահ եմ։ Մնում եմ այդպիսին։ Քաղխորհրդի մեջ եմ, որևէ մեկից էլ չեմ նեղացել, շատ լավ ու գերազանց հարաբերություններ ունեմ իմ գործընկերների հետ։ Հիմա էլ գտնվում եմ Հայաստանում»,- ասաց նա։

Մելքումյանն Oragir.News-ին նաև հայտնեց, որ ԲՀԿ-ից հեռանալու որևէ ծրագիր չունի։ Ինչ վերաբերում է իր՝ ԱՄՆ մեկնելու մասին տեղեկությանը, իր խոսքով, այդ երկիր ուղևորությունն ընդամենը մի քանի օր է տևել։

«Ես որևէ անգամ չէի եղել Լոսի ափում։ Կնոջս մտերիմ բարեկամներն էնտեղ են, 12 օրով գնացել ու հետ եմ եկել։ Հիմա դա նշանակում է, որ ես արտագաղթե՞լ եմ»,- ասաց նա։

Մելքումյանն անդրադարձավ նաև հարցին, թե առաջիկայում հնարավո՞ր է՝ տեղեկություն ստանացվի, որ ինքը մշտապես տեղափոխվել է ԱՄՆ և այնտեղ բիզնես է հիմնել։

«Ոչ։ Ինչի՞ համար, որ ի՞նչ անեմ այնտեղ։ Հենց որ լինի անպայման կտեղեկացնեմ այդ մասին։ Ես այստեղ եմ ու այլ տեղ չեմ պատկերացնում, որ կարող եմ ապրել։ Իսկ այդ հնարավորությունները եղել են միշտ»,- ասաց նա։

ԲՀԿ նախկին պատգամավորն հերքեց լուրերը, թե «30 րոպե Միքայել Մելքումյանի հետ» հաղորդումը փակվել է՝ Արման Աբովյանի և Շաքե Իսայանի կողմից «իր տակը փորելու» հետևանքով։

«Ընդհանրապես այն հաղորդումները, որոնք ձևավորվել են՝ իմ մտահղացումն են եղել։ Իմ նախաձեռնությամբ մենք դիմել ենք մեր խմբակցության ղեկավարին, որ քանի որ պառլամենտում չենք՝ լավ կլինի քաղաքական կամ այլ ոճի հաղորդումներ վարենք։ Այդպես էլ եղել է։ Ես ուղղակի ծիծաղով եմ վերաբերվում այդ ամեն ինչին։ Շաքե Իսայանի հետ մենք համարյա մշտական կապի մեջ ենք։ Արման Աբովյանի հետ էլ, բայց առավելապես Շաքեի հետ։

Մեր նախկին պատգամավորներից՝ էնպիսի մեկը չկա, ում հետ կապի մեջ չլինեմ։ Չգիտեմ՝ ինչ աղբյուրներ են եղել, բայց դրանց լիակատար ծիծաղով եմ վերաբերվում»,- ասաց նա։

Տնտեսագետը հաղորդման փակվելու փաստը բացատրեց որպես իր խիստ զբաղվածության հետևանք։ «Մի տարի վարել ենք։ Հիմա տարբեր գործերով զբաղված եմ։ Էնպես չէ, որ այդ հաղորդավարությունն իմ հիմնական աշխատանքն է։ Ես հիմնական գործեր ունեմ։ Հաղորդումը դադարեցվել է դրանք անընդհատ բաց չթողնելու համար։ Հաղորդումն ամեն շաբաթ հեռարձակվում էր։ Իսկ բացի նկարահանման օրից այլ աշխատանք ևս պետք է արվի՝ մասնակիցներին հրավիրել, որոշ համաձայնեցումներ ու այլ աշխատանքներ, որոնք շաբաթական առնվազն 3 օր պահանջում են։ Այս փուլում ֆիզիկապես ուղղակի հնարավոր չէր անել։ Էդպիսի բան չկա, որ հաղորդման պատճառով նեղանում են։ Հաղորդումը հո ինչ-որ մեկը չի ասել՝ փակում կամ բացում ենք։ Դա բացվել է իմ նախաձեռնությամբ, ես եմ դիմել։ Երբ ինչ-որ մի պահի տեսանք, որ ես զբաղված եմ այլ, գիտամանկավարժական այլ գործերով՝ կամավոր ասել եմ, որ այս փուլում դադարեցնում ենք»,- ասաց նա։

Մելքումյանի խոսքով՝ այս շրջանում ինքը զբաղված է Տնտեսագիտական համալսարանում ամբիոնի վարիչի ու հետազոտական գործունեություններով։ «Տարբեր, այդ թվում միջազգային հետազոտական աշխատանքներով շատ ծանրաբեռնված եմ։ Օրինակ՝ վերջին 3-4 ամսում 3 անգամ բացակայել եմ հանրապետությունից։ Եթե ուզում եք իմանալ՝ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի շրջանակում մոդելային օրենք եմ մշակում՝ «լեռնահանքային գործունեության ազդեցությունը՝ հարակից համայնքների բնակչության առողջության վրա»։

Արդեն 2-րդ ընթերցում անցել է։ Մի ամիս առաջ էլ Սամարղանդում ԱՊՀ վեհաժողովի համապատասխան հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ միաձայն անցավ։ Հիմա գնացել է ԱՊՀ երկրների պառլամենտ, որ պետք է դիտողություններ անեն։ Բավականին տարբեր ծրագրերով զբաղված եմ։ Չէի կարող բացակայել, հաղորդումը 20 օր ընդմիջում տալ, հետո հետ գալ՝ ճիշտ չէ էդպես»,- ասաց նա։

Մելքումյանը հայտարարեց, որ առաջիկայում ժամանակ գտնելու դեպքում կմտածի հաղորդումը վերաթողարկելու մասին։ Ինչ վերաբերում է հաղորդման դիտելիության ցածր ցուցանիշների վերաբերյալ տեսակետին՝ նախկին պատգամավորն ասաց, որ դա իրականության հետ կապ չունի։

«Դուք կարող եք մտնել յութուբ, հավաքել «30 րոպե Միքայել Մելքումյանի հետ», ու տեսնել, որ 30 հազ․, 40 հազ․, 50 հազ․, 56 հազ․ դիտում կա։ Նույնիսկ ես հյուրերին կարող եմ ասել, թե ում հետ են այդ ցուցանիշները գրանցվել՝ Ռուբեն Վարդանյանի, Հրանտ Բագրատյանի, Արա Պապյանի, Նաիրի Հոխիկյան։ Նայեք, թե ինչքան դիտումներ կան։ Նույնիսկ վերջին հաղորդումը, որ հուլիս ամսին է եղել՝ մինչև 40 հազ․ դիտում է ունեցել։

Դիտման որևէ խնդիր ընդհանրապես չկա։ Ընդ որում, ավելին ասեմ, նույնիսկ, երբ հաղորդումը նախորդ տարվա հոկտեմբերին բացվել է՝ դեկտեմբերին արդեն իմ հաղորդումն այդ ձևաչափի հաղորդաշարերի թվում վարկանիշով 5-րդ տեղում էր»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Oragir.News-ին տեղեկություններ էին հասել, որ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Միքայել Մելքումյանը նեղացել է կուսակցությունից և հեռացել Հայաստանից: «30 րոպե Միքայել Մելքումյանի հետ» հաղորդումը փակվել է, իսկ տնտեսագետ պատգամավորը կնոջ հետ գնացել է ԱՄՆ, որտեղ փորձում է բիզնես նախագծեր իրականացնել: Մեզ հասած տեսանյութում երևում է, թե ինչպես է ԲՀԿ նախկին պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանը գնումներ կատարում Ամերիկյան առևտրի կենտրոններից մեկում։