copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:30 28-11-2022

Պղտոր ջրում ձուկ որսալու գռեհիկ արվեստը. զոհերի նկատմամբ հարգանքից եւ նրբանկատությունից Աննա Հակոբյանը ճիշտ կանի չխոսի

Վարչապետի տիկինը՝ Աննա Հակոբյանը, նախկին խմբագիր եւ լրագրող լինելով հանդերձ, դիտավորյալ կամ անփութորեն սեփական ֆեյսբուքյան էջում այնպիսի գրառումներ է անում, որոնք միայն ատելություն, թշնամանք են հրահրում՝ քննադատության եւ վիրավորանքներից զերծ չպահելով նաեւ տիկնոջը: Առհասարակ՝ հայոց պատմության մեջ առաջնորդների կանայք, իսկ ընտանիքում հայ կինը, խաղաղության աղավնիի դերում է եղել, ավել-պակաս չի խոսել, խնդիրներ չի ստեղծել ինքն իրենով, ընդհակառակը սուր անկյուններ է հարթել, միայն դրական էմոցիաներ եւ լույս փոխանցել:

Հիմա Հակոբյանի դեպքում հակառակն է, նա հրահրում է, սադրում, իր գրառումներով եւ լուսանկարներով քննադատության եւ քննարկումների առիթ դառնում, իսկ ամենակարեւորը՝ նմանատիպ բազում դեպքերից հետո անգամ դասեր չի քաղում:

Երեկ Փաշինյանի տիկինը մի այսպիսի գրառում է արել. «Արամ Խաչատրյան համերգասրահում հենց նոր վերջացավ «Զինվորի տան»-ը նվիրված բարեգործական համերգը։ Բեմում էին աշխարհահռչակ Վլադիմիր Սպիվակովը, Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, չքնաղ սոպրանո Աննա Ագլատովան։ Համերգի ավարտին զինհաշմանդամները Սպիվակովի հետ քոչարի պարեցին։ Բոլորը հուզվեցին, աչքերները (խմբ-աչք բառի հոգնակին աչքեր, ոչ թե աչքերներ) սրբեցին, երկար ծափեր հնչեցին։
Մի «աննշան» պահ, սակայն, այդպես էլ ոչ ոք չհիշատակեց։ Պատերազմի ժամանակ հաշմանդամություն ստացած տղաներին նվիրված համերգի ժամանակ ոչ ոք չհիշեց պատերազմի ժամանակ զոհված տղաներին։ Իսկ իմ կողքին, ինչպես արդեն ճանաչում եք, 44-օրյա պատերազմում անմահացած Խաչատուրի եւ Գոռի մայրիկներն էին՝ Նարինեն եւ Լիլյան։ Չգիտեի նրանց ինչ ասել։
Պետք էր բացատրել երեւի, որ մենք ունենք թեմաների խիստ սահմանազատում, իրար չենք խառնում. հաշմանդամություն ստացած զինվորների համար այլ արցունքներ ունենք, զոհվածների համար այլ։
Զոհվածներին, ինչպես արդեն առիթ եմ ունեցել ասելու, հիշում ենք բացառապես իրենց «թեմայի» շրջանակներում։ Դրանից դուրս՝ միայն այն ժամանակ, երբ սեղանին խորոված-քյաբաբն է, իսկ բաժակների մեջ՝ 50 գրամ օղին։ Ահա այդ ժամանակ հոտնկայս խմում ենք մեր հերոսների սուրբ կենացը, դա էլ հիմնականում այն բանի համար, որպեսզի մեզ հասանելիք մի փոր հացը առանց խղճի խայթի կուլ տանք»։

Նախ նշենք, որ համերգի ժամանակ թե հաղորդավարը, թե Սպիվակովը հիշել են զոհված տղաներին: Երկրորդ՝ նույնիսկ եթե որեւէ մեկի ուշադրությունից վրիպած լիներ եւ չհիշեին, միթե սա այն թեման է, որի վրա կարելի է դիվիդենտներ հավաքել, ձեռքերը տաքացնել, չէ՞ որ մարդիկ Ռուսաստանից եկել եւ բարեգործական համերգ են կազմակերպել, դա ինքնին եւ հարգանք է, եւ խոնարհում, եւ ուշադրություն: Երրորդ՝ ով, ով, բայց Աննա Հակոբյանը եւ իր ամուսինը զոհերի նկատմամբ հարգանքից, նրբանկատությունից, նրանց հիշելուց պետք է լռեն, այդ նրանք չէին խոսում +,--երով, անիմաստ զոհվելուց, նույնիսկ այս գրառման մեջ ինչ գռեհիկ համեմատություններ է օգտագործում՝ քյաբաբ-խորոված, 50 գրամ օղի եւ այլն:
Վստահաբար՝ զոհվածների հարազատների մոտ որեւէ հարց էլ չի առաջացել, իսկ եթե անգամ առաջացել է, Հակոբյանը պետք է միայն փորձեր բացատրել, հիմնավորել, ոչ թե հրապարակային դաշտում ջրբաժան ստեղծել, թշնամանք հրահրել վիրավորների եւ զոհվածների հարազատների միջեւ, չէ՞ որ երկուսն էլ եւ մենք բոլորս արդեն հարազատ ենք դարձել, նույն ցավի, նույն վշտի կրողն ենք, ամենեւին պետք չէ 24ժամ խոսել զոհերի մասին, երբ որդի, զավակ կորցրած հարեւանդ, հարազատդ աչքիդ առաջ է, իսկ նրան ընտանիքին օգնելը՝ ամենօրյա պարտականություն:
Այնպես որ տիկին Հակոբյանին թերեւս հուշենք, որ սա ընտրապայքար չէ. սա Ձեզ համար իշխանության եւ ընդդիմության, սեւ ու սպիտակի, նախկինի եւ ներկայի կռիվ չէ, մի շշկռվեք, Ձեր բացասական էմոցիաները, պղտոր ջրում ձուկ որսալու բուռն ցանկությունը ուրիշ ձեւ բավարարեք:

Ձեզ գուցե հետաքրքրի