Երևան +13°
copy image url
Մշակույթ 1 տարի առաջ - 22:11 17-11-2022

Հաջողությունը Ռոդենին այցելեց վաթսուն տարեկանում

1917 թվականի նոյեմբերի 17-ին թոքաբորբից մահացավ ֆրանսիացի քանդակագործ Օգյուստ Ռոդենը։ 77-ամյա քանդակագործին մահն այցելեց իր փառքի, ստեղծագործական վերելքի ու նյութական հաջողությունների գագաթնակետին։

Եթե սովորական մահկանացուները 60 տարեկանում կարծում են, թե կյանքի բուռն ու բեղմնավոր ժամանակահատվածն արդեն հետևում է, պատրաստվում են առանց անակնկալների ու միապաղաղ ժամանակների, ապա ստեղծագործ մարդու համար տարիքը և առհասարակ թվերը պայմանականություններ են ու ոչինչ չեն նշանակում։



Այս երևույթի ամենավառ օրինակը հենց Օգյուստ Ռոդենն է, ով կես դար ստեղծագործում, արարում, մաքառում, համառորեն իր տեղն էր փնտրում արվեստում և չէր գտնում։ Մինչև 60 տարեկանը նա երեք անգամ փորձել էր ընդունվել Փարիզի Գեղեցիկ արվեստների դպրոց ու երեք անգամն էլ տապալվել էր։ Նրա առջև փակ էին փարիզյան Սալոնի դռները։ Հուսահատության պահերին նա երկու անգամ որոշել էր եկեղեցական դառնալ, հասցրել էր կապվել դերձակուհի Ռոուզ Բյուրեթի հետ ու առանց սիրո միասին ապրել մի ամբողջ կյանք։ Զուգահեռ նա ուներ սիրուհիների մի ամբողջ խումբ, որտեղ կարևոր ու առանձնահատուկ տեղ էր հատկացված Կամիլ Կլոդելին։ Երիտասարդ ու տաղանդավոր այս քանդակագործը 15 տարի անընդմեջ Ռոդենի աշակերտուհին էր, օգնականը, բնորդուհին, մուսան ու մեծ սերը։



Ռոդենը հասցրել էր ստեղծել գրեթե իր բոլոր քանդակային գլուխգործոցները, սակայն փառքը, ճանաչումը, հաջողությունները շրջանցում էին նրան ամենուր։

Բարեբախտաբար 20-րդ դարի մուտքը բարենպաստ ու շրջադարձային եղավ Օգյուստ Ռոդենի համար։ 1900 թվականին Փարիզում տեղի ունեցավ Համաշխարհային ցուցահանդեսը, որին հրավիրվեց նաև Ռոդենը, ինչն էլ ճակատագրական դարձավ նրա համար։ Վերջապես իր առջև դուռ էր բացվել, ու քանդակագործն ուզում էր օգտագործել այս հնարավորությունը մինչ վերջ։ Նա որոշեց ցուցադրել իր բոլոր գործերը, սակայն հատկացված տարածքը բավարար չէր։ Ռոդենն իր հաշվին նոր, առանձին տաղավար կառուցեց ու այնտեղ ներկայացրեց իր ողջ կյանքի ընթացքում ստեղծած 136 քանդակները՝ «Կոտրած քթով մարդուց» մինչև իր վերջին աշխատանքը՝ «Մարդուն գայթակղող չար հանճարները»։ Ճիշտ է, տաղավարը մարդաշատ չէր, սակայն Ռոդենը գոհ էր. նա նույնիսկ կարողացավ մի քանի գործ վաճառել։ Գնորդների թվում էին նաև տարբեր երկրների մի քանի թանգարաններ։



1900 թ. Փարիզի Համաշխարհային ցուցահանդեսը Ռոդենին բերեց 150000 ֆրանկ և միջազգային ճանաչում։ Կյանքի 60-րդ տարում վերջապես բախտը ժպտաց քանդակագործին, և նա մի քանի օրում հայտնի ու հռչակավոր դարձավ։

Ռոդենին սկսեցին հրավիրել ընդունելությունների, բարձրաշխարհիկ միջոցառումների։ Ֆրանսիան ճանաչեց ու գնահատեց նրա արվեստը, ավելին` պարգևատրեց Պատվո լեգեոնի շքանշանով։ Նույնիսկ Անգլիայի թագավոր Էդվարդ 8-րդն այցելեց քանդակագործին։ 1901 թվականին Ռոդենը նշանակվեց Ֆրանսիայի Գեղարվեստի ազգային ընկերության ժյուրիի նախագահ։

Անսպասելի ու գլխապտույտ հաջողությունը չփոխեց Ռոդենին։ Նա մնաց լուռ, ամաչկոտ, հանգիստ, հանդարտ, հավասարակշռված։ Պարզապես սկսեց ուշադրություն դարձնել իր արտաքինին. նրան առավոտյան այցելում էր վարսավիրը, տանից դուրս գալիս հագնվում էր ճաշակով ու անթերի։



Ռոզայի հետ հարաբերությունները փչացել էին լիովին։ Գեղջկական արտաքինով դերձակուհի-տնային տնտեսուհին բոլորովին չէր համապատասխանում Ռոդենի նոր կարգավիճակին, նա նաև ոչինչ չէր հասկանում ամուսնու արվեստից։ Նրանք օրինական ամուսնացած չէին և Ռոդենը Ռոզային ոչ ոքի հետ չէր ծանոթացնում։ Չսիրված էր ոչ միայն Ռոզան, այլ նաև իրենց համատեղ միությունից ծնված որդին, որը սիրո ու ուշադրության պակասից մեծացավ վախկոտ, կամազուրկ, չարացած, կռվարար և կյանքն ավարտեց որպես անհույս հարբեցող։

Ռոդենը գնեց Բրիլլանդ վիլլան և կահավորեց իր արվեստանոցը։ Նա հետաքրքրված սկսեց արվեստի գործեր գնել։ Քանդակագործն ունեցած ողջ գումարը ծախսում էր հավաքածուն համալրելու վրա։ Ռոդենի հարուստ հավաքածուն ներառում էր եգիպտական և հնագույն քանդակներից մինչև Մոնեի և Վան Գոգի կտավները։

1911 թվականին Ռոդենը արվեստանոց ուներ նաև Բիրոն հյուրանոցում։ Նույն վայրում ստուդիաներ ունեին Անրի Մատիսը և Այսեդորա Դունկանը։ Ռոդենը վարձակալել էր առաջին հարկի բարձր, ընդարձակ սենյակները, որոնք իդեալական էին արվեստանոցի համար։ Նա ժամանակի ընթացքում իր ողջ հավաքածուն ու ստեղծագործությունները տեղափոխեց այստեղ։

Մեկ տարի անց պետությունը որոշեց քանդել հյուրանոցը։ Ռոդենը փորձեց թանգարան բացել այնտեղ՝ շենքը փրկելու համար։ Քանդակագործը իշխանություններին խոստացավ իր բոլոր ստեղծագործություններն ու ողջ հավաքածուն կտակել պետությանը՝ հյուրանոցում ցմահ մնալու իրավունքի դիմաց։ Նա ստանձնեց հոգալ նաև թանգարանի բոլոր ծախսերը։



Ռոդենի թանգարան ստեղծելու գաղափարը բոլորին չէր, որ դուր էր գալիս. հակառակորդները շատ էին։ Ուստի և թույլատվությունը հաստատելու ընթացքը տևեց մի քանի տարի և ավարտվեց 1916 թվականին, իսկ թանգարանը այցելուների համար բացվեց Ռոդենի մահից հետո միայն։

Իր կյանքի վերջին տարիներին Ռոդենը հիմնականում նկարում և քանդակում էր պատվերով։ Նա այլևս մեծածավալ արձաններ չէր ստեղծում։ Հիմնականում վերադառնում էր հին էսքիզներին ու դրանց հիման վրա ձուլում նոր քանդակներ։ Նրա բոլոր գործերն այն ժամանակ ունեին ամենաբարձր գինը։ Ռոդենը կիսանդրիների բազմաթիվ պատվերներ ուներ ու յուրաքանչյուրի դիմաց ստանում էր 40000 ֆրանկ։ Համեմատության համար ասենք, որ նույն ժամանակահատվածում դատավորի ամսական աշխատավարձը մոտավորապես 8500 ֆրանկ էր։ Ռոդենի բնորդները այն ժամանակվա էլիտան էր` Բեռնարդ Շոուն, Գուստավ Մալերը, քանդակագործ Ֆալգյերը, քաղաքական գործիչ Ժորժ Կլեմանսոն և շատ ուրիշներ։ Ճիշտ է, նրանք հազվադեպ էին հավանում իրենց բրոնզե կերպարնեը, սակայն Ռոդենի արվեստի հետ առնչվելը մեծ պատիվ էր։

1916-ին Ռոդենը կաթված ստացավ. վատացավ ոչ միայն նրա առողջությունը, այլ նաև բնավորությունը։ Նա դեպրեսիայի մեջ էր և իրեն շրջապատել էր կասկածելի վարքի տեր կանանցով. պարբերաբար կտակներ է գրում` նրանց էլ ներառելով այնտեղ։ Առանձնատնից սկսել էին անհետանալ արժեքավոր իրեր ու արվեստի նմուշներ։ Տանը անիշխանություն էր տիրում. ծառաները չէին կատարում իրենց պարտականությունները, անթիվ-անհամար անծանոթ մարդիկ մուտք ու ելք էին անում` իրենց հետ տանելով տան արժեքավոր իրերը։



Ռոդենի ընկերները իրավիճակը փրկելու համար հսկողություն սահմանեցին. անվտանգության աշխատակիցներ էին վարձել, որոնք վերահսկում էին այցելուներին, իսկ թանկարժեք իրերը առանձնատնից տեղափոխեցին հյուրանոցի խիստ հսկողվող տարածք։

Ավելի բարդ էր հասկանալ ու կառավարել Ռոդենի ֆինանսական գործերը։ Նա ոչ միայն մոռացել էր այն բանկերի անունները, որտեղ հաշիվներ էր բացել և մեծ գումարներ ի պահ տվել, այլ նաև կորցրել էր իր սեյֆի բանալին։

Ընկերները Ռոդենից թաքցնում էին մատիտներն ու գրիչները, որպեսզի նա հարյուրերորդ անգամ չվերաշարադրի իր կտակը մեկ այլ «երկրպագուհու» օգտին։

Ռոդենի մտերիմները կարողացան, նույնիսկ, համոզել նրան` օրինականացնել Ռոզայի հետ հարաբերությունները. 1917 թվականի հունվարին նրանք ամուսնացան։ Ռոզան մահացավ իր համար այնքան երկար սպասված ու բաղձալի ամուսնությունից 25 օր անց։ Ռոզայի մահից ինը ամիս անց, 1917 թվականի նոյեմբերի 17-ին մահացավ նաև Ռոդենը։

Երկրում պատերազմ էր, և պետությունը թաղման համար գումար չհատկացրեց։ Ռոդենին թաղեցին Մեդենի իր առանձնատան բակում` Ռոզայի կողքին։ Գերեզմանին դրեցին նրա գլուխգործոցը` «Մտածողը» քանդակը։ Ռոդենի ողջ հարստությունը, որ պետությանն էր կտակված, ցուցադրվեց թանգարանում, որը բացվեց 1919 թվականին` քանդակագործի մահից երկու տարի անց միայն։


Նաիրա Եղիազարյան

Ձեզ գուցե հետաքրքրի