Վարդենիսի ավագ դպրոցում բացվեց անօդաչու թռչող սարքերի լաբորատորիա
copy image url

Վարդենիսի ավագ դպրոցում բացվեց անօդաչու թռչող սարքերի լաբորատորիա

Ներքին 2 տարի առաջ - 18:47 28-10-2022
Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի ավագ դպրոցում «Խաչիկ Պողոսյան» հիմնադրամի, VMWARE կազմակերպության եւ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հովանավորությամբ եւ հանդիսավոր պայմաններում բացվեց ԱԹՍ ինժեներական լաբորատորիա, որտեղ կրթություն կստանան Վարդենիսի հանրակրթական դպրոցների 14 տարեկանից բարձր աշակերտները։ «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ ԱԹՍ ինժեներական լաբորատորիայի բացման արարողությանը մասնակցեցին ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղար Գագիկ Սաֆարյանը, Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ՀՀ Նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Լիպարիտ Մելքոնյանը, «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» նախագահ Հայկ Չոբանյանը, Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, «Արմաթ» կրթական ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանը, «Խաչիկ Պողոսյան» հիմնադրամի նախագահ Մարտիրոս Պողոսյանը, Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոսների ծնողներ, Վարդենիսի ավագ դպրոցի տնօրեն Մայա Ոսկանյանը, մանկավարժներ եւ աշակերտներ, պաշտոնական այլ անձինք։

Վարդենիսի ավագ դպրոցի նորաբաց ԱԹՍ ինժեներական լաբորատորիան կրում է Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս, «Մարտական խաչ․առաջին աստիճան» շքանշանի ասպետ, հրետանավոր Խաչիկ Պողոսյանի անունը։ ԱԹՍ լաբորատորիայի բացման արարողությանը նախորդեցին անօդաչու թռչող սարքերի ցուցադրական թռիչքները։

ԱԹՍ լաբորատորիայի բացման կարեւորության մասին խոսեցին ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, հերոս խաչիկ Պողոսյանի ծնողներ Մարտիրոս Պողոսյանը եւ Նարինե Հարությունյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» նախագահ Հայկ Չոբանյանը։ ՀՀ Նախագահ Հայկ Խաչատուրյանի անունից ներկաներին ողջունեց եւ շնորհավորեց Լիպարիտ Մելքոնյանը։ Բանախոսները հույս հայտնեցին, որ նման կարեւոր նախաձեռնությունը դեպի խաղաղություն եւ հաղթանակ տանող միակ ճիշտ ուղին է, որ ԱԹՍ լաբորատորիան ոչ միայն զարկ կտա կրթությանն ու գիտությանը, Հայաստանի սահմանների պաշտպանական հնարավորությունների ավելացմանը, այլ նաեւ կնպաստի տնտեսության զարգացմանն ու արդիականացմանը։
«Ուսուցման մեջ հիմնականում կներգրավվեն «Արմաթ» կրթական ծրագրերում ընդգրկված 14 տարեկանից բարձր աշակերտները, ովքեր արդեն զինված են որոշակի գիտելիքներով։ Մենք պետք է հասնենք նրան, որ մեր դպրոցականներն իրենց գիտելիքները կարողանան կիրառել բանակում՝ սպասարկելով ԱԹՍ-ները։ Բնականաբար, ԱԹՍ-ները կիրառվում են նաեւ խաղաղ պայմաններում, բազմաթիվ ոլորտներում, որտեղ անհրաժեշտ կլինեն միայն մասնագետները։ Անշուշտ, Արցախյան վերջին պատերազմում մեր պարտության հիմնական պատճառը կրթության եւ գիտելիքի պակասն էր, ուստի մենք պետք է հզորանանք գիտելիքով ու մեր հայրենիքը կարողանանք պաշտպանել ցանկացած սպառնալիքից»,-նշեց «Արմաթ» կրթական ծրագրերի ղեկավար Սեդրակ Վարդանյանը։

Արցախյան պատերազմում հերոսացած Խաչիկ Պողոսյանի մարտական ուղին ներկայացրին Վարդենիսի ավագ դպրոցի աշակերտները՝ նրա հիշատակին ձոնելով երգեր եւ բանաստեղծություններ։

«Մարտական խաչ․ առաջին աստիճան» շքանշանի ասպետ, «Մարտական ծառայության համար» մեդալի արժանացած Խաչիկ Մարտիրոսի Պողոսյանը ծնվել է մայրաքաղաք Երեւանում։ Ավարտել է Երեւանի միջնակարգ դպրոցը, 2017 թվականին ընդունվել ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետը։ Հայոց բանակ է զորակոչվել երկրորդ կուրսից, 2019 թվականի հունվարին։ Արցախյան 44-օրյա պատերազմի հենց առաջին օրվանից մարտնչել է Քարվաճառի ճակատում, որպես կրտսեր սերժանտ, հրետանու հրամանատար։

Աչքի է ընկել անօրինակ սխրանքներով, դիպուկ կրակոցներով թշնամուն պատճառելով ահռելի կորուստներ, կանխելով նրա առաջխաղացման բոլոր փորձերը։ Հերոսաբար ընկել է թշնամու անօդաչուի հարվածից, 2020 թվականի հոկտեմբերի 2-ին։

Նրա ծնողները, որդու հիշատակը հավերժ պահելու եւ հայկական բանակը հզորացնելու նպատակով, հիմնեցին «Խաչիկ Պողոսյան» հիմնադրամը, որի միջոցներն ուղղվում են Հայաստանում անօդաչու թռչող սարքերի ինժեներական լաբորատորիաների բացմանը եւ հայրենասիրական այլ նախաձեռնությունների իրականացմանը
Նորաբաց լաբորատորիայում ցուցադրվեց ԱԹՍ մոդելներ։

Ամենից շատ դիտված