Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:00 01-12-2022

Շփոթեցնող հուշաթերթիկներ Երևանի մուտքերում․ թաքնվեք 500մ շառավղով

Երևանի տարբեր շենքերի մուտքերում հայտնվել են հուշաթերթիկներ, որ կարծես պիտի ուղղորդեն քաղաքացիներին՝ ինչ անել արտակարգ իրավիճակներում․ թերթիկները, սակայն, առավել շփոթեցնում են։ Oragir.News-ը փորձեց Դավթաշեն վարչական շրջանից ճշտել, թե ինչ է նշանակում այդ թերթիկներում առկա ինֆորմացիան, և ինչ պիտի անեն բնակիչներն արտակարգ իրավիճակներում։

Դավթաշեն վարչական շրջանի գլխավոր մասնագետ Արմեն Ստեփանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հուշաթերթիկները կազմվել են օրենքով սահմանված կարգով։ «Պաշտպանության մասին օրենքում տրված է, որ այն շենքի բնակիչները, որ չունեն նկուղ, կարող են պատսպարվել 500 մետր դիամետրով տարածքի նկուղներից կամ անցումներից մեկում։ Սա այն հեռավորությունն է, որ մարդիկ կարող են վազելով անցնել մի քանի րոպեում։ Այսպես ասեմ, նման իրավիճակներում, մարդիկ իրենց տեղը գտնելու են, հաստատ գտնելու են։ Ով չի գտնի, իրենց շենքի առաջին հարկի ներքևի մասում կարող է թաքնվել․ դա հաստատ կարող է ծառայել՝ որպես ապաստարան»։

Ստեփանյանը նշեց, որ արտակարգ իրավիճակների դեպքում հնարավոր է՝ քաղաքացին լինի աշխատավայրում, ըստ այդմ՝ նրա համար կարող են պատսպարման վայր լինել Մետրոպոլիտենի անցումները, գետնանցումները, ստորգետնյա ավտոտնակները։ «Եթե Ձեր շենքը նկուղ չունի, կամ այն չի համապատասխանում ստանդարտներին, պատսպարվելու համար կարող եք օգտագործել ցանկացած խորշ»,- ասաց նա։

Հարցին, թե ինչ կարող է անել բնակիչը, եթե նմանօրինակ տարածքները՝ շենքերի առաջին հարկերը, նկուղները, դպրոցների գետնահարկերը հասանելի չլինեն՝ նկուղներում լինի կոյուղու արտահոսք կամ այդ շինությունների դռները բաց չլինեն՝ Ստեփանյանը պատասխանեց․ «Որոշ տեղերում կա կոյուղու խնդիր․ օրինակ, Դավթաշենում բոլոր նկուղները մաքրված են շինարարական աղբից, բայց «ստյաժկա» արված չի։ Ոչ մի համատիրության ուժերին ենթակա չէ դա»։ Նա նաև հաղորդեց, որ որոշ նկուղներ չեն կարող ունենալ ապաստարանի կարգավիճակ, քանի որ առաստաղները ցածր են, և այնտեղ մարդիկ շնչահեղձ կլինեն։

Ստեփանյանը նշեց, որ պատսպարանները ապաստարանները չեն․ պատսպարաններում հնարավոր չէ մնալ մի քանի ժամ, դրանք ռմբակոծման ակտիվ փուլում արագ պատսպարվելու համար են, իսկ ապաստարաններում կարելի է օրեր մնալ, քանի որ դրանք հարմարեցված են կենցաղ կազմակերպելու համար՝ ջուր պիտի ունենան, հոսանք, սանհանգույց։ «Աստված չանի, որ ռմբակոծում լինի, դա մի-հինգ րոպե է տևում։ Այդ հինգ րոպեն մարդիկ պիտի օգտվեն պատսպարանից։ Թե չէ, ոչ մի շենքի տակ էլ երկար մնալ չեն կարող։ Իսկ դրանից ավելինի համար պիտի գլոբալ կառույցներ պատրաստվեն»,- ասաց նա։

Այն հարցին, թե ինչպես իմանան շենքի բնակիչները, թե հինգ հարյուր մետր շառավղով կոնկրետ որտեղ, որ հասցեում կարող են պատսպարվել, Ստեփանյանը պատասխանեց․ «Ես կխնդրեմ, որ մարդիկ մոտենան իրենց համատիրությանը, իրենք կասեն՝ մոտերքում դպրոցներ-մանկապարտեզներ, ինչ կա, որոնց ներքևի հարկերը կարող են լինել պատսպարան։ Համատիրությունում կասեն՝ մոտակա 500 մետրի վրա ի՛նչ տարածքներ կան դրա համար»։

Հարցին, թե արդյոք ավելի ճիշտ չէր լինի, որ համատիրությունները կանխավ ճշտեին այդ ինֆորմացիան և մուտքերում փակցնեին իրական ինֆորմատիվ հուշաթերթիկներ՝ Ստեփանյանը պատասխանեց․ «Ինֆորմացիան բավական շատ է․ համատիրություններն այդքան ինֆորմացիա ո՞նց կարող են գրել։ Օրենքն ինչ որ պահանջում է, դա էլ գրում են․ օրենքն ասում է՝ եթե շենքը նկուղ չունի, մարդը մոտակա 500 մետր շառավղով ցանկացած տեղ կարող է պատսպարվել։ Հիմա այդ 500 մետրի վրա կարող է տասը տեղ լինել, հո բոլորը չե՞ն նշելու։ Մարդիկ պիտի իրենք մտածեն և գտնեն։ Բոլորը պիտի համատիրության հետ կապ ունենան, և այդ հարցը իրենց տան։ Դուք համատիրությանը վճարում եք սպասարկման վարձ, մտնելիս էլ միայն չեք վճարում, ասում եք՝ այսինչ խնդիրը կա, դա այսպես պիտի լուծվի, այս մեկը լավ չի։ Իսկ մարդիկ էլ կան, որ տարիներով վարձ չեն մուծել՝ իրենք էլ, ես գիտեմ, ապահովված մարդիկ են։ Էս մարդիկ իրենց անձի, ընտանիքի ապահովության համար պիտի այցելեն համատիրություն, և՛ գումար տան, և՛ հետաքրքրվեն, հարցնեն՝ մեզ ցույց տվեք, թե որտեղ կարող ենք պատսպարվել։ Բոլորը էդպես պիտի լինեն, անտարբեր պիտի չլինեն։ Իսկ ինֆորմացիան տալն էլ համատիրության գործն է»։

Մեր հարցին ի պատասխան՝ Ստեփանյանը տեղեկացրեց, որ Երևան քաղաքը ապաստարաններով ապահովված է միջինում շուրջ 60 տոկոսով՝ ընդգծելով սակայն, որ այդ տոկոսը համաչափ չէ․ «օրինակ, Դավթաշենն առավել ապահովված է, իսկ Արաբկիրում վիճակն առավել ծանր է»։

Նա նշեց, որ կա ծրագիր՝ Երևանում խաղահրապարակների տակ ունենալ ապաստարաններ, սակայն ծրագիրը դեռ նախնական փուլում է։ «Քննարկվում են իրականացման տարբերակներ, որ մարդիկ պատսպարման նորմալ, քաղաքակիրթ տեղ ունենան։ Կան տարբերակներ՝ դրանք կառուցել խրամատների ձևով, П-աձև փորվածքով։ Դա դեռ քննարկման փուլում է»։


Կարմեն Մարտիրոսյան

Ամենից շատ դիտված

00:10 Առեղծվածային դեպք՝ Նորատուսի գերեզմաններում. պայթյուն-փլուզում է տեղի ունեցել, կա զոհ. shamshyan.com
15:50 Իրավիճակը Ոսկեպարում և Կիրանցում․ ՈւՂԻՂ
19:55 Հանրապետության հրապարակից մեկնարկում է ջահերով երթը․ ՈւՂԻՂ
19:22 Լարված իրավիճակ՝ Տավուշում. քաղաքացիները փակում են Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը. ՈւՂԻՂ
17:30 Հայաստանը փորձում է ձերբազատվել «Զանգեզուրի միջանցք»-ից․ դա անհնար է․ Ալիև
19:41 Ձեզ զգուշացնում եմ, չեմ թողնելու, որ այստեղ ճանապարհ փակվի․ ոստիկանը՝ Բագրատ Սրբազանին
08:42 Հարյուրավոր ոստիկաններ ու ավտոբուսով բերվող «հատուկ» աջակիցներ․ Փաշինյանն այցելում է Ծիծեռնակաբերդ
16:15 Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է առաջին սահմանային սյունը
08:07 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․ Հրապարակ
00:00 Շուրջ 10 հոգի բերման է ենթարկվել․ գնդապետ Մախսուդյանը հիվանդանոցում է․ Բագրատ Սրբազան