Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 12:41 29-10-2022

ՔՊ կուսակցության գործունեության արդյունքում ՀՀ-ն այսօր դասվում է աշխարհի ժողովրդավարական երկրների շարքին. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնում, որ կուսակցության գործունեության արդյունքում Հայաստանն այսօր վստահ և հպարտորեն դասվում է աշխարհի ժողովրդավարական երկրների շարքին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ համաժողովի իր ելույթում:

Համաժողովի շրջանակում պետք է ընտրվի կուսակցության նոր ծրագիրը, պետք է ընդունվի կանոնադրության, վարչության նոր կազմի և նախագահի ընտրություններ լինեն: Սա երրորդ համաժողովն է, որ ՔՊ-ն անցկացնում է կառավարող կուսակցության կարգավիճակում: Եվս 3 համաժողով անցկացրել է՝ որպես ընդդիմադիր կուսակցություն:

«Ինչո՞ւ և ինչպե՞ս սկսվեց այս ամենը. սկսվեց, որովհետև ՀՀ մի խումբ քաղաքացիներ պարզապես չէին կարողանում համակերպվել այն իրողության հետ, որ ՀՀ-ում ընտրությունները շարունակաբար կեղծվում են, որ մարդիկ հետապնդվում են կարծիք արտահայտելու իրենց իրավունքն օգտագործելու համար, որ հեռուստատեսային եթերը վերահսկվում է, որ միջոցներ են ձեռնարկվում նաև համացանցային բովանդակությունը վերահսկելու, որ կոռուպցիան դարձել է հանրային հարաբերությունների առանցքային համակարգ: Կարճ ասած, որ մարդիկ ազատ չեն, մարդկանց ազատությունն ապահովված չէ»,-ասաց Փաշինյանը:
Ըստ նրա՝ այդ անազատությունն արտահայտվում էր ոչ միայն հանրային, քաղաքական, այլև տնտեսական գործունեության մեջ, որովհետև տնտեսությունը խստորեն կառավարվում էր և քվոտավորված էր, մարդիկ ներմուծում, արտահանում և ներդրումներ իրականացնում էին բացառապես իշխանության վերնախավի թույլտվությամբ:

«Եվ «Քաղաքացիական պայմանագրի» հիմնադիրները որոշեցին, որ այդպես պետք է չլինի, որ այդ իրողությունների հետ պետք չէ համակերպվել, որ դրա դեմ պետք է պայքարել, որովհետև ընտրությունների՝ շարունակաբար կեղծումները, կոռուպցիան, ապօրինությունները, ամենաթողությունը, տնտեսական մենաշնորհները քամում են, մսխում են երկրի կենսունակությունը, խաթարում ապագան»,-ասաց Փաշինյանը:

Նա խոստովանեց, որ իրենք այդպես մտածող միակ խումբը չէին Հայաստանում, այդպես մտածող ավելի մեծ խմբի մաս էին: Փաշինյանը նշեց, որ իրենք կուսակցականներով երկու հարց են քննարկել՝ ի՞նչ երկիր են ուզում ունենալ, և ի՞նչ են սխալ անում ընդդիմությունները, այդ թվում՝ իրենք, որ այդպես էլ չեն կարողանում կյանքի կոչել հռչակված ամենակարևոր նպատակը՝ ՀՀ սահմանադրության երկու ոչ փոփոխելի հոդվածները, որոնցում ասվում է, որ ՀՀ-ն ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետություն է, և, որ ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին, ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների և հանրաքվեների միջոցով:

Նա հիշեցրեց, որ իրենք 2015-ին ՔՊ կուսակցության հիմնադիր համաժողովում հաստատված կոնկրետ ծրագրով են հանդես եկել հանրության առաջ: Այդ ծրագրում ասվել է՝ ներքաղաքական ասպարեզում Հայաստանի առջև ծառացած կարևորագույն խնդիրը ժողովրդավարության հաստատումն է, ժողովրդավարությունը՝ իշխանության խաղաղ, անարյուն, ընտրական ճանապարհով փոփոխությունն է: Ժողովրդավարության գործնական կիրառումն ըստ այդմ՝ ընդդիմության իշխանության հասնելն է խաղաղ ճանապարհով: Կուսակցության անդամները համարում են, որ թավշյա հեղափոխության տրամաբանությունը չի հակասում ընտրական իշխանափոխության տրամաբանությանը:

«Սա արձանագրվել է 2015 թվականին կուսակցության հիմնադիր համագումարով, և սա ճշգրիտ այն է, ինչ տեղի է ունեցել 2015 թվականից հետո մինչև 2018 թվականին ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը և դրանից հետո: Եվ այսօր է արձանագրման ճիշտ պահը, որ մեր կուսակցության գործունեության արդյունքում ՀՀ-ում ընտրությունների կեղծման էջը փակված է»,-ասաց Փաշինյանը՝ հիշեցնելով երկրում իրենց իշխանության ժամանակ անցկացված 2 խորհրդարանական ընտրությունների և ՏԻՄ ընտրությունների մասին:

Խորհրդարանական ընտրությունները միջազգային դիտորդների կողմից գնահատվել են որպես ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող: «Եվ պետք է արձանագրեմ, որ մեր կուսակցության գործունեության արդյունքում ՀՀ-ն այսօր վստահ և հպարտորեն դասվում է աշխարհի ժողովրդավարական երկրների շարքին»,-նշեց նա:
Փաշինյանը նաև նշեց, որ այսօր ժողովրդավարության, օրենքի գերակայության, դատական իշխանության անկախության միջազգային ռեյտինգներում Հայաստանը շատ դեպքերում նույնիսկ առաջ է ԵՄ-ի շատ երկրներից: