Երևան +15°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 13:00 22-11-2022

Ծաղկաձորում ամանորյա հանգիստն աստղաբաշխական թվեր արժի, ազատ համարներ չկան, Ջերմուկում էլ այցելու չկա

Թեև ամանորյա տոների մեկնարկին դեռ մեկ ամսից ավել ժամանակ կա, սակայն Հայաստանի հանգստյան գոտիների մի մասում, բացառությամբ Ջերմուկի, արդեն ազատ տեղեր գրեթե չկան: Նշենք, որ եթե բարձրակարգ հյուրանոցները ողջ տարին աշխատել ու սպասարկել են զբոսաշրջիկներին, նույնը չի կարելի ասել այլ հյուրանոցների մասին, որտեղ ամանորյա հանգիստ կազմակերպողները հիմնականում մեր հայրենակիցներն են։

Ծաղկաձոր «Իննա» հյուրանոցից Oragir.News-ին հայտնեցին, որ այս տարի ամանորյա փաթեթների վաճառքը համեմատաբար ուշ են սկսել, բայց ակտիվություն նկատում են, համարները կիսով չափ զբաղված են։

Հարցին, թե նախորդ տարիներին ամանորյա փաթեթների վաճառքն ավելի շո՞ւտ էին սկսում, պատասխանեցին. «Մեր հյուրանոցը մեկ տարի է ինչ բացվել է, նորաբաց հյուրանոց ենք Ծաղկաձորում, շուկայում դեռ նոր ենք, անցած տարի արդեն հոկտեմբերի սկզբից ունեինք փաթեթներ, բավականին արագ վաճառվեց, այս տարի ճանապարհի հետ կապված խնդիր կար, որոշեցին կարգավորել նոր վաճառքները սկսել։ Մեր փաթեթները ամսի 31-ից հունվարի 3-ն են կամ 31-ից 6-ը, այդ օրերին օրերով չենք տրամադրում»։

Հետաքրքրվեցինք, թե ի՞նչ արժի ընտանեքան 4 հոգու համար նախատեսված երեքօրյա փաթեթը, «Իննա» հյուրանոցում պատասխանեցին. «31-ից հունվարի 3ը չորս անձի համար ընտանեկան համարը, մեկ նախասրահով, երկու ննջարանով այս պահին արժի 600․000 դրամ, ամանորյա փաթեթը ներառում է ամանորյա շոու-ծրագիր, ամանորյա գալա ընթրիք, Ձմեռ պապ, նվերներ երեխաների համար, ամեն օր նախաճաշ, ընթրիք, երաժշտական երեկոներ, շոու ծրագիր երեխաների համար, և ամսի 3-ին խաշի հյուրասիրություն»։

Ծաղկաձորում գործող մեկ այլ՝ «Ռոսիա» հյուրանոցից էլ մեզ հայտնեցին, որ ամանորյա օրերին բոլոր համարներն զբաղված են, ազատ համարներ չունեն։ Հարցին, թե ի՞նչ արժե հյուրանոցում ամանորյա ընտանեքան փաթեթը և ի՞նչ ծառայություններ է ներառում՝ պատասխանեցին. «31-ից հունվարի 6-ը չորս հոգու համար նախատեսված ընտանեկան համարն արժի 1մլն 350,000 դրամ։ Փաթեթը ներառում է ամսի 31-ին գալա ընտրիք, շոու ծրագիր, մնացած օրերին նախատեսվում է երաժշտական երեկոներ, մանկական շոու ծրագիր, ամսի 5-ին Սուրբ Զատիկի նշում, երեքանգամյա սնուննդ՝ հյուրանոցային մյուս ծառայություններով»։

Ծաղկաձորում գտնվող «Մուլտի Ռեսթ Հաուս» հյուրանոցային համալիրից էլ հայտնեցին, որ 31-ից հունվարի 6-ը ընկած ժամանակահատվածում չորս հոգու համար նախատեսված ընտանեքան համարն արժի 2մլն դրամ։ Ակտիվությունն էլ ամրագրումների հետ կապված բավականին շատ է։

Oragir.News-ի հետ զրույցում «Եվմարի» հյուրանոցից ասացին. «Նախնական երկու-երեք սենյակ ունենք ամրագրած, բայց ոչ վերջնական ամրագրում։ Նախորդ տարիների համեմատ պասիվ է, ամեն տարի այս ժամանակահատվածում արդեն ազատ տեղեր չէինք ունենում, հիմա մեկ-երկու սենյակ են ամրագրել, այն էլ նախնական»։

Հարցին, թե ինչ-որ գնային փոփոխություն կա փաթեթներում նախորդ տարիների համեմատ պայմանավորված հաճախորդների բացակայությամբ՝ պատասխանեցին. «Չէ, նախորդ տարիներին թանկ արժեր, այս տարի փորձում ենք ավելի մատչելի տալ»։

Ջերմուկում գտնվող մեկ այլ՝ «Անի» հյուրանոցից էլ հայտնեցին, որ ամանորյա ամրագրումներ ընդհանրապես չունեն այս պահի դրությամբ, բայց փաթեթներ ունեն․ «Մեր հյուրանոցում հինգօրյա ընտանեկան փաթեթը արժի 400.000 դրամ, երեքանգամյա սնունդով»։

«Նախորդ տարիներին այս պահի դրությամբ մենք արդեն տեղեր չունեինք։ Այս պահին ավելի մատչելի են դարձել փաթեթները, բայց այցելուներ չկան, ամբողջ Ջերմուկում է այսպես»,- ասացին «Անի» հյուրանոցից։

Ջերմուկի «Վերոնա» հյուրանոցում էլ այս պահին փաթեթների 10 տոկոսն է զբաղված։ Հարցին, թե ինչ-որ գնային փոփոխություն արե՞լ են՝ պատասխանեցին. «Միանշանակ, գինը էժանացրել ենք, որպեսզի գրավենք»։

Հետաքրքրվեցինք, թե ի՞նչ արժի ձեր հյուրանոցում ամանորյա փաթեթը, պատասխանեցին. «Երեքօրյան փաթեթը մեկ անձի համար արժի 110․000 դրամ»: