Երևան +16°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:43 28-10-2022

ՀՀ-ն այսօր էլ ակնարկեց՝ սպասումներ ունի, որ ՀԱՊԿ-ն կարձագանքի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով: Նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: Նիստում քննարկվել են Հավաքական անվտանգության խորհրդի ս/թ սեպտեմբերի 13-ի նիստին ընդունված արձանագրային որոշմամբ Հայաստան ուղարկված առաքելության աշխատանքի արդյունքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի զեկույցը:

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը, անդարադառնալով ՀԱՊԿ արտահերթ նիստին ՀՀ մասնակցությանը, ասաց, որ ՀԱՊԿ-ն քանիցս հայտարարել է, որ պետք է վերականգնել ՀՀ տարածքային ամբողջականությունը, և ակնհայտ է ոչ միայն այսօր, այլև Աստանայում վարչապետը հստակ խոսեց այն մասին, որ ՀԱՊԿ-ի սահմաններն են դրանք, և ՀՀ-ն, լինելով ՀԱՊԿ-ի մաս, որոշակի հստակ սահմաններով է անդամակցել ՀԱՊԿ-ին, և ՀՀ-ի սպասումններն բնականաբար այնպիսին են, որ ՀԱՊԿ-ն պետք է արձագանքի ՀՀ-ի վրա տեղի ունեցած ագրեսիային, այսօր ևս նույնը կրկնեց վարչապետը, այսօր ավելի շատ հիմքեր կան, որովհետև այսօր կա ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի և դիտորդական խմբի կողմից անձամբ դիտարկաված ու պատրաստված զեկույցը, որտեղ ապացուցվում են ՀՀ-ի կողմից ներկայացված փաստերը, ինչը նշանակում է, որ ՀՀ-ն՝ ըստ փաստաթղթերի, պետք է սպասումներ ունենա, որ ՀԱՊԿ-ն արձագանքելու է ոչ միայն քաղաքական մակարդակով, այլև ռազմական կոմպոնենտով, ինչը նշանակում է տեղավորել կամ ստեղծել այնպիսի ճանապարհային քարտեզ, որի միջոցով ՀՀ ամբողջականությունը պետք է վերականգնվի, այսինքն՝ ըստ ՀԱՊԿ-ի փաստաթղթի՝ ՀՀ սահմանները պետք է վերականգնվեն, և ինչու նաև ռազմական, որովհետև հնարավոր է, որ դիվանագիտական ճանապարհով դա իրականացնել չլինի, և այդ դեպքում ՀԱՊԿ-ն պարտավոր է, ըստ իր կանոնադրության, ուժի միջոցով վերականգնել ՀՀ սահմանները։ Իհարկե հասկանալի է, որ քաղաքական այս իրավիճակում դա այդքան էլ իրատեսական չէ, որովհետև ՀԱՊԿ-ի և նրա գլխավոր բաղադրիչ հանդիսացող ՌԴ շահերը այլ բան են ասում, բայց ՀՀ-ն ՝ որպես այդ կազմակերպության լիիրավ անդամ և արդար անկեղծ անդամ, ցույց է տալիս, որ դեռևս վստահում է այդ կառույցին և սպասում է այդ կառույցի կողմից գործողություններին, բայց եթե գործողությունները չեն լինի՝ հույս ունեմ, որ ունի սցենարներ, նաև այդ գործողությունները չլինելու դեպքում։

Հիշեցնենք, որ նիստի ընթացքում ՀՀ վարչապետը նշել է, որ գլխավոր քարտուղարի զեկույցը մեծապես արտահայտում է առկա իրողությունները, մասնավորապես ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժման փաստը և դրա կրկնության վտանգը, ինչպես նաև ադրբեջանական ուժերի՝ ելման դիրքեր վերադառնալու անհրաժեշտությունը:

Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է ՀԱՊԿ արձագանքի շուրջ Հայաստանի ակնկալիքներին: Մասնավորապես, ևս մեկ անգամ ընդգծել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ 2021 թվականի մայիսի 12-ին և դրանից հետո, այդ թվում՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին սանձազերծված ադրբեջանական ագրեսիային ՀԱՊԿ-ի կողմից հստակ քաղաքական գնահատական տալու և Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու ուղղությամբ ճանապարհային հստակ քարտեզի ձևավորման անհրաժեշտությունը:

Նիստի արդյունքներով՝ ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարներին տրվել է որոշման նախագիծ համաձայնեցնելու հանձնարարական:

Ձեզ գուցե հետաքրքրի