Ընդհանրապես միսը մարդու սննդակարգում ունի շատ կարևոր դեր ու նշանակություն։ Մասնավորապես, գիտեք՝ տարիներ շարունակ խոսվում է Հայաստանում երկաթդիֆիցիտի և երկաթդիֆիցիտի անեմիայի մասին, իսկ կոնկրետ կարմիր միսը, տավարի միսը հանդիսանում է կոնկրետ հեմատիկ երկաթի, այսինքն՝ կենսամատչելի երկաթի շատ կարևոր աղբյուր։ Այս մասին
Oragir.News- ի հետ զրույցում ասաց ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը՝ խոսելով մսի կարևոր դերից։
Պիպոյանը ընդգծեց, որ մսի սպառումն ունի հանրային-առողջապահական շատ կարևոր դեր և նշանակություն. «Այս առումով պետք է ասել, որ հաճախ մանիպուլյատիվ նյութերը, որոնք, որ պտտվում են մսամթերքի վնասակարության հետ կապված մարդիկ հաճախ դա ինտերպոլացնում են մսի հետ, որովհետև շարքային քաղաքացին և սպառողը մանրակրկիտ չի կարող ծանոթանալ, միայն նյութի վերնագիրն է կարդում, հաճախ չբացելով նյութի ներքևի հատվածում գրված տողերը, որտեղ հստակ շեշտադրված է, որ կոնկրետ վնասակար ազդեցություններ թողնում են սննդային հավելումները, որոնք օգտագործվում են կոնկրետ տեխնոլոգիական վերամշակման դեպքում, այսինքն՝ դա որևէ կապ չունի արտադրվող թարմ մսի, կամ թարմ մսից պատրաստվող ճաշատեսակների հետ»։
Խոսելով մեր երկրում երկաթդիֆիցիտից և մսի կարևորությունից այդ դիֆիցիտը լրացնելու համար՝ Պիպոյանն ասաց. «Այս առումով պետք է ասեմ, որ Հայաստանը հանդիսանում է պռոբլեմատիկ երկիր, որովհետև Հայաստանում ևս երկաթֆիցիտային անեմիան շատ սուր է, ավելին մեր կողմից ուսումնասիրվում է երկաթի աղբյուրները, որովհետև երկաթի ոչ բոլոր աղբյուրներն են հանդիսանում օրգանիզմի համար կենսամատչելի և պետք է ասեմ, որ տարեցտարի նկատվում է բացասական դինամիկա։ Այսինքն՝ երկաթի կեսամատչելի աղբյուրները, հաշվի առնելով վերջիններիս գինը, և տենդենցները, որ գնալով ավելանում է, ակնհայտ է, որ թանկացումների պարագայում մարդիկ սննդակարգից կրճատում կամ քանակական սահմանափակում են կոնկրետ ավելի թանկ մթերքները, ինչպիսին են միսը, մսամթերքը, ձուկը, ծովամթերքը, որոնք ունեն կարևոր դեր և նշանակություն և, ցավոք սրտի, մեր մոտ հանդիսանում են խնդրահարույց»։
Անդրադառնալով Հայաստանում մսի գնին՝ Պիպոյանն ասաց, որ մեր երկրում միսը բավականին բարձր գին ունի և եվրոպական երկրներում լսելով մեր երկրում մսի արժեքը զարմանում են. «Հայաստանում միսը կոնկրետ ունի բավականին բարձր արժեք, այս տարի ես ինքս եղել եմ եվրոպական մի շարք զարգացած երկրներում, իմ եղած այդ բոլոր երկրներում միսը այնքան թանկ չէր, ավելին՝ Լեհաստանի Ագրարային համալսարանում շնորհանդեսի ժամանակ ներկայացրեցի, թե ինչքանով ենք ձեռք բերում տավարի միսը, երբ որ ասեցի 10 դոլարով, 10 եվրոյով տավարի միս ենք ձեռք բերում, բոլորը զարմացան։ Այնուամենայնիվ, Հայաստանը հանդիսանում է դեռևս աղքատության բավականին բարձր ցուցանիշներ ունեցող և ՀՆԱ-ի բավականին ցածր մակարդակ ունեցող երկիր։
Այս առումով պետք է ասեմ, որ մեր այս վերջին հետազոտությունները ևս ցույց են տալիս, որ 2008-2018թ-ի ընթացքում Հանրապետությունում, ինչպես նաև մայրաքաղաքում նկատվում է ազգաբնակչության սննդակարգի բացասական միտումներ, մասնավորապես՝ տարեց տարի շատ ավելի պակաս կալորյաներ և սննդանյութեր են ստանում ազգաբնակչությունը, որը, անշուշտ, պայմանավորված է պարենամթերքի ապրանքների գնաճով։
Իսկ կոնկրետ այս պահին ՀՀ դա փաստում եմ, ոչ միայն ես, այլ նաև այն մարդիկ, ովքեր այցելում են տարբեր երկրներ և տարբեր երկրներից գալիս են Հայաստան, այսօր մենք զարգացած երկրներին համարժեք, երբեմն ավելի բարձր գներով խանութներից ձեռք ենք բերում պարենային ապրանքներ, իսկ ներկա աշխատավարձի պայմաններում ակնհայտ է, որ նորմալ, լավորակ սնվելու, մրգեր-բանջարեղեն ստանալու, միս համապատասխան պատշաճ քանակներով ստանալու համար 250-300 հազար դրամ մաքուր եկամուտ ունեցող ընտանիքը բյուջեի հիսուն տոկոսը պետք է սնվելու վրա ծախսի»։