Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:58 22-11-2022

Եկամուտների համընդհանուր հայտարարագրման թաքնված նպատակը. Թադևոս Ավետիսյան

Կառավարության մշակած օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է ներդնել քաղաքացիների եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ՝ երեք փուլով․

1․ 2023 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագիր պետք է ներկայացնեն՝

ա. 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ պետական ծառայության, համայնքային ծառայության և (կամ) հանրային պաշտոններ զբաղեցնողները,

բ. 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ նոտար հանդիսացող ռեզի­դենտ ֆիզիկական անձինք՝ անձնական եկամուտների մասով,

գ. ՀՀ քաղաքացիները, որոնք 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հան­­­­­­դիսանում են 2022 թվականի արդյունքներով մեկ միլիարդ դրամ և ավել համա­խառն եկա­մուտ հայտա­րարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազ­մա­կերպության բաժ­նե­­­­տեր, փայա­տեր, անդամ,

դ. ՀՀ քաղաքացիները, որոնք «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայ­քարի մասին» Հայաս­­տանի Հանրապետության օրենքով սահմանված իրական շահառու են համար­վում,

ե. ՀՀ քաղաքացիները, որոնք 2023 թվականի ընթացքում ստացել են 20 միլիոն դրամի չափով կամ ավելի փոխառություն,

զ. ՀՀ քաղաքացիները, որոնք 2023 թվականի ընթացքում փաստացի օգտվել են եկամտային հարկի վերադարձման համակարգից,

է. ՀՀ քաղաքացիները, որոնք 2023 թվականի ընթացքում եկամուտներ են ստացել ՀՀ-ից դուրս գտնվող աղբյուրներից։

2․ 2024 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագիր պետք է ներկայացնեն նաև՝

ա. 2024 թվականի ընթացքում վարձու աշխատող համարված՝ ՀՀ քաղաքացիները,

բ. 2024 թվականի ընթացքում քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկ­­վող եկամուտ ստացած՝ ՀՀ քաղաքացիները։

3․ 2025 թվականի հաշվետու տարվա և դրան հաջորդող տարիների համար՝ ՀՀ ռեզի­դենտ հանդիսացող ՀՀ բոլոր քաղաքացի­ները:

Առաջարկվող կարգավորումը խնդրահարույց է հետևյալ ամփոփ հիմնավորումներով․

1․ Ակնհայտ է, որ եթե հայտարարագրման ենթակա քաղաքացին ունի ստվերային (չգրանցված) եկամուտներ, որոնք արտացոլված չեն եկամտահարկի միասնական անձնավորված համակարգում, ապա նա այդ եկամուտները չի ներառելու նաև իր տարեկան հայտարարագրում։

2․ Անօրինական եկամուտների հայտնաբերումը և օրենքով սահմանված պատասխանատվության կիրառումը այսպես, թե այնպես մնալու է հարկային մարմինների հսկողության և վերահսկողության ներքո։ Եկամուտների տարեկան հայտարարագրումը ստվերի կրճատման տեսանկյունից էական ազդեցություն չի կարող ունենալ, եթե զուգահեռաբար չի գործում ծախսերի ամբողջական հաշվառման համակարգը։

3․ Նախագծով նախատեսված է, որ հարկային մարմինն՝ իր տեղեկատվական բազայում առկա տվյալների հիման վրա ինքնաշխատ եղանակով նախալրացնելու է ֆիզիկական անձանց հայտարարագրերի նախագծերը, որոնք կարող են հաստատվել կամ լրամշակվել հայտարարագրման ենթակա քաղաքացու կողմից։ Այսինքն՝ եկամտահարկի միասնական անձնավորված համակարգում արտացոլված եկամուտների մասին ամբողջական տեղեկատվությունը արդեն իսկ տիրապետում են հարկային մարմինները ողջ ծավալով։

Հետևաբար՝ նույն տեղեկատվությունը եկամուտների տարեկան հայտարարագրի ձևով հարկային մարմիններին նորից ներկայացնելը դառնում է ավելորդ վարչարարություն և անիմաստ պարտավորություն քաղաքացիների համար։ Ընդ որում՝ էլեկտրոնային եղանակով այս հայտարարագրերի ներկայացման գործընթացը էական և օբյեկտիվ դժվարություններ է առաջացնելու քաղաքացիների լայն շրջանակների համար, հատկապես՝ տարեցներ, ինտերնետային հասանելիություն չունեցող քաղաքացիներ, գրագիտության ցածր մակարդակ ունեցող քաղաքացիներ և այլն։

4․ Հայտա­րա­րա­­գիրը հարկային մարմիններ սահմանված ժամկետում չներկայացնելն առաջացնում է տուգանք` նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով: Փաստորեն քաղաքացին նորից դառնում է «տուգանքի մատերիալ»՝ անիմաստ և ավելորդ պարտավորությունը չկատարելու կամ ժամկետանց կատարելու համար։

5․ Որպես հայտարարագրման խթանիչ կարգավորում նախագծով առաջարկվում է, որ հարկային տարվա ընթացքում ֆիզիկական անձի սոցիալական ծախսերը եկամտային հարկի գումարից փոխհա­տու­ցվում (վերադարձվում) են կառա­վա­րու­թյան սահ­մա­նած կարգով։ Սոցիալական ծախսեր են համարվելու հար­կա­յին տարվա ընթացքում ֆիզիկական անձի՝ իր և իր ընտանիքի անդամների համար՝ օրենքով սահմանված հաշվարկային փաս­տա­թղթե­րով հիմ­նա­վորված առողջա­պա­հու­թյան, կրթու­­թյան և բնակարանային ապահովության գծով ծախ­սերը:

Ի դեպ, սոցիալական ծախսերի վերադարձից չեն կարողանալու օգտվել այն հայտա­րա­րա­տու­ները, ովքեր տարվա ընթացքում եկամտային հարկ չեն վճարել, ինչպես նաև հիպոթեքային վարկի տոկոսների վճարման համար եկամտային հարկի վերադարձման համակարգից օգտված ֆիզի­կա­կան անձինք:

Այս կարգավորումը խնդրահարույց է սահմանադրական կարգավորումների տեսանկյունից, ըստ որի՝ քաղաքացիների իրավունքներ և պարտավորություններ սահմանող նորմերը պետք է սահմանվեն օրենքով։ Իսկ նախագծով կառավարությանն են վերապահվում սոցիալական ծախսերի տեսակների առանձին ուղղու­թյուն­ների, ընտանիքի անդամ­ների շրջանակի և փոխհատուցման առավելագույն չափերի սահմանումն ու փոփոխությունները։ Օրենքով չսահմանվելու դեպքում կառավարությունն ունենում է անսահման հայեցողություն և կարող է կատարել իրավիճակից բխող փոփոխություններ, օրինակ՝ եկամտահարկի վերադարձի առավելագույն չափերի էական նվազեցումներ։

6․ Համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման արդյունքում հեղինակներն ակնկալում են ունենալ եկամուտների անձ­նա­վորված հաշվառման համապարփակ համակարգ, որով հնարավոր կլինի ճշտության ավելի բարձր աստիճանով տեղորոշել ոլորտային քաղաքականությունների իրական շահառուներին՝ դրանով իսկ բարձրացնելով հասցեականությունն ու արդյունավետությունը: Այս նպատակը ևս չունի գործնականում իրացման առարկայական ներուժ, քանի որ եկամուտների անձ­նա­վորված հաշվառման միասնական համակարգում չարտացոլված՝ անօրինական եկամուտները, բնականաբար, հայտարարատուի կողմից չեն ներառվելու նաև իր եկամուտների տարեկան հայտարարագրում։

Այսպիսով, քաղաքացիների եկամուտների համընդհանուր հայտարարագրման թաքնված և հիմնական նպատակը դառնում է ՀՀ-ից դուրս գտնվող աղբյուրներից դրամական փոխանցումներ ստացող քաղաքացիների այդ եկամուտների ամբողջական հաշվառումն ու հարկումը։

Մնացած՝ հայտարարվող նպատակադրումներն առավելապես ականջահաճո, կեղծ փաթեթավորումներ են, որոնք գործնականում որևէ էական խնդիր չեն լուծելու՝ ի սկզբանե դրված նպատակի առումով։