Երևան +23°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:18 10-11-2022

Կարգապահական վարույթների չարաշահումը դատական իշխանության անկախության սահմանափակման սպառնալիք է. Թել Ավիվում կայացել է Դատավորների միջազգային միության տարեկան 64–րդ համաժողովը

Դատավորների միջազգային միությունը հրապարակել է դատավորների անկախության և կարգապահական վարույթների վերաբերյալ 2022 թվականի զեկույցը։ Այն ընդունվել է Թել Ավիվում սեպտեմբերին կայացած Դատավորների միջազգային միության տարեկան 64–րդ համաժողովում, որին մասնակցել են 94 երկրից 300 պատվիրակ: Արդյունքում զեկույցն ընդունվել է, որը ՀՀ դատավորների միությունը ներկայացնում է ստորև:

Ընդհանուր սկզբունքներ

Դատական իշխանության (դատավորների) անկախությունն օրենքի գերակայության սկզբունքի հիմնասյունն է։ Դատական իշխանության անկախությունը՝ ապօրինի պատասխանատվության ենթարկվելու վախից ու ահաբեկումից, ինչպես նաև ցանկացած անօրինական միջամտությունից զերծ արդար և անաչառ որոշումներ կայացնելու դատավորների կարողությունն է:
Կարգապահական վարույթները կարող են արդարացված լինել հավաստելու, որ դատավորները պատշաճորեն պահպանում են վարքագծի կանոնները՝ դրանով իսկ ամրապնդելու դատական իշխանության նկատմամբ հանրային վստահությունը:
Կարգապահական վարույթները կարող են նաև պարունակել ոտնձգության ենթարկվելու վտանգներ՝ ի վնաս դատական իշխանության անկախության:

Կարգապահական վարույթների չարաշահման վերաբերյալ տարբեր երկրների և իրավական համակարգերից բազմաթիվ դատավորներ մտահոգություններ են հայտնել:

Նման չարաշահումները հակասում են դատական իշխանության անկախության սկզբունքին, հետևաբար՝ օրենքի գերակայությանը: Կարգապահական վարույթները չպետք է օգտագործվեն որպես դատավորների նկատմամբ վրեժխնդրության կամ վախեցնելու գործիք, ինչպես նաև չպետք է օգտագործվեն որպես դատավորների որոշումների վրա ներազդելու միջոց:

Կարգապահական պատասխանատվության ենթարկելու ցանկացած համակարգ պետք է տրամադրի անհրաժեշտ երաշխիքներ՝ հավաստելու, որ այն բացասաբար չի անդրադառնա դատավորների անկախության վրա: Բոլոր երկրների իրավական համակարգերի և ավանդույթների հաշվառմամբ, առկա չէ կարգապահական վարույթների համընդհանուր ընդունելի հայեցակարգային միասնական մոտեցում:

Ի պաշտոնե գործելիս դատավորի վարքագծի հետ կապված կարգապահական վարույթներ

Ի պաշտոնե գործելիս դատավորի վարքագիծը կարող է կարգապահական վարույթ հարուցելու առիթ հանդիսանալ: Այնուամենայնիվ, դատական ակտերի բովանդակության կապակցությամբ կարգապահական վարույթները պետք է բացառվեն, և դատավորները որպես կանոն չեն կարող ենթարկվել քրեական պատասխանատվության իրենց կողմից կայացված դատական ակտերի բովանդակային կամ պատճառաբանական մասի համար: Դատական ակտերի հիմնավորվածության, բովանդակային վիճարկման պատշաճ հարթակը վերադաս դատական ատյանն է, այլ ոչ թե՝ կարգապահական վարույթը:

Շատ երկրներից դատավորների անձեռնմխելիության սկզբունքը ծառայում է դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկվելուց զերծ պահելուն՝ կապված իրենց կողմից կայացրած ակտերի բովադակության հետ:
Որոշակի իրավական համակարգերում նշված կանոնից շեղումը թույլատրվում է, եթե դատավորը դիտավորությամբ ու անբարեխղճորեն է օրենքը կիրառում հօգուտ կամ ի վնաս կողմի: Այնուամենայնիվ, դատավորների անկախության սկզբունքը կանոնից շեղում ենթադրում է չափազանց զգուշավորությամբ:

Դատավորի մասնավոր կյանքի հետ կապված (ոչ ի պաշտոնե գործելիս) կարգապահական վարույթներ

Դատավորի՝ ոչ ի պաշտոնե գործունեության, անձնական վարքագծի կապակցությամբ կարգապահական պատասխանատվության ենթարկվելու առիթ հանդիսանալու հարցն էապես տարբերվում է առանձին իրավական համակարգերում:

Դատավորի՝ ոչ մանագիտական գործունեության հետ կապված վարքագիծը, կարող է հիմք հանդիսանալ կարգապահական պատասխանատվության համար, եթե այն պարունակում է դատական իշխանության նկատմամբ համընդհանուր հանրային վստահությունը վնասելու ներուժ, այնպես էլ՝ տվյալ դատավորի անաչառության առումով: Որպես կանոն դատավորի կողմից հանցագործության կատարումը կարող է հանգեցնել կարգապահական տույժի:

Դատավորների նկատմամբ կարգապահական վարույթի ներգործության ցանկացած միջոցի կիրառման դեպքում պետք է զգուշորեն հաշվի առնվեն դատավորի անձնական իրավունքներն ու օրինական շահերը:

Կարգապահական վարույթների և տույժերի (սանկցիաների) համար պատասխանատու մարմինը

Դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու կամ որոշումներ կայացնելու համար պատասխանատու մարմինների բազում մոդելներ կան: Որոշները բաղկացած են բացառապես դատավորներից, մյուսները՝ դատավորներից և ոչ դատավոր անդամներից: Շատ երկներում առկա չեն հատուկ մասնագիտացված մարմիններ, փոխարենն ապավինում են սովորական դատական ընթացակարգերին կամ տրիբունալներին, որոնք բաղկացած են բարձր ատյաններում գործող դատավորներից:

Մոդելի ընտրությունն առավելապես կախված է կոնկրետ երկրի իրավական համակարգից: Այնուամենայնիվ, դատական համակարգի, դատավորների անկախությունը երաշխավորելու դեպքում (համար), նման մարմնի ձևավորումը (դրա կազմը), որը պատասխանատու է դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու կամ որոշումներ կայացնելու համար, չի կարող լինել այնպիսին, որը կնպաստի դատավորների նկատմամբ որոշումների կայացման ընթացքում կիրառվող ապօրինի ներազդեցությանը՝ լինի դա իշխանության այլ ճյուղերի, թե դատական իշխանությունից դուրս այլ դերակատարների կողմից:
Այդ իսկ պատճառով, նման մարմինը չպետք է բաղկացած լինի ամբողջապես ոչ դատավոր անդամներից:

Կարգապահական տույժեր (պատասխանատվություն)

15 Իրավական բոլոր համակարգերը պետք է նախատեսեն կարգապահական պատասխանատվության հետևանքների՝ նրբորեն կանխատեսելի, (մատչելի) շրջանակ, որպեսզի երաշխավորվի կարգապահական մեղադրանքի (արարքի) բնույթին համաչափ պատասխանատվություն (տույժ): Այդ հետևանքները չպետք է սահմանափակվեն միայն տույժերով, այլև պետք է ներառեն ոչ պաշտոնական խորհդատվություն (քննարկում), ուսումնական վերապատրաստում, ինչպես նաև հնարավորության դեպքում ռեաբիլիտացիայի ընձեռում:

Որոշ դեպքերում դատավորի հետ ոչ պաշտոնական քննարկումը նրա դրսևորած վարքագծի վերաբերյալ կարող է բավարար լինել լուծելու խնդիրը՝ զերծ մնալով պաշտոնական կարգապահական գործընթացների նախաձեռնումից:

Արդար դատաքննություն և իրավական պատշաճ ընթացակարգ

Արդար դատաքննության սկզբունքներն ու պատշաճ իրավական ընթացակարգն առնվազն ներառում են՝ մեղադրանքի մասին տեղեկացվածության, հակադարձելու (հակափաստարկներ ներկայացնելու) իրավունք, դատավարության մասնակցության իրավունք, ապացույցների հետազոտման իրավունք, ապացույցներ ներկայացնելու իրավունք, իրավաբանական օգնության (ներկայացուցչության) իրավունք, լսված լինելու իրավունք, անմեղության կանխավարկածի հարգում և բողոքարկման կամ դատական վերանայման իրավունք:

Կարգապահական պատասխանատվության գործընթացը պատասխանատու մարմնի կողմից պետք է հստակորեն ձևակերպվի գրավոր և ստանա ճիշտ կիրառում՝ վերը նշված սկզբունքներին համապատասխան:

Վերջին զարգացումները

Տարբեր իրավական համակարգեր ունեցող որոշ երկրներ լուրջ մտահոգություններ են հայտնել իրենց մոտ կարգապահական ընթացակարգերի վերջերս իրականացված փոփոխությունների կապակցությամբ, որոնք միտված են եղել ինչպես առանձին դատավորների ահաբեկման, այնպես էլ՝ ամբողջ դատական համակարգի դեմ, ինչն առաջացնում է հուսահատեցնող ու անկախությունը սահմանափակող ազդեցություն:

Կարգապահական վարույթների յուրաքանչյուր նման չարաշահում դատական իշխանության անկախության սահմանափակման սպառնալիք է և խաթարում է օրենքի գերակայության սկզբունքը: Դա անհանդուժելի է: