Երևան +12°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:30 01-11-2022

Բախտս բերեց, Գուլակյանն ինձ վերցրեց իր կուրս

1899 թ. նոյեմբերի 1-ի Թիֆլիսում ծնվել է հայ դերասան, ռեժիսոր, դրամատուրգ Արմեն Գուլակյանը։
Վստահ եմ, որ Արմեն Գուլակյանի անունը այսօր մեր հանրության մեծամասնությանը ոչինչ չի ասում։ Գրեթե համոզված եմ, որ նույնիսկ մշակույթի բնագավառից շատերը հնարավոր է չճանաչեն Գուլակյանին։ Եթե մեր ծնողների սերունդը ժամանակին Սունդուկյանի անվան թատրոն կամ օպերային թատրոն հատուկ գնում էր գուլակյանական բեմադրությունները նայելու, ապա այսօրվա երիտասարդ սերնդին` մեծագույն ռեժիսորի մասին տեղեկացնելու կամ պատմելու համար կառչում ես կինոյից։



-Պաժա~ռ, պաժա~ռ, պաժ~առ:
-Ու"րդի է պաժառ։
-Էստի~ է պաժառ, էստի~, աղունակ ջան։

Բեկնազարյանի «Պեպոյի» այս հատվածով ու նրա խաղացած Դուդուլիի դերով գոնե վիզուալ փորձում ես մարդկանց հիշեցնել Արմեն Գուլակյանի մասին։ Այո՛, հիշելու, չմոռացվելու ու գնահատված լինելու առումով կինոյի մարդիկ ավելի բախտավոր են, քան թատրոնինը։



Թիֆլիսում կոշկակարի ընտանիքում ծնված, Ներսիսյան դպրոցի երբեմնի սան Արմեն Գուլակյանը Մոսկվայում ուսումը շարունակում է Հայկական դրամատիկական ստուդիայում, աշակերտելով Ռուբեն Սիմոնովին և Վսեվոլոդ Մեյերխոլդին։ Մոսկովյան թատերական փայլուն կրթությամբ նա վերադառնում է Հայաստան։ Գուլակյանը բավական մեծ ժամանակահատված` 1930-1953 թվականներին, կարճ ընդհատումով ղեկավարում է Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնը։ Այստեղ ստեղծելով բեմադրական գլուխգործոցներ` «Պեպո», «Խաթաբալա», «Դիմակահանդես», «Օթելլո», «Մակբեթ» և այլն։ Նույն հաջողությամբ մեծ արժեքներ են ծնվում օպերային թատրոնում` «Անուշ», «Աիդա», «Դավիթ Բեկ», «Արշակ II»...



Պետական մրցանակներ, կոչումներ, հաջողություններ, փառք, բայց նաև ձախողումներ, ինտրիգներ, բամբասանքներ, քննադատություններ... կարճ ասած, լիարժեք թատերական կյանքով է ապրում ու ստեղծագործում Արմեն Գուլակյանը, ում անունը, վստահաբար, կապված է հայ թատրոնի վերելքի հետ։

Գուլակյանական բեմադրությունները չտեսած մեր սերնդի համար առավել տպավորիչ ու արժեքավոր է դառնում Գուլակյան-մանկավարժը։ Արժեքավոր` իր կրթած այն աստղաբույլով, որոնք աշակերտել են այս տաղանդաշատ մարդուն։



Գուլակյանի ուսանողներն էին եղել Խորեն Աբրահամյանը, Արմեն Խոստիկյանը, Արմեն Ջիգարխանյանը, Հենրիկ Հովհաննիսյանը, Վլադիմիր Աբաջյանը, Գալյա Նովենցը, Ժենյա Ավետիսյանը, Ֆրունզե Դովլաթյանը։ Մետաքսյա Սիմոնյանի բեմական տաղանդը բացահայտել է Գուլակյանը, Լենինականից Մհեր Մկրտչյանին Սունդուկյան թատրոն բերել է Գուլակյանը...



Կարելի է ասել, որ թատերական ասպարեզում Արմեն Գուլակյանն այն եզակիներից է, ով որպես մանկավարժ պաշտամունքի առարկա է դարձել իր ուսանողների համար: Նրանցից յուրաքանչյուրը բազմիցս խոստովանել է իր սերն ու պատկառանքը առ ուսուցիչ:


«Իմ կյանքում մի ուսուցիչ է եղել Արմեն Գուլակյանը։ Նա բոլոր առումներով պրոֆեսոր էր։ Նա չէր պահանջում մեր ունակությունների վայրկենական դրսևորում, այլ պարտադրում էր աշխատել։ Գիտեր ոգեշնչման գինը, սակայն մեզ սովորեցնում էր աշխատել»,- հիշում էր Արմեն Ջիգարխանյանը։

«Նա մեզ ասում էր. «Ինձ չի հետաքրքրում ոչ ոքի տաղանդը, այլ միայն ճիշտ աշխատանքը։ Ճիշտ աշխատանքի դեպքում տաղանդը կդրսևորվի»,- պատմում էր թատերագետ Հենրիկ Հովհաննիսյանը։

Հենրիկ Հովհաննիսյանից հետո ամենաշատը Արմեն Գուլակյանին հիշում էր նրա ամենասիրելի ուսանողը` Խորեն Աբրահամյանը.

«Արմեն Գուլակյանին համարում եմ իմ ուսուցիչը` ոչ միայն արվեստի, այլև կյանքի։ Անսահման պատկառանք, սեր ու հարգանք եմ ունեցել նրա նկատմամբ։ Նա այն մարդկանցից չէր, որ ասեր ինձ պետք է հարգեք։ Նրան չհարգել ու նրանից չամաչել հնարավոր չէր։

Բախտս բերեց, Գուլակյանն ինձ վերցրեց իր կուրս: Ասում եմ` բախտս բերեց, որովհետև Գուլակյանը հեշտ ու հանգիստ մարդ վերցնող չէր: Մյուս կողմից` բախտս բերեց այն իմաստով, որ Գուլակյանից ավելի մեծ մանկավարժ, գոնե ինձ, հայտնի չէ: Ես բավական տեղյակ եմ` թե´ մեզ մոտ և թե´ Ռուսաստանում, առիթ ` եղել նաև Եվրոպայում, որտեղ ուսումնական հաստատություններ եմ այցելել, Գուլակյանի նման մանկավարժի չեմ հանդիպել:

Զարմանալի նպատակասլաց մարդ էր, զարմանալի հետևում էր կարգապահությանը: Իհարկե, ստեղծագործական, իհարկե, աշխատանքային, առանց որոնց ոչնչի հնարավոր չէ հասնել: Փորձի սկիզբը, ընթացքը, ավարտը, ամեն ինչ կազմակերպված էր, և այդ կազմակերպվածությունը մի արդարացում ուներ, այն խորապես ստեղծագործական էր…

Մի անգամ Քալանթարի դասն էի խանգարել, Գուլակյանը մտավ մեր լսարան, նայեց ինձ ու ասաց. «Լսեք, Աբրահամյան, ասում են դուք խանգարել եք Քալանթարի դասը։ Ծեր և հիվանդ մարդու դասը խանգարելը դեռ տղամարդկություն չէ, կարո՞ղ եք իմ դասը խանգարեք»։ Վերջ, ինձ համար արդեն ամեն ինչ պարզ էր և ես հասկացա, որ իսկապես չի կարելի դիմացինի թուլությունից օգտվել ու «օյիններ» սարքել։

Նույնիսկ դրսում մենք ազատ չէինք մեր պահվածքի մեջ: Մենք մեզ թատերական ինստիտուտի ուսանողի պես պիտի պահեինք, այլ ոչ թե կոտրատվեինք, պատեհ առիթներին արտասանեինք, դա կտրականապես արգելվում էր: Էնքան իմաստուն էր, որ հենց առաջին կուրսի վերջից, այսինքն` 1947-1948 թթ. մեզ տարավ թատրոն:

Դա էլ իմաստ ուներ, որովհետև, նորից շեշտելով ասեմ. լինելով մեծ մանկավարժ` նա հասկանում էր, որ թատրոնն իր օրենքներն ունի և միշտ չէ, որ կապվում է այն բոլորի հետ, ինչ մենք սովորում ենք: Մինչ այսօր, երբ հայտնվում եմ բարդ կացություններում, մտովի զրուցում եմ նրա հետ: Մտածում եմ` էս ու էն դեպքում նա ինչպե՞ս կվարվեր, ի՞նչ կաներ: Նա ինձ համար ամբողջ կյանքում ուսուցիչ դարձավ, բառիս ամենատարողունակ իմաստով …»,։

Նաիրա Եղիազարյան