Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 09:19 28-10-2022

Կաննի կենտրոնական զբոսուղիներից մեկն անվանակոչվել է Շառլ Ազնավուրի անունով

Հոկտեմբերի 26-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը Ֆրանսիայի ծովափնյա Կանն քաղաքում մասնակցել է հանրահայտ Կրուազետ բուլվարի հարևանությամբ գտնվող զբոսուղիներից մեկի՝ աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի անունով անվանակոչման հանդիսավոր արարողությանը։ Զբոսուղին գտնվում է Հայաստանի անունը կրող այգու և Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի ու հանուն Ֆրանսիայի զոհված հայ մարտիկների հիշատակին նվիրված հուշաքարի անմիջական հարևանությամբ։

Ելույթներով հանդես են եկել Կաննի քաղաքապետ Դավիդ Լիսնարը, շանսոնյեի որդին՝ Նիկոլա Ազնավուրը, Կաննի և շրջակա քաղաքների հայերի միության նախագահ Յասմին Ալֆիերի-Յարդիմյանը և դեսպան Հասմիկ Տոլմաջյանը։ Միջոցառումն ուղեկցվել է Ազնավուրի անմահ կատարումներով և ֆրանսահայ «Երազ» համույթի պարային ելույթով։

Դեսպանն իր խոսքում հարգանքի տուրք է մատուցել մեծանուն ֆրանսահայ երգչին և նրա թողած անգնահատելի մշակութային ժառանգությանը։ Լինելով Հայոց ցեղասպանությունից փրկվածների զավակ՝ Ազնավուրը Ֆրանսիայում ապաստան գտած իր հայրենակիցների հավաքական ձայնն էր, նրանց ինքնության, արժանապատվության և հիշողության մարմնավորումը տասնամյակներ շարունակ։

Դեսպանը հիշեցրել է, որ Ազնավուրն իր Մայր հայրենիքի կողքին էր ամբողջ կյանքի ընթացքում, ինչպես 1988-ի ավերիչ երկրաշարժի, Ղարաբաղյան առաջին պատերազմի և նորանկախ Հայաստանի կայացման դժվարին տարիներին։ Լինելով հայ-ֆրանսիական հազարամյա բարեկամության ամենավառ խորհրդանիշերից մեկը՝ Ազնավուրը հավատում էր, որ հայ ժողովուրդն անկասկած վերգտնելու է իր ծաղկուն գարնանային գեղեցիկ օրերը, և այսօր ևս՝ հայ ժողովրդի համար այս ծանր օրերին, Ազնավուրի անունով զբոսուղին հիշեցնելու է մեզ այդ անխախտ համոզմունքի մասին։

Ավարտելով խոսքը՝ դեսպան Տոլմաջյանը հատուկ շնորհակալություն է հայտնել Կաննի քաղաքային խորհրդին և քաղաքապետ Դավիդ Լիսնարին՝ զբոսուղու անվանակոչման որոշման և հայ-ֆրանսիական բարեկամությանը հավատարմության համար։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան