Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:05 18-10-2022

Համազգային շարժում է պետք, որ Հայաստանի ու Արցախի պետականությունը պահենք․ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման տպավորությունները


Երևանում իշխանական պաշտոնյաների հետ հանդիպումներից հետո Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է Արցախի ԱԺ պատգամավորների հետ՝ փոխանցելով հայաստանյան իշխանությունների ուղերձները։

Հանդիպման մասին Oragir.News-ի հարցերին պատասխանելով՝ ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը նշեց, որ իր տպավորությամբ հայաստանյան իշխանությունները Արայիկ Հարությունյանին փափուկ բարձ են առաջարկել։ «Արցախի իշխանությունները հանրությանը պիտի հաղորդեն, որ Հայաստանի իշխանություններն ի դեմս Նիկոլ Փաշինյանի Արցախը տանում են կործանման։ Սակայն այդ մոտեցումն այսօր չկա արցախյան իշխանությունների մոտ»,- ասաց նա։

Ի՞նչ ելք կարելի է առաջարկել նման պայմաններում՝ հարցրեցինք․ «Ելքը միասնական ճակատով պայքարելն է Արցախը և Հայաստանը հանձնող իշխանությունների դեմ։ Այլ ելք չկա։ Չպիտի մենք, մեր տներում նստած հետևելով լրատվությանը, մտածենք, որ մեկ-երկու ընդդիմադիր կարողանալու է այս ստեղծված իրավիճակից ելքեր գտնել։ Եթե չհամախմբվենք և դա չվերածվի համազգային շարժման, ապա մենք կորցնելու ենք մեր երկու երկրների պետականությունը»,- պատասխանեց Գալստյանը։

Ինչպիսի՞ն պիտի լինի այդ պայքարը․ «Պիտի նախ հստակ գնահատական տանք՝ ինչու ենք հայտնվել այս իրավիճակում, ում վարած քաղաքականության արդյունքում ենք հայտնվել այս իրավիճակում։ Մինչև մեղավորները չհասկանան, որ պարտված իշխանությունների հետ որևէ պետություն, գերտերություն չի նստելու հավասարը-հավասարի հետ բանակցելու, նրանք իրենց պաշտոնավարմամբ շարունակելու են վտանգել Հայաստանի ու Արցախի պետականությունը»,- նշեց նա։

Ըստ Գալստյանի՝ այս պահին կարևոր է նաև, որ Արցախի իշխանությունները հստակ դիրքորոշում հայտնեն՝ ընդունո՞ւմ են Փաշինյանի վարած քաղաքականությունը, թե՞ ոչ։ «Եթե ընդունում են, ուրեմն ապա հավասարաչափ մեղավոր են։ Եթե չեն ընդունում, պետք է կոչ անեն համախմբման և Նիկոլ Փաշինյան-չարիքի դեմ պայքարի»։

Նրա խոսքով՝ Երևան եկած պատգամավորները պիտի հանրությանը փաստերով ցույց տալ, որ Հայաստանի ներկայիս իշխանություններն իրենց գործողություններով Արցախը տանում են կործանման, իրենց ունեցած ինֆորմացիան այսօրվա մասին պիտի փոխանցեն հանրությանը, որից հետո պահանջեն, որ Փաշինյանը հեռանա՝ իր տեղը զիջելով կարող ուժերի, քանի որ նա՝ ինքն էլ հայտարարում է, որ փող ունի, բայց զենք չի կարողանում ձեռք բերել, այլ խնդիրներ չեն կարողանում լուծել։

Գալստյանը վստահ է, որ երբ նոր իշխանությունները նորովի ներկայանան աշխարհին, ապա գերտերությունների հետ կկարողանան նաև ձեռք բերել Ադրբեջանի դեմ իրական գործուն անվտանգային երաշխիքներ․ «Պարտվողական դիրքերից հանդես չեկող իշխանություն է մեզ պետք։ Եթե շարունակենք պարտված իշխանություններին թույլ տալ հայ ազգի անունից բանակցել, ապա մենք բանակցություններում ևս պարտվելու ենք, իսկ դա արդեն պետականության կորսուտ է»։

Գալստյանը նշեց, որ Արայիկ Հարությունյանն ունի ինֆորմացիա, հստակ փաստեր, թե ինչպես ենք հայտնվել այս իրավիճակում։ Այդ փաստերը նա պիտի ներկայացնի հանրությանը՝ ուղղորդելով համախմբման և հանուն պետականության գոյության պայքարի։ «Այսօր Հայաստանի պարտված իշխանությունները ոչ թե հայկական շահն են առաջ տանում միջազգային հարթակներում, այլ՝ օտար պետություններից ստանում են հանձնարարականներ և փորձում Հայաստանում այդ հանձնարարարկանները կյանքի կոչել։

Ի՞նչ են նախատեսում անել Արցախի քաղաքական ուժերը․ «Այս պահին ոչինչ բացառել չեմ կարող, ամեն րոպե իրավիճակ է փոխվում։ Իրավիճակին համահունչ քայլեր լինելու են։ Առայժմ կոնսուլտացիաներ, հանրության հետ աշխատանք, որ տեղ հասցնենք այս ուղերձները, որ հանրությունն ընկալի, որ շատ կարևոր է անցնցում իշխանափոխություն անելը, որն էլ կբերի բանակցային սեղանի շուրջ «հավասարը-հավասարի հետ» գործընթացի»։

Դավիթ Գալստյանի խոսքով՝ Արցախի Ազգային ժողովում մեծամասնությունն ընդունում է այս տեսակետը, որ եթե Փաշինյանը չհեռանա, ապա կործանման եզրին ենք կանգնած։ «Փաշինյանն ասելով՝ նկատի ունենք այն համակարգը, այն կառավարությունը, այն մարդիկ, որ կյանքի են կոչում Արցախից ձեռքերը լվանալու այս ծրագիրը»,- ասաց Գալստյանը։

Հիշեցնենք՝ երբ պարզվեց, որ Պրահայում ընդունված հայտարարության մեջ Արցախի մասին առհասարակ հիշատակված չէր, Արցախում սկսվեցին բողոքի ակցիաներ։ Արցախցիները պարզաբանում էին պահանջում իրենց ապագայի վերաբերյալ։ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը պատվիրակությամբ եկավ Երևան՝ պաշտոնական հանդիպումներում հստակեցնելու Պրահայում ձեռք բերված պայմանավորությունների մանրամասներն ու դրանցում Արցախի համար առկա հնարավորություններն ու վտանգները։ Այսօր, փաստորեն, նա իր ստացած ուղերձներն է փոխանցել է ԱՀ ԱԺ-ին։


Կարմեն Մարտիրոսյան