Երևան +13°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:05 29-10-2022

Այս համաժողովի մասնակիցների թիվը կիսով չափ պակաս է, բայց բյուջեն 3 անգամ ավելին է. ինչի՞ վրա են ծախսել այդ ամենը. Սրապիոնյան

Ուրբաթ երեկոյան Հայաստանի Ազգային պատկերասրահում կայացել է Համաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովի բացման արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տիկնոջ հետ, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, տարբեր ոլորտներ ներկայացնող սփյուռքահայ բազմաթիվ գործիչներ, պաշտոնատար այլ անձինք:

«Հայաստան-Սփյուռք համաժողովին մենք նախապատրաստվում էինք ամբողջ մի տարի, դիմում էինք բոլոր սփյուռքյան համահայկական կառույցներին, անգամ ՀԿ-ներին, որոնք Հայաստանի հետ ինչ-որ չափով կապեր ունեին։ Հատուկ դիմում էինք այնպիսի հեղինակավոր մարդկանց, որոնք էական դերակատարում ունեին Սփյուռքի հայ համայնքի կյանքում, և՛ միասնականության քարոզի, և՛ Սփյուռքը հայ պահելու, և՛ դպրոցների և՛ եկեղեցաշինության, մի խոսքով բոլոր պրոհայկական նախագծերում աչքի ընկած մարդկանց»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց գրականագետ, սփյուռքի նախկին փոխնախարար Սերժ Սրապիոնյանը՝ խոսելով տարիներ առաջ պարբերաբար անցկացվող Հայաստան-Սփյուռք համաժողովից։

Սրապիոնյանի խոսքով` ներկա իրավիճակում ով որևէ համարձակ խոսք է ասում ներկայիս իշխանությունների մասին, միանգամից արժանանում է ֆեյքային գրոհի և իրավական դաշտում հետապնդումների։

«Հրայր Հովնանյանը, ով այդ ժամանակահատվածում 80-ն անց տարիքի էր, մասնակցեց այդ համաժողովին և շատ սուր ելույթ ունեցավ։ Շատ սուր քննադատության ենթարկեց երկրի իշխանություններին այն պահին, երբ նախագահը, վարչապետը, նախագահի աշխատակազմը ներկա էին այդ համաժողովին։ Հովնանյանը ուղղակի նշեց, որ ինքը տարիների ընթացքում ներդրում է կատարել 50 մլն դոլարի չափով, և արդյունքներից դժգոհ էր, նրան բացատրություն տրվեց հենց համաժողովի ժամանակ, տրվեցին և նախագահի կողմից, և՛ վարչապետի։ Այդ համաժողովները՝ հայրենիքը-Սփյուռքը-Արցախ եռակողմ միասնություն էին հայտարարել և հնարավոր բոլոր օրակարգային խնդիրները վերաբերում էին Սփյուռքին, եթե ճիշտ եմ հիշում 1100-ից ավելի մասնակիցներ կային, չկար փյուռքյան մի օջախ, որ ներկա չլիներ։ Երբ որոշումներ էին կայացվում, այդ որոշումները նախ տրվում էին սփյուռքյան մեր նշանավոր կառույցների և գործիչների քննությանը, վերամշակվում էին, վերջին օրը նոր հայտարարությամբ հանդես էինք գալիս, հիմա սա ինչ համաժողով էր»։

Խոսելով նախորդ համաժողովներում վեհափառների մասնակցությունից՝ Սփյուռքի նախկին փոխնախարարը նշեց. «Երկու վեհափառների մասնակցությունը պարտադիր էր, ընդ որում՝ բարեկիրթ եղանակ կար, մենք պաշտոնական գրություն էինք ուղարկում վեհափառներին մի քանի ամիս առաջ, խնդրում էինք իրենց համաձայնությունը, հետո անձամբ Սփյուռքի նախարարը մեկնում էր, Բեյրութ, Անթիլիասում հանդիպումներ էր ունենում Արամ Առաջինի հետ, բացատրություններ էր տալիս այդ համաժողովի նպատակահարմարության մասին, համաձայնություն էր ստանում։ Անպայման հանդիպում էր վեհափառին, օրակարգն անգամ վեհափառին ներկայացվում էր, որպեսզի վեհափառներն իրենց օրհնության խոսքը բերեին այդ համաժողովին։ Առանց այս վեհափառների համաժողովները կհամարվեի չկայացած»,- ասաց Սրապիոնյանը՝ հարցնելով, թե ուր են վեհափառները, համաշխարհային համաժողովին։

Խոսելով միջոցառմանը հատկացված ֆինանսական միջոցներից՝ Սրապիոնյանն ասաց. «Այս համաժողովի մասնակիցների թիվը կիսով չափ պակաս է, բայց բյուջեն 3 անգամ ավելին է, ինչի վրա են ծախսել այդ ամենը, ինչ են արել, ինչ են տվել, ինչ են քննել, ովքեր են ելույթ ունեցել Սփյուռքի նշանավոր անձանցից։ Իրենք քայքայեցին ամբողջ Սփյուռքը ներդրված մեկի միջոցով, որը ճամարտակում է էկրանով, և ուզում են ցույց տալ, թե իրենք Սփյուռքով հետաքրքրված են»։

Սրապիոնյանը ընդգծեց, որ չգիտի, թե սա ինչ է տալու, որն է լինելու սրա արդյունքը, նպատակը, քանի որ այս մարդիկ գոնե մեկ անգամ հոդաբաշխ լեզվով չեն փորձել բացատրել, թե ինչու են այսպիսի համաժողով գումարում։

«Այն, ինչ արել էր խորհրդային ժամանակների մշակութային կապերի կոմիտեն, որը վիթխարի աշխատանք էր արել Համազասպյանի գլխավորությամբ, Սփյուռքը դարձել էր Հայաստանի բաղկացուցիչ մասը, և նույն այս մարդկանց ավանդները որդեգրած Սփյուռքի նախարարությունը 10 տարում վիթխարի աշխատանք էր արել, և չկար որևէ սփյուռքյան կառույց, որ Հայաստանի հետ կապ չունենար Սփյուռքի նախարարության միջոցով։ Այս համաժողովը ձևականորեն կազմակերպել են, որևէ լրատվություն սպառիչ այդ համաժողովի վերաբերմամբ չկա, հետաքրքրություն չկա, ցուց են տալիս, թե իրենք Սփյուռքով հետաքրքրված են՝ ներքուստ քայքայելով ամբողջ հայ Սփյուռքը։ Հայկական Սփյուռքում երբևէ՝ նույնիսկ խորհրդային տարիներին, չի եղել այսպիսի հակամարտություն, հակադրություններ, անտարբերություններ, մեկը մյուսից անտեղյակություն, ինչպես հիմա։ Վերջին հինգ տարում այս մարդիկ կարողացան սերմանել»,- ասաց Սրապիոնյանը։

Նախկին փոխնախարարի գնահատմամբ՝ այս միջոցառումը սիրտպայթեցնելու չափ ապաշնորհ միջոցառում է։

«Սա գումարվում է՝ վերջնական պառակտում մտցնելու համար Սփյուռքի-Հայաստանի, Արցախի և Հայաստանի միջև»,- ասաց նա