Երևան +10°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:00 22-11-2022

Այս փաստերը կարող են օգտակար լինել թե՛ հոգևոր, թե՛ քաղաքական, թե՛ նյութական առումով․ պատմաբան


«Հայաստան․ Արարչագործությունից մինչև Երկրորդ Գալուստ» գիրքը դարձյալ հասանելի է ընթերցողին․ վերահրատարակվել է այս ինքնատիպ պատմագիտական աշխատության առաջին հատորը, որտեղ Հայաստանի պատմությունն է աշխարհի արարման օրերից, աշխարհի՝ երկրորդ կյանք առնելու օրերից․ ժամանակ, երբ աշխարհը Հայաստանում էր, Հայաստանը՝ դրախտավայր։

Oragir.News-ի հարցերին պատասխանեց գրքի հեղինակը՝ Աշոտ դպիր Արևշատյանը․ նա կարևորեց այս գրքում ներկայացված փաստերի և դիրքորոշումների տարածումն ամբողջ աշխարհում, քանի որ հիմա դրանք կարող են մեծապես օգտակար լինել մեր երկրին։

Արևշատյանը նշեց, որ հայոց աշխարհի որոշ առանձնաշնորհների՝ Արարատ լեռան վրայից նոր կյանքի տարածման, Նոյան տապանի մասին շատերը գիտեն, սակայն կան շատ ավելի հետաքրքիր ու խորհրդավոր փաստեր Հայաստանի մասին, որ լայն հանրության համար բացահայտված չեն։ «Մենք տեսանք, որ գիտական աշխարհում մատնացույց են անում Դրախտի վայրը Մեծ Հայքի կենտրոնական մասում՝ Կարինի մոտ, և այդ մասին խոսում են բազմաթիվ հայտնի գիտնականներ»,- պատմեց նա՝ ընդգծելով, որ ժամանակի ընթացքում արագորեն հավաքվող փաստերը ցույց են տալիս, որ այդ ամենը չէր կարող լինել պատահականության արդյունք։ «Դա Նախախնամության շնորհիվ էր։ Չկա որևէ տեղ երկրագնդի վրա, որտեղ այսքան շատ առանձնաշնորհներ լինեն։ Կարող է թվալ, թե շատերն ունեն առանձնաշնորհներ, սակայն համամարդկային բնույթ ունեցող այսպիսի երևույթներ, ինչպես Դրախտն ու Արարատ լեռն են՝ առաջին բնօրրան համայն մարդկության և նույնիսկ կենդանական աշխարհի, ունեցել է միայն Հայաստան աշխարհը։ Եվ այդ մասին վկայում են գիտնականներ, և բերում բազմաթիվ այլ հետարքքիր բացահայտումներ»,- ասաց Արևշատյանը։

Այդ ամենը, թերևս, առավել ծանրակշիռ է հնչում, երբ ոչ միայն հայազգի գիտնականներն են դրանց մասին խոսում, այլև՝ աշխարհի հայտնի գիտական կենտրոնների աշխատակիցներ դիտարկմանն արձագանքելով՝ Արևշատյանն ասաց, որ դա իրականում թերահավատների մոտ վստահություն ձևավորելու նպատակով է արվել․ «Հատկապես հոգևոր երևույթներին մեր չար, աթեիստական, գլոբալիստական ժամանակներում խեթ աչքով են նայում՝ կարծես մի օտար բանի։ Բայց երբ այդ մասին խոսում են բազմաթիվ հայտնի հնագետներ, պատմաբաններ, և իրենց մեջբերումներով հաստատում են այդ ամենը, բնականաբար, կասկածը սկսում է տեղի տալ, և ընդունում են, որ Սուրբ Գիրքը նաև պատմական գիրք է, պատմական ճշմարիտ հիմք է։

Հեղինակները, որոնց հղում ենք տալիս, ամենատարբեր ազգերի ներկայացուցիչներ են, գիտնականներ տարբեր ինստիտուտներից, իրենց ոլորտում հայտնի մասնագետներ։ Նրանք, իհարկե, առաջ չէին քաշի այնպիսի տեսություններ, որ վնասեին իրենց հեղինակությանը։ Նրանք շատ են, և երբ մենք համադրում ենք նրանց գիտական աշխատանքները, տեսնում ենք, որ պատահական մի տեսություն չէ, մի գիտնականի կարծիքը չէ։ Մեր բերած փաստերի օգտին են վկայում տարբեր ոլորտների կայացած գիտնականներ, իսկ դա նշանակում է, որ լիարժեք հիմնավոր փաստեր են։ Այո, այս գիրքը լի է հղումներով, որ տարբեր ոլորտների ներկայացուցիչներ հասկանան, որ սա ինչ-որ մեկի կարծիքը չէ, այլ՝ գիտական աշխատություն է։ Անգլիայի, Ռուսաստանի, Հունաստանի և այլ բազմաթիվ երկրների գիտնականներից մեջբերումները շատերին են ստիպել ավելի լուրջ նայել այն փաստերին, որ ներկայացվում են, և որոնց նկատմամբ իրենք նախկինում քամահրանքով էին վերաբերում։ Այնպես որ արտերկրի հայտնի գիտնականներին տրված հղումներն առավել հիմնավոր են դարձնում մեր խոսքը, իսկ մենք ներկայացնում ենք մեկ մեծ աշխատություն, որ պատմում է՝ որքան շատ յուրահատուկ առանձնաշնորհներ են մեկտեղված են մեկ վայրում՝ մեր հայրենիքում․ աշխարհում որևէ այլ տեղ հնարավոր չէ տեսնել այսպիսի պատկեր»։

Այս պատմագիտական աշխատությունը աշխարհի՝ բոլորովին նոր պատմություն է ներկայացնում՝ նոր փաստեր, նոր տեսանկյուն․ ո՞րն էր նպատակն այս ընդգրկուն ու բարդ նախաձեռնության։ «Այս ամենը, որ մեկտեղել ենք և ներկայացնում ենք, իրոք, միայն մենք ունենք, և դա պետք է մեզ շատ օգտակար լինի տարբեր առումներով՝ թե հոգևոր, թե քաղաքական, թե նյութական։ Առայժմ, ցավոք, թեպետ գիրքն ընդունվել է գիտնականների կողմից մեծ գոհունակությամբ, բայց այն դեռ լայն տարածում չունի, որ մենք կարողանանք օգտվել դրանից։
Տարածելով աշխարհով մեկ՝ կկարողանանք այդ անդրադարձն ունենալ, քանի որ եթե մարդիկ իմանան այս փաստերը մեր երկրի մասին, վստահաբար կցանկանան իրենք էլ լինել այստեղ, օգտակար լինել այն երկրին, որ մարդկության հայրենիքն է։ Դա ինքնստիքյան կօգտագործվի նաև դիվանագիտական առումով, վստահաբար դրանից կփորձեն օգտվել, օրինակ, Ամերիկայում առաջադրված քաղաքական գործիչները։

Քրիստոնյաները՝ տարբեր հարանվանություններից, երբ այս ամենն իմանում են, իրենց ձայնն են բարձրացնում, իսկ դա արդեն մեծ ուժ է, նրանք միլիոնավոր մարդիկ են, ու նրանք էլ կարող են մեր երկրին օգտակար լինել իրենց աղոթքով, իրենց հանրային դիրքով, քաղաքական կեցվածքով»։

Գիրքը բավական ծավալուն է, գիտական է, այն երբեմն, իրոք, դժվարամատչելի է, սակայն, փաստորեն, կարդում են, արդեն երրորդ վերահրատարակությունն է․ իսկ ե՞րբ լույս կտեսնի երրորդ հատորը՝ ինքնատիպ շարունակությունը հայոց՝ մ․թ․ արդեն առաջին հազարամյակի պատմության։ «Գրքի երրորդ հատորի վրա աշխատանքները շարունակվում են․ մի պահ ընդհատել էինք ռուսերեն թարգմանության վրա աշխատելու համար, որ ռուսալեզու ընթերցողն էլ այս ամենին ծանոթանա։ Ռուսերեն տարբերակը շուտով կհրատարակվի, մենք էլ կշարունակենք աշխատանքները երրորդ հատորի վրա»,- նշեց հեղինակը։ Նա ընդգծեց, որ ներկայացվող բացահայտումներից յուրաքանչյուրը մեծագույն արժեք կարող էր համարվել ցանկացած երկրի, ազգի համար․ մեզ դրանք տրվել են առատորեն։

«Երբ մենք նայում ենք մեր հնագույն պատմությանը՝ Հայկ Նահապետին, նրանից հետո, տեսնում ենք, որ հայ ազգին պարբերաբար տրվել են մեծ տարածքներ, և հայերիս ներկայությունն այդ տարածքներում ունեցել է առաքելական բնույթ։ Երբ նայում ենք բացառապես աշխարհիկ հայացքով, ապա, այո, կարող ենք ասել, որ մ․թ․ա․ 2200-ականներին հայոց զորքի պատերազմները նվաճողական բնույթ ունեին՝ գրավվեցին ամբողջ Բաբելոնը, Եգիպտոսը, Քանանը, Հնդկաստանի հյուսիսային կողմերը։ Խոսքը քասեցիների, հիքսոսների, արիների արշավանքների մասին է։ Բայց նպատակը նվաճողական չէր, դա քաղաքակրթության տարածումն էր աշխարհում։ Մենք մանրամասնորեն ներկայացնում ենք, որ Հայաստանն է եղել մետաղամշակման հայրենիքը՝ թե պղնձի, թե բրոնզի, թե երկաթի, զարգացած էին նաև այլ ոլորտներ, և մեր երկիրը, բնականաբար, շատ բարգավաճ կյանքով էր ապրում»,- ասաց Աշոտ Արևշատյանը։

Հենց այդպես էլ, ինչպես վկայում են գիտնականները, մեր երկրից աշխարհով մեկ տարածվեցին ժամանակի գիտության ու տեխնոլոգիայի նվաճումները, իսկ հետո․․․ հետո էլի բազում զարմանահրաշ բաներ եղան, որոնց մասին մեր դասագրքերում ոչինչ չի եղել ու չկա։

Կարմեն Մարտիրոսյան