Ներքին 3 տարի առաջ - 18:18 07-11-2022

ՀԺՄ-ն դատապարտում է պատգամավոր Խ․ Սուքիասյանի կողմից «5-րդ ալիքի» լրագրողի նկատմամբ անթույլատրելի վարքագիծը

Հայաստանի ժուռնալիստների մությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է․

«Նոյեմբերի 7-ին խորհրդարանում կայացած ճեպազրույցի ընթացքում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ ի պատասխան «5-րդ ալիք» հեռուստաընկերության լրագրող Արփի Սուքիասյանի՝ ամբողջությամբ մասնագիտական էթիկայի և բարեվարքության կանոնների մեջ տեղավորվող հարցադրման, խախտել է պատգամավորի, քաղաքական գործչի տարրական վարքականոնը և գռեհիկ ձևով վիրավորել է լրագրողին։ Իրեն ուղղված հոդաբաշխ հարցին պատասխանելու փոխարեն, պատգամավորը՝ ձայնը բարձրացնելով, բղավոցներով, սկսել է խոսել լրագրողի ներկայացրած հեռուստաընկերության սեփականատիրոջ, նրա եկամուտների, այլ՝ հարցի հետ որևէ կապ չունեցող երևույթների մասին։

«5-րդ ալիք» հեռուստաընկերությունն արդեն իսկ հայտարարել է, որ Խ․ Սուքիասյանի՝ զրպարտող և սուտ մատնություն պարունակող հայտարարություններին իրավական ընթացք է տրվելու։

Հայաստանի Ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Ազգային ժողովի պատգամավորի կողմից լրագրողի նկատմամբ նման բռի վերաբերմունքը և պահանջում է Խաչատուր Սուքիասյանի քաղաքական ղեկավարությունից՝ ի դեմս ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության և ԱԺ ղեկավարության, կարգի հրավիրել պատգամավորին։ Ազգային ժողովի ղեկավարությունը պարտավոր է կատարվածը քննել էթիկայի հանձնաժողովում և պարտավորեցնել Խաչատուր Սուքիասյանին ներողություն խնդրել լրագրողից և լրատվամիջոցից։ Վերջինիս ներկայացրած հեռուստաընկերության և պատգամավորի հարաբերությունները կարող են պարզվել դատական կարգով։ Այդ իրավական ընթացքը, սակայն, կապ չունի պատգամավորի հակաէթիկական վարքագծի հետ, որը պետք է քննվի և համարժեք գնահատականի արժանանա միանգամայն այլ տիրույթում՝ կանխելով ապագայում Ազգային ժողովի պատգամավորների կողմից լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ նման սանձարձակ պահվածքի կրկնությունը։ Ազգային ժողովի որևէ պատգամավոր, այդ թվում՝ Խաչատուր Սուքիասյանը, կարող է ունենալ իր կարծիքը, համակրանքը կամ հակակրանքը որևէ քաղաքական գործչի, կուսակցության կամ խմբավորման վերաբերյալ, կարող է տարված լինել իրական կամ երևակայական դատողություններով։ Բայց դա նրան, ինչպես և որևէ այլ շարքային պատգամավորի, իրավունք չի տալիս լրագրողների հետ հարցուպատասխանը վերածել փողոցային լեզվակռվի։

Հայաստանի Ժուռնալիստների միությունը՝ անթույլատրելի համարելով պատգամավորի նման վարքագիծը, միևնույն ժամանակ կոչ է անում հատկապես խորհրդարանում աշխատող բոլոր լրագրողներին՝ անկախ իրենց ներկայացրած լրատվամիջոցների քաղաքական նախընտրություններից, տարաձայնություններից կամ հակասություններից, լինել միասնական և ցուցաբերել գործընկերային համերաշխություն՝ թույլ չտալով որևէ պատգամավորի, կրկին անկախ քաղաքական պատկանելությունից, լրագրողների հետ հարաբերություններում անցնել բարեվարքության սահմանները»։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան