Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 11:48 25-11-2022

Միասնական քննությունների առաջին փուլը երկրորդից տարբերվում է նրանով, որ 1500 դրամի փոխարեն դիմորդները վճարելու են 4500 դրամ. ԳԹԿ խոսնակ

Հայաստանում 2023 թվականից դիմորդները հնարավորություն կունենան միասնական քննություն հանձնել երկու անգամ՝ տվյալ տարվա հունվար և հունիս-հուլիս ամիսներին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Գնահատման թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը հայտնեց, որ հունվարին սպասվող միասնական քննությանը մասնակցությունը կլինի ոչ թե պարտադիր, այլ՝ ըստ ցանկության:

2023 թվականից միասնական քննությունների առաջին փուլը կանցկացվի հունվարին: Առաջին փուլում դիմումների հայտագրումը կիրականացվի 2022 թվականի դեկտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 25-ը, իսկ քննությունները կանցկացվեն հաջորդ տարվա հունվար-փետրվար ամիսներին (հունվարի 15-ից մինչև փետրվարի 15-ը):

Նա ընդգծեց, որ միասնական քննությունների հայտագրման և քննությունների անցկացման առաջին փուլում դիմորդները՝ ՀՀ հանրակրթական, նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտող և նախորդ տարիների շրջանավարտները, օտարերկրացիները, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ տարում ավարտող ՀՀ քաղաքացիները, հանձնում են առավելագույնը երկու միասնական քննություն:

«Միասնական քննություններ հանձնող 12-րդ դասարանի շրջանավարտը դիմում է իր դպրոցի տնօրենին, ստանում է անձնական համարը և հայտագրվում Գնահատման թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) կայքում: Իսկ բոլոր այն դիմորդները, ովքեր դպրոցում չեն սովորում, այսինքն՝ նախորդ տարիների շրջանավարտները արտերկրի դպրոցների շրջանավարտները, քոլեջների շրջանավարտները կարող են դիմել այդ նպատակի համար առանձնացված դպրոցների տնօրեններին և ստանալ իրենց հայտագրման անձնական համարը»,- ասաց խոսնակը:

Նա հավելեց, որ ցանկացողները կարող են հայտագրվել նաև ինքնուրույն, բայց անհրաժեշտության դեպքում հնարավորություն ունեն դիմել համապատասխան դպրոցների օպերատորների օգնությանը:

Անդրադառնալով միասնական քննությունների երկու փուլերի տարբերություններին՝ Խաչանուշ Գրիգորյանն ասաց, որ հունվարին իրականացվող առաջին փուլն ուսումնական տարվա վերջին իրականացվող միասնական քննությունից տարբերվում է նրանով, որ 1500 դրամի փոխարեն վճարելու են 4500 դրամ, քանի որ այն ԳԹԿ-ն իրականացնում է իր միջոցներով. կառավարությունը այս գործընթացը չի ֆինանսավորում:

Ինչպես նաև տարբերությունն այն է, որ հայտագրում են միայն առարկան, ոչ թե մասնագիտությունը, այսինքն՝ մրցույթ որպես այդպիսին տեղի չի ունենում: Դիմորդը կարող է տվյալ առարկայից մեկ անգամ հունվարին հանձնել քննություն, եթե կցանկանա, երկրորդ անգամ էլ կարող է հունիսին հանձնել: Դրանից հետո ամենաբարձր գնահատականը կմասնակցի որևէ մասնագիտության համար նախատեսված մրցույթին:

«Ի՞նչ է տալու այս նոր հնարավորությունը դիմորդին. նախ իրենք կծանոթանան քննության գործող կարգին, պատասխանի ձևաչափին, թեստ-գրքույկին, ձևաթուղթը լրացնելու ձևին, ինչպես նաև կարող են իրենց ժամանակը հաշվարկել: Օրինակ՝ կարող է լինել դիմորդ, ով երկու քննություն պետք է հանձնի, ու սա կարող է հնարավորություն տալ իրեն երկու քննություններից մեկը հանձնել հունվարին, ստանալ իրեն բավարարող գնահատական և կենտրոնանալ մյուս առարկայի վրա, որը կհանձնի հունիսին: Իսկ չբավարարելու դեպքում էլ կարող է երկրորդ անգամ հանձնել նույն առարկան և ստանալ բավարար գնահատական»,- պարզաբանեց ԳԹԿ մամուլի խոսնակը:

Նա հավելեց՝ իսկ այն դեպքում, երբ դիմորդը երկու քննություններից մեկում կստանա անբավարար, մրցույթին կմասնակցի նրա դրական գնահատականը: Հայտագրման ավարտից հետո, երբ հայտնի լինի քննություն հանձնողների թիվը, արդեն կսահմանվեն քննական օրերը:

Երկրորդ փուլի հայտերն ընդունվելու են 2023 թվականի ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը, իսկ քննությունները կանցկացվեն հունիսի 1-ից հուլիսի 10-ն ընկած ժամանակահատվածում:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել