Ներքին 3 տարի առաջ - 21:42 20-10-2022

Փոխադարձ շահերի ըմբռնումը կարող է դառնալ հարցերի լուծման բանալին. վարչապետը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում մեկնարկած Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին: Այն անցկացվում է նեղ և ընդլայնված կազմերով, հոկտեմբերի 20-ին տեղի է ունեցել նեղ կազմով հանդիպումը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, նիստին մասնակցել են Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ալիխան Սմաիլովը, Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Ակիլբեկ Ժապարովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:

Ըստ աղբյուրի՝ Հայաստանի վարչապետը դիմավորել է ԵԱՏՄ անդամ երկրների գործընկերներին, ապա տեղի է ունեցել արարողակարգային տեսալուսանկարահանում:

Նեղ կազմով նիստի սկզբում Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ողջույնի խոսքով, որում, մասնավորապես, նշել է.

«Հարգելի հյուրեր,
Կառավարությունների հարգելի ղեկավարներ,

Անկեղծորեն ուրախ եմ ողջունելու Ձեզ Հայաստանի մայրաքաղաքում, որտեղ մենք, կարելի է ասել ավանդաբար, անցկացնում ենք Եվրասիական միջկառավարական խորհրդի աշնանային նիստը։

Ցավով պիտի նշեմ, որ համաշխարհային տնտեսությունը դժվար ժամանակներ է ապրում. բազմաթիվ առևտրային, արդյունաբերական և լոգիստիկ կապեր, որոնք դեռ նոր էին սկսել վերականգնվել համավարակից հետո, այժմ նոր ցնցումների են ենթարկվում: Հարցականի տակ են հայտնվել նաև համաշխարհային տնտեսական համակարգի հիմնարար սկզբունքները։

Ներկայիս անկայուն տնտեսական իրողությունների պայմաններում կասկած չեն հարուցում բարձրագույն մակարդակում կանոնավոր վստահելի երկխոսության արդիականությունն ու պահանջարկը՝ առավել ներդաշնակ և համակարգված փոխգործակցության համար:

Փոխադարձ շահերի ըմբռնումը, փոխզիջումների և համագործակցության պատրաստակամությունը կարող են դառնալ բազմաթիվ հարցերի լուծման բանալին: Այս համատեքստում ցանկանում եմ նշել ԵԱՏՄ շրջանակում բոլոր մակարդակներում իրականացվող բառի բուն իմաստով ամենօրյա աշխատանքը՝ ի հայտ եկող խնդիրներին արձագանքի համակարգված միջոցառումներ մշակելու ուղղությամբ:

Մինչ խոսքը Միջկառավարական խորհրդի նախագահ Ակիլբեկ Ժապարովին փոխանցելը, թույլ տվեք երախտագիտություն հայտնել ղրղզական կողմին ինչպես նախագահության, այնպես էլ այսօրվա հարուստ օրակարգի մշակման ուղղությամբ գործադրված ջանքերի համար, որն ընդգրկում է եվրասիական ինտեգրման արդիական հարցերի բավական լայն շրջանակ։

Բոլորիս մաղթում եմ արդյունավետ աշխատանք և կառուցողական քննարկումներ։

Շնորհակալություն ուշադրության համար»:

Նշվում է, որ նեղ կազմով նիստին ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են ԵԱՏՄ շրջանակում արդյունաբերական նախագծերի ֆինանսավորման աղբյուրներին ու մեխանիզմներին, Միության ներքին շուկայում խոչընդոտների վերացմանը վերաբերող հարցեր:

«Միջկառավարական խորհրդի անդամներին տեղեկատվություն է ներկայացվել գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման ուղղությամբ միջազգային պայմանագրերի նախապատրաստման ընթացքի, ինչպես նաև Միության ներսում ապրանքների էլեկտրոնային առևտրի կառավարման միասնական վերլուծական համակարգի տեխնիկական առաջադրանքի մշակման մասին: Զեկուցվել է նախորդ նիստերի հանձնարարականների և կարգադրությունների կատարման վերաբերյալ»,- ասվումէ հաղորդագրության մեջ:

Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը տեղի կունենա հոկտեմբերի 21-ին:

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
14:15 «Վեոլիա Ջրի» դեմ խմբային հայցեր են սպասվում․ ջրի որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին․ Արփինե Հովհաննիսյան
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
14:58 Wildberries-ի այդ պահեստներում պահվում էին ԱԹՍ-ների պահեստամասեր․ Զելենսկի
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն