Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:20 25-10-2022

Կոչերի համար պատժում են․ բա ո՞ւր մնաց ինքնիշխանությունից փաստացի հրաժարվելու արարքը․ Վարազդատ Հարությունյան

ՀՀ արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ, համաձայն որի՝ առաջարկվում է ՀՀ ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված գործողությունները և հրապարակային կոչերը պատժել 12-15 տարի ժամկետով։

«Ինքնիշխանությունը լավ բան է, կարևոր բան է, նորմալ ազգային մարդու համար դա կարմիր գիծ է, բնականաբար ինքնիշխանության նկատմամբ ցանկացած ոտնձգություն պետք է համարժեք արձանգանք ստանա օրենքի տեսանկյունից։ Մենք այստեղ տարաձայնություններ չենք կարող ունենալ»։ Այս մասին այսօր Oragir.News-ի հետ զրույցում ասաց փաստաբան Վարազդատ Հարությունյանը՝ ընդգծելով, որ այստեղ տարաձայնություններ չեն կարող լինել։

Փաստաբանը ընդգծեց, որ օրենքի նախագծում նպատակները լավ չի հասկացվում, չի հասկացվում, թե ինչի արդյունքում է ծնվել օրենքը․ «Ենթադրությունների դաշտ է մեզ ուղարկում Արդարադատության նախարարությունը, իսկ այդ ենթադրությունների դաշտում առաջինը ինչ իմ մտքին գալիս է, ես հիշում եմ, որ վերջին երկու տարում, տարբեր շրջանակներ, տարբեր հանրային, քաղաքական գործիչներ Հայաստանը այլ պետությունների կազմում միավորման, ուժեղ Ռուսաստան-Հայաստան իրար ձուլված կամ այլ խորագրերով անհասկանալի միջոցառումներ էին անում։ Առաջին հայացքից այս փոփոխությունը դրան է ուղղված»։

Հարությունյանի խոսքով՝ իշխանությունները ինչ անում են, թերի են անում, և մենք դա գիտենք և այս օրենքի նախագծից հարցեր են առաջանում. «Արդյո՞ք այդ ինքնիշխանություն ասվածը բացահայտվում է օրենքով, կա՞ որևէ սահմանում, որով մենք կարող ենք ղեկավարվել և այդ ինքնիշխանությունից լրիվ կամ մասնակի հրաժարվելու կոչերը որակել որպես քրեորեն հետապնդելի արարք։ Ինքնիշխանությունը բացարձակ կատեգորիա չէ, դա տարբեր ասպեկտների է վերաբերում՝ օրենսդրական, արդարադատության, զինված ուժերի, տնտեսական։ Օրինական Հայաստանը նորանկախ պատմության տարբեր փուլերում իր ինքնիշխանությունը զիջել է տարբեր հանրայի իրավունքի սյուբեկտների, օրինակ՝ մաքսային միությանը անդամակցելով՝ Հայաստանը չի որոշում իր տարածք մտնող ապրանքներին մաքսային քաղաքականությունը, այդ քաղաքականությունը ինքնուրույնաբար չի իրականացվում։ Հայաստանը իր ինքնիշխանության այդ մի մասը զիջել է միջազգային կազմակերպությանը և այդ մասով ինքնիշխանությունը մասնակի զիջված է։ Արդարադատության համակարգում ՄԻԵԴ-ի որոշումները պարտադիր են ՀՀ-ի համար, այսինքն՝ այդ որոշումները մեր ներպետական դատական ատյանների վերաբերյալ են։ Հայաստանը միջազգային տարբեր կազմակերպությունների է անդամակցում, և այդ միջազգային պայմանագրերին կատարումը վերահսկվում է այդ միջազգային կազմակերպությունների կողմից, այստեղ էլ օրենսդրական մակարդակով Հայաստանը որոշակի զիջում է արել իր ինքնիշխանության մի նեղ ասպեկտի վերաբերյալ։ Զինված ուժերի մասով՝ միասնական ՀՕՊ համակարգ ունենք Ռուսաստանի հետ, որը միասնական հրամանատարությամբ է հակաօդային պաշտպանություն իրականացնում և ակնհայտ է, որ զինված ուժերի այդ մի ոլորտի վերաբերյալ Հայաստանը հոժարակամ հրաժարվել է իր ինքնիշխանությունից՝ հանուն ավելի կարևոր բարիքի։ Այս մասով՝ օրենքի նախագծի հեղինակները հաշվի չեն առել, որ ինքնիշխանության նկատմամբ սպառնալիքը չէ միայն, որ կարող է հանցակազմի քննարկման առարկա դառնալ։ Եթե ինչ-որ մի տնտեսագետ վեր կենա, ասի՝ Երասիական տնտեսական միությունը տնտեսապես ձեռք չի տալիս Հայաստանին, այլ լավ կլիներ, որ մենք Եվրոպական միության ճանապարհը բռնեինք, ասոցացնեինք, հետո էլ փորձեինք Եվրոպական միության անդամ դառնալ։ Այստեղ միության ավելի մեծ չափաբաժին է զիջվում այդ միությանը անդամակցելու համար, ինքը կոնֆեդերացիոն տիպի կառուցվածք ունեցեղ միություն է, որտեղ հանրային մասնավոր կյանքի տարբեր ասպեկտներ կարգավորվում են միության կազմի շրջանակներում։ Այդ մարդու վերաբերյալ կարող է քրեական վարույթ նախաձեռնվել, բայց այդ մարդը Հայաստանի թշնամին չէր, այդ մարդը ընդամենը տնտեսագետ էր, ով կարծում էր, որ ինչ-որ կոնկրետ ասպեկտով արժե անդամակցել ինչ-որ մի միության, որը հնարավորություն կտա Հայաստանին հաղթահարել տնտեսական դժվարությունները։ Այս մասը այդ նախագծի հեղինակները հաշվի չեն առել»,- ասաց Հարությունյանը։

Խոսելով օրենքի նախագծում տեղ գտած ձևակերպումներից՝ Հարությունյանն ասաց, որ առաջին հայացքից տպավորություն է ստեղծվում, թե դա վերաբերում է արտաքին թշնամիներին, իսկ արտաքին թշնամիների դեմ պետք է պայքարել զենքով։

«Մյուս կարևոր ասպեկտը․ օրենքի նախագծում ասվում է՝ ինքնիշխանության հրաժարվելուն ուղղված գործողությունները, որոնք դրսևորվում են բռնությամբ կամ բռնության սպառնալիքով․ առաջին հայացքից ինձ թվում է, որ սա վերաբերում է արտաքին թշնամիներին։ Ես խորապես համոզված են, որ արտաքին թշնամիների նման նկրտումների դեմ պետք է պայքարել ոչ թե հանցակազմով, այլ զենքով, որովհետև, ըստ էության, այդ արտաքին թշնամիները քո հպատակները չեն, դու եթե քրեական վարույթ էլ նախաձեռնես այդ մարդկանց նկատմամբ, հարկադրանքի ենթարկելու օբյեկտիվ հնարավորություն չես ունենա։ Այդպիսի հնարավորություն ունես զենքի ուժով՝ զսպելով քո թշնամիների ախորժակը, որոնք անընդհատ ոտնձգում են քո ինքնիշխանությանը։ Եթե, այնուամենայնիվ, դրա հասցեատերը, հավանական սյուբեկտները այդ հանցակազմի Հայաստանի հպատակներն են, ապա նորից դրա էֆեկտիվ պայքարի միջոցը հանցակազմ նախատեսելը չէ, դրա էֆեկտիվ պայքարի միջոցը իլուստրացիա իրականացնելն է։ Այսինքն՝ իրականացնի իլուստրացիա, դրանից հետո վեր հանի, թե ովքեր են Հայաստանում գործող օտարերկրյա ազդեցության գործակալներ, թող ժողովուրդը իմանա, որ այսինչ մարդը գործակալ է, ու դրանից հետո ինչքան ուզում է՝ ինքնիշխանությունից հրաժարվելու հրապարակային կոչ անի․ ով է դրան բանի տեղ դնելու»,- ասաց Հարությունյանը։

Ըստ Հարությունյանի՝ այս նախագծով առաջարկվում է ինքնիշխանությունից հրաժարվելու կոչեր անելու համար պատժել, բայց փաստացի հրաժարվողներին չեն պատժում։

«Եվ ամենակարևոր ասպեկտն այն է, որ ասվում է՝ ինքնիշխանությունից հրաժարվելու հրապարակային կոչեր անելը կամ հրաժարվելուն ուղղված գործողությունները, բռնության կամ բռնության անելու սպառնալիքի ներքո․ բա ո՞ւր մնաց ինքնիշխանությունից փաստացի հրաժարվելու արարքը, բա մենք 44-օրյա պատերազմից հետո այդ հարցին այդքան անդրադարձել ենք։ Այ, օրինակ, Գորիս-Կապան միջպետական ճանապարհահատվածի որոշ հատվածներ ինչու եք զիջում Ադրբեջանին՝ առանց դելիմիտացիայի, դեմարկացիայի, առանց միջազգային հանրային իրավունքին հայտնի լավագույն պրակտիկայի հաշվառման, այլ միայն «ջիպիեսով»։ Այս հատվածների նկատմամբ Հայաստանը փաստացի հրաժարվեց իր ինքնիշխանությունից, մենք լուծում էլ էինք ասում, եթե գնանք միջազգային հանրային իրավունքի պրակտիկայով, ապա Գորիս-Կապան միջպետական ճանապարհը, ամենայն հավանականությամբ, ամբողջությամբ թողնվելու էր ՀՀ-ի տիրապետության տակ, որովհետև այդ պրակտիկան ասում է՝ եթե դելիմիտացիայի արդյունքում սահմանը երկու երկրների միջով անցնում է ինչ-որ ճանապարհի միջով՝ հատելով այդ ճանապարհը, եթե ճանապարհը հնարավոր չէ լայնացնել, իսկ Գորիս-Կապանը հնարավոր չէ լայնացնել, ճանապարհը թողնվում է այն պետության ներքո, որի համար այդ ճանապարհը ունի առավել կարևոր կենսական նշանակություն։ Բոլորին հայտնի է, որ Գորիս-Կապանը Հայաստանի համար ավելի կարևոր նշանակություն ունի, քան Ադրբեջանի։ Ու փաստացի ստացվում է, որ մեր պետական իշխանության բարձրագույն մարմինները՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, ով ինքը հայտարարեց, ասաց, որ ես եմ ասել, որ դուրս գան մեր զորքերն այդտեղից, այդ հատվածների նկատմամբ հրաժարվեց Հայաստանի ինքնիշխանությունից։ Բա Հայաստանի ինքնիշխանությունից հրաժարվելը ինչո՞ւ քրեորեն չեն պատժում։ Ամեն ինչ կիսատ է, թերի է ու տողատակերով է, և եթե ուղղված չէ իշխանությունների իշխանության մնալու ամրապնդմանը, ապա առնվազն այնպես է արված, որ իշխանությունից զրկման որևէ ռիսկ չլինի։ Դա արդար ու ազնիվ չէ հայ հասարակության համար, եթե նպատակ եք ֆիքսել ինքնիշխանության ամրապնդումը, ինքնիշխանությունը տարբեր տեսակի դուսպրծուկների ոտնձգություններից ամրապնդելը, ապա դա պետք է համակողմանի արվի։ Բազմակողմանի պետք է պայքարը լինի»։

Ձեզ գուցե հետաքրքրի