Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 14:26 25-10-2022

Շուրջ 22,6 միլիոն եվրո վարկ. ԱԺ-ին է ներկայացվել ՀԲ-ից վարկ վերցնելու մասին համաձայնագիրը վավերացնելու նախագիծը

Համաշխարհային բանկը Հայաստանին կտրամադրի 22,6 մլն եվրո լրացուցիչ վարկ։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Կրթության բարելավման նախագծի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային պայմանագրի վավերացման հարցի քննարկման ժամանակ, հոկտեմբերի 25-ին ասել է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը։

Միջոցները կուղղվեն կրթության ոլորտի բարեփոխումների ծրագրերի ընդլայնմանը։ Ծրագրով, ըստ նախարարի, նախատեսված են գործողությունների 5 բաղադրիչներ, որոնք լիովին համապատասխանում են կառավարության 2021-2026թթ. ծրագրին։

«Այս միջոցներն ուղղվելու են Երեւանում, Աշտարակում, Արտաշատում եւ Վանաձորում չորս ավագ դպրոցների հիմնանորոգմանը։ Անհրաժեշտության գնահատման հիման վրա 200 ուսումնական հաստատություններում կստեղծվեն բնագիտության եւ ինժեներիայի ժամանակակից լաբորատորիաներ»,- ասել է պաշտոնյան։

Նա նաեւ նշել է, որ նման լաբորատորիաների առկայությունը, կառավարության ծրագրի համաձայն, նախատեսված է Հայաստանի բոլոր 1 400 դպրոցներում։ «Դրանցից 107-ում նման լաբորատորիաներ արդեն գործում են»,- ասել է կառավարության ներկայացուցիչը։

Ծրագրի շրջանակում նախատեսված է նաեւ նախադպրոցական ուսուցման 80 հաստատությունների ստեղծում։ Միջոցները կուղղվեն արդեն առկա տարածքների հիմնանորոգմանը, անհրաժեշտ գույքի եւ ուսումնական պարագաների տրամադրմանը, ինչպես նաեւ դասավանդողների որակավորման բարձրացմանը։ Նշված հաստատությունները կհարմարեցվեն նաեւ ներառական կրթության ապահովմանը։

Ծրագրի մյուս բաղադրիչով նախատեսված է կրթության ոլորտի կառավարման տեղեկատվական համակարգի արդյունավետության բարձրացում։

Վերջին բաղադրիչը վերաբերելու է բուհերին։ Նախատեսվում է 5 ծրագրի իրականացում STEM-ուղղություններով։ Դրանք նպաստելու են բուհերի որակի եւ արդյունավետության, կրթական ծրագրերի մակարդակի եւ դասավանդման որակի բարձրացմանը, գիտահետազոտական աշխատանքների ապահովմանը, ինչպես նաեւ գործատուների հետ կապին։
adv_banner

Ամենից շատ դիտված