copy image url
Մշակույթ Ներքին 1 տարի առաջ - 22:00 19-11-2022

Շուբերտի մահը

1828 թվականի նոյեմբերի 19-ին Վիենայում մահացել է ավստրիացի կոմպոզիտոր Ֆրանց Շուբերտը։ Նա ընդամենը 31 տարեկան էր։



Ստեղծագործական կյանքի ամենաբուռն շրջանում վատթարացել է Շուբերտի առողջությունը։ Նրա մահվան պատճառը պաշտոնապես համարվել է որովայնային տիֆը, սակայն եղել են նաև այլ վարկածներ` ներառյալ երրորդ աստիճանի սիֆիլիսը։ 1820-ական թվականների վերջերին նրա առողջությունը լիովին քայքայվել է։ Նա նույնսիկ իր մի քանի ընկերներին խոստովանել է, որ զգում է իր մոտալուտ մահը։ Պալատական բժիշկ Էրնստ Ռինին դեռ 1828 թվականի ամռանը Շուբերտին տեղեկացրել էր անխուսափելի վախճանի մասին։

Կոմպոզիտորի մահվան որոշ տվյալներ համապատասխանել են նաև սնդիկով թունավորման ախտանշաններին։ Սնդիկն այն ժամանակ սիֆիլիսը բուժելու տարածված միջոց էր, ինչը ևս մեկ անգամ վկայում է նրա հնարավոր հիվանդության մասին։

Նոյեմբերի սկզբին Շուբերտը անընդմեջ ուժեղ գլխացավեր ուներ, տենդի մեջ էր, անոթներն այտուցված էին։ Նա գրեթե անկարող էր սնվել։

Երաժշտական վերջին ստեղծագործությունը, որ նա ցանկացել է լսել, Բեթհովենի № 14 լարային կվարտետն էր։ Ստեղծագործությունը հնչել է մահից հինգ օր առաջ կազմակերպված հավաքին։ Շուբերտի ընկեր ջութակահար Կարլ Հոլցը հետագայում գրել է. «Հարմոնիայի արքան երգի արքային բարեկամական առաջարկ է ուղարկել կյանքի ու մահվան քառուղիներում»։ Շուբերտը վերջին անգամ վայելել է Բեթհովենի երաժշտությունը, ինչով հիացած էր իր ողջ կյանքի ընթացքում։ Ի դեպ, Շուբերտն իր մահից մեկ տարի առաջ իր կուռքի` Բեթհովենի թաղման ջահակիրն էր։

Մահվան նախորդ օրը, երբ արդեն հոգեվարքի մեջ էր, նա եղբորը շշնջացել է. «Աղաչում եմ, տար ինձ իմ սենյակ, մի թող ինձ այս անկյունում` գետնի տակ, մի՞թե ինձ համար տեղ չկա երկրի վրա»։ Իսկ եղբոր հավաստիացումներին, որ նա գտնվում է իր սենյակում և պառկած է իր անկողնում, կոմպոզիտորը պատասխանել է. «Ոչ, այդպես չէ, Բեթհովենն այստեղ պառկած չէ»։
Շուբերտին իր իսկ խնդրանքով թաղել են Վերինգ գյուղում, որն այժմ Վիեննայի 18-րդ շրջանն է։

Իր ապրած կարճատև կյանքի 31 տարիների ընթացքում Շուբերտը հասցրել է գրել 1500 ստեղծագործություն` 10 օպերա, 9 սիմֆոնիա, 21 դաշնամուրային սոնատ, ավելի քան 25 կամերային-գործիքային գործեր, բազմաթիվ ստեղծագործություններ դաշնամուրի համար` երկու և չորս ձեռքի համար, ավելի քան 600 երգ։ Նա իր ողջ կյանքում ընդամենը մեկ հանրային համերգ է ունեցել, այն էլ մահից 8 ամիս առաջ։ Երբ Շուբերտը մահացավ, նրա ստեղծագործություններից հրատարակվել էր մոտ 100 գործ. հիմնականում` երգեր, դաշնամուրային ու կամերային որոշ աշխատանքներ։

Փոքր գործերի հրատարակումը շարունակվել է նաև հետագայում, սակայն մեծածավալ ստեղծագործությունների մասին նույնիսկ ընկերները, ովքեր սիրում և հարգում էին նրան, չգիտեին: Տարիներ շարունակ կոմպոզիտորը ճանաչվել է «երգի արքայազն»։ Նրա երաժշտական ողջ ժառանգությունը մահից հետո քիչ-քիչ բացահայտել ու գտել են ընկերները։



1838 թվականին Ռոբերտ Շումանը Վիենա կատարած այցի ժամանակ պատահաբար հայտնաբերել է Շուբերտի Իններորդ սիմֆոնիայի փոշոտ ձեռագիրը և իր հետ տարել Լայպցիգ, որտեղ էլ այն կատարել է Ֆելիքս Մենդելսոնը։ Ֆրանց Լիստը կազմակերպել է Շուբերտի երգերից շատերի հրատարակումն ու կատարումը և նրան անվանել «երբևէ ապրած ամենապոետիկ երաժիշտը»։

Յոհաննես Բրամսը հպարտ էր, որ դարձել է Շուբերտի ամբողջական ստեղծագործությունների գլխավոր խմբագիրը։ 20-րդ դարի սկզբին արդեն Շուբերտի ստեղծագործությունները համաշխարհային դասականների շարքում էին և ընդգրկված էին բոլոր համերգային ծրագրերում։

Շուբերտի մահից 60 տարի անց նրա ու Բեթհովենի աճյունները տեղափոխվել են Վիեննայի Կենտրոնական գերազմանտուն և այժմ թաղված են Յոհան Շտրաուսի և Յոհաննես Բրամսի գերեզմանների կողքին

Իսկ Վերինգի գերեմանատունը 1825 թվականին վերափոխել են զբոսայգու, որը կրում է Ֆրանց Շուբերտի անունը։ Շուբերտի նախկին գերեզմանի տեղում տեղադրել են նրա կիսանդրին, որի վրա թողել են նախորդ գերեզմանաքարին ընկերների գրած հետևյալ մակագրությունը. «Երաժշտական արվեստն այստեղ ամփոփել է անգին գանձ, բայց նաև բազում այլ գեղեցիկ հույսեր»։



Նաիրա Եղիազարյան