Երևան +14°
copy image url
Արտաքին Ներքին 1 տարի առաջ - 21:25 18-10-2022

Բուլղարիան սատարում է ԵՄ-ի փաստահավաք դիտորդական քաղաքացիական առաքելությունը․ ԱԳ փոխնախարար

Հայկական կողմը շատ բարձր է գնահատում Հայաստանի և Բուլղարիայի նախագահների՝ համատեղ ընդունած երկկողմ հարաբերություններին նվիրված հայտարարության մեջ Հայաստանի սահմանների նկատմամբ հարգանքի ամրագրումը, որը պետք է ընկալել վերջին ագրեսիայի կոնտեքստում, ինչպես նաև այն, որ Բուլղարիան սատարում է ԵՄ դիտորդական առաքելության ուղարկումը:

Այս մասին ասել է ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում, ամփոփելով ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի` Բուլղարիա պետական այցի առաջին օրվա հանդիպումները։ Հովհաննիսյանն ընդգծեց, որ Բուլղարիան սատարում է ԵՄ-ի փաստահավաք դիտորդական քաղաքացիական առաքելությունը, որը կդիտարկի իրավիճակը Հայաստանի սահմաններում և այդ առումով Բուլղարիայի դիրքորոշումը հստակ է և բավարարող:

«Քննարկումը շարունակվել է վարչապետի հետ աշխատանքային ճաշի ընթացքում, որտեղ շեշտը դրվում էր նաև տրանսպորտային համագործակցության և մասնավորապես շատ կարևոր՝ «Պարսից ծոց-Սև ծով» ծրագրի իրականցմանը : Թե՛ Բուլղարիան, թե՛ Հայաստանը հակված են շարունակելու այդ տրանսպորտային համագործակցությունը, քանի որ այն երկու երկրների կարևոր ոլորտներից է: Հանդիպում եղավ նաև Սոֆիաի քաղաքապետի հետ և քանի, որ Սոֆիան և Երևանը քույր քաղաքներ են, այստեղ էլ մենք համագործակցության բավականին լայն դաշտ ունենք»,-ասաց փոխնախարարը:

Նա ընդգծեց, որ հանդիպումների շրջանակում անդրադարձ է արվում Հայաստանի հարուստ պատմությանը, մշակույթին, ընդհանուր արժեքներին, քանի որ Բուլղարիան Հայաստանի ավանդական գործընկերներից է Եվրոպայում: Եվ պատահական չէ, որ շեշտվում է Հայաստանի սահմանների նկատմամբ հարգանքը, որը պետք է ընկալել վերջին ագրեսիայի կոնտեքստում:
«Նախագահ Ռումեն Ռադևի հետ մանրամասն քննարկվել է բոլոր ոլորտներում զարգացնելու մեր տնտեսական, առևտրային, մշակութային և բոլոր տեսակի համագործակցությունը: Հատուկ շեշտ էր արվում Եվրոմիության հետ համագործակցությանը, քանի որ Բուլղարիան մեր ավանդական սատարողներից է նաև որպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր, այս պահին անվտանգության խնդիրների պարագայում դա նույնպես մեծ դեր ունի»,-ասաց Պարույր Հովհաննիսյանը:

ԱԳ փոխնախարարը ասաց, որ այսօր ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ Բուլղարիայի Հանրապետություն պետական այցի առաջին օրն է, որն անցկացվում է Բուլղարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի նշման կապակցությամբ: Կարևորեց քաղաքական հայտարարությունը, որը ստորագրեցին Հայաստանի և Բուլղարիայի նախագահները, թերևս առաջին անգամ է, որ նման դեկլարատիվ փաստաթուղթ է ստորագրվել, այն ոչ միայն նվիրվում է 30-ամյակին, այլ նաև մատնանշում է այն բոլոր ոլորտները, որտեղ երկու երկրները հանձնառու են խորացնել հարաբերությունները, և ինչպես նշված է հռչակագրում՝ նոր որակական մակարդակի հասնել:

ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը նշեց, որ ընդգծված էր ուշադրությունը Հայաստանի և նախագահի նկատմամբ, այցը կազմակերպվել էր ամենաբարձր մակարդակով: Կա դեռևս հագեցած մեկ ու կես օր և կարծում են լավ արդյունքներով կվերադառնան Երևան: