Ուղիղ եթեր
copy image url
Մշակույթ 1 տարի առաջ - 23:07 02-12-2022

Տվեք մեզ Ղարսը, Արդահանը և Արևմտյան Հայաստանը` պատվանդանը մեծացնեմ...

1959 թվականի դեկտեմբերի 3-ին Երևանի կայարանամերձ հրապարակում բացվեց Երվանդ Քոչարի «Սասունցի Դավիթ» արձանը։ Սա քանդակի երկրորդ տարբերակն էր։

Առաջինը Քոչարը ստեղծել էր 1939 թվականին, երբ Երևանում պատրաստվում էին նշել «Սասնա ծռեր» էպոսի 1000-ամյա հոբելյանը։ Տոնակատարությունների նախօրեին որոշվում է կայարանամերձ հրապարակում կանգնեցնել էպոսի հերոսի քանդակը։

Երվանդ Քոչարի կինը` Մանիկ Մկրտչյանը, իր հուշերում պատմում է. «Կենտրոնական կոմիտեն հրավիրում է Արա Սարգսյանին և առաջարկում կերտել Սասունցի Դավթի արձանը։ Լսելով ժամկետի մասին` Արան հայտարարում է. «Անհրաժեշտ է առնվազն երեք տարի»։ Սուրեն Ստեփանյանն ու Այծեմնիկ Ուրարտուն էլ պահանջում են երկու տարվա ժամկետ, իսկ հոբելյանին մնում է երեք ամիս։ Հոբելյանական հանձնաժողովի անդամներից Հրաչյա Գրիգորյանը և Գևորգ Աբովը Գրիգոր Հարությունյանին խորհուրդ են տալիս հրավիրել Երվանդ Քոչարին... Հրաչյա Հարությունյանը գիշերվա ժամը 2-ին գնում է Քոչարին բերելու։ Քոչարը կարծում է, թե եկել են իրեն «տանելու»... բայց երբ պարզաբանում են` հայտարարում է. «Պետք է սափրվեմ»։ «Երվանդ ջան, Կենտկոմում հավաքված մեզ են սպասում, անհարամար է, գնանք», - ասում է Գրիգորյանը։ «Անհարմարը առանց սափրվելու ներկայանալն է», - պատասխանում է Քոչարը։

Ճարտարապետ Մարկ Գրիգորյանի նախագծով շտապ պատրաստվում է պատվանդանը։ Առասպելական թվացող ճշմարտություն է, բայց պատմական փաստ. արձանը պատրաստեց 18 օրում։ Ապշել էին, զարմացել, հիացել...»։



Արձանը տեղադրվել է կայարանամերձ հրապարակում և այնտեղ մնացել մոտ 2 տարի։ 1941 թվականին Քոչարին որպես «քաղաքականապես անհուսալի անձ» ձերբակալելուց մի քանի օր անց արձանը հանվել ու ոչնչացվել է։ Քանդակագործին առաջադրված մեղադրանքներից մեկն էլ այն էր, որ «մերկացրած սրով հեծյալը նայում է դեպի «բարեկամ» Թուրքիա...», դա հավասարազոր էր «ժողովրդի թշնամի» կոչվելուն։ Արձանը ոչնչացվեց, իսկ Քոչարին ազատ արձակեցին երկու տարի ու չորս ամիս բանտում պահելուց հետո։

1957 թվականին Երևանի քաղաղաքային սովետը որոշեց վերականգնել արձանը։ 34 հոգուց բաղկացած հատուկ հանձնաժողովը քննարկել ու անընդհատ հետևել է աշխատանքի ընթացքին։

Մանիկ Մկրտչյանը հիշում է.

«Արա Սարգսյանը թղթապանակը թևի տակ շրջում էր` այստեղ ու այնտեղ ջանալով ապացուցել, որ «Սասունցի Դավիթը» Միքելանջելոյի «Դավթի» կրկնօրինակն է, ինքնուրույն ոչինչ չկա, ազգային ոչինչ չունի, Սասունցի Դավթի թեման պատմական չէ` առասպելական էպոս է, ի՞նչ կարիք կա կանգնեցնելու նման արձան։

1957 թ. նոյեմբերից «Սասունցի Դավիթը» պատրաստ կանգնած էր շինհրապարակում... 1959 թ. ամառն էր` արձանի համար պատվանդան չկար... Օպերայի շենքի առջև մեկ տարուց ավելի դրված էին Թումանյանի և Սպենդիարյանի արձանների պատվանդանները, բայց արձանները չկային...»։



Ըստ Քոչարի տիկնոջ հուշերի` հետագայում, արձանի տեղադրումից վեց տարի անց, Քոչարի անհատական ցուցահանդես այցելած Կենտկոմի առաջին քարտուղար Յակով Զարոբյանը հարցրել է.
- Ընկեր Քոչար, ինչու՞ է «Դավթի» պատվանդանը փոքր։

Քոչարը պատասխանել է.

- Որովհետև Հայաստանը փոքր է իր տարածքով. տվեք մեզ Ղարսը, Արդահանը և Արևմտյան Հայաստանը` պատվանդանը մեծացնեմ...»։

Արձանի, պատվանդանի շուրջ խոսակցություններին ու քննադատություններին ավելացել է ևս մի թեմա. ի՞նչ դիրքով տեղադրել արձանը։

Մանիկ Մկրտչյանն այս մասին գրում է. «Եթե երեսը դեպի կայարան ուղղեն, էլի 30-ականների ողորմելի տեսության առջև են` Դավիթը Թուր Կեծակին քաշած գնում է դեպի Թուրքիա... որոշեցին երեսն ուղղել դեպի քաղաք, դեպի տրոլեյբուսի կանգառը, իսկ ձիու հսկայական պոչն ու գավակը` դեպի կայարան, դեպի գնացքից իջնողը, դեպի հյուրերը։

Երկու տարի անց երբ Անաստաս Միկոյանը, որն այն ժամանակ ԽՍՀՄ Գերագույն սովետի նախագահության նախագահն էր, եկավ Հայաստան, հանդիսավոր ժողովի ընդմիջման ժամանակ հանդիպելով Քոչարին` հարցրեց.

-Երվանդ ջան, ինչո՞ւ արձանի դեմքը դեպի կայարան չեք արել։

Քոչարը, նայելով կուչ եկած ղեկավարներին, ասաց.

-Անաստա՛ս ջան, հարցրու սրանց, սրանք են որոշել, ինձ հարցնողն ո՞վ էր»։



Բոլոր դժվարություններից, խոչընդոտներից, քննադատություններից ու չկամեցողներից անկախ, Երվանդ Քոչարի գլուխգործոցը` «Սասունցի Դավիթ» արձանը բացվեց 1959 թ. դեկտեմբերի 3-ին, կայարանամերձ հրապարակում։

Հրաշագեղ այս քանդակը կառուցված է կոփածո պղնձից ու բազալտից, չափսերը՝ 6,5 x 2,2 x 9,3 մետր։ Սա Երևանի ամենածանր հուշարձանն է. կշռում է 3,5 տոննա։ Հուշարձանի ճարտարապետը Միքայել Մազմանյանն է։

Նաիրա Եղիազարյան