Ռազմական գործողությունների ակտիվացման առումով զսպող դեր չունեն ոչ ձմեռը, ոչ դիտորդները
copy image url

Ռազմական գործողությունների ակտիվացման առումով զսպող դեր չունեն ոչ ձմեռը, ոչ դիտորդները

Ներքին 2 տարի առաջ - 12:40 18-10-2022

Վերջին շրջանում որոշ վերլուծաբաններ հաճախ են խոսում, որ ԵՄ դիտորդների ներկայությունը հայ-ադրբեջանական նոր բախումների հավանականությունն էապես նվազեցնելու է։ Նշում են, որ քանի որ նրանք այստեղ են լինելու առաջիկա մեկ-երկու ամսվա ընթացքում, և մեր տարածաշրջանում այդ երկու ամիսն է, որ ռազմական ինտենսիվ գործողությունների հավանականությունը բարձր է, ապա նրանց ներկայությունը կզսպի այս երկու ամիսը, իսկ հետո՝ զսպող դեր կունենան ձմեռվա սաստիկ ցրտերը։

Oragir.News-ի հետ զրույցում ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը բացատրեց, թե ինչու են նման հույսերն անհիմն։ «Ժամանակակից պայմաններում երկրները կարող են պատրաստվել, օգտագործել նաև ձմեռվա առանձնահատկությունները և մարտական գործողություններ ձեռնարկել։ Այնպես որ չեմ կարծում, որ հնարավոր մարտական գործողությունների հավանականությունն այսպես սեզոնային բնույթով է պայմանավորված»։

Այն հարցին, թե ԵՄ դիտորդների ներկայությունը կարո՞ղ է զսպող լինել ռազմական գործողությունների ակտիվացման առումով՝ արձագանքեց․ «Անկեղծ ասած, մեծ սպասումներ չունեմ, մանավանդ որ Ադրբեջանը չի թույլատրել, որ իր հատվածում ևս տեղակայում լինի, այսինքն՝ այդ աշխատանքն ամբողջական չի էլ լինելու, երկրորդը՝ պարզ չէ, թե ինչ տեխնիկական միջոցներ են ներգրավված լինելու։ Ժամանակը ցույց կտա, չեմ շտապում գնահատական տալ»։

Աբրահամյանը երեկ ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել էր ռազմավարժական հավաքների արդյունավետությանը՝ նշելով․ «Զինված ուժերը համալրելու և արտաքին սպառնալիքները չեզոքացնելուն ուղղված անհրաժեշտ մեխանիզմները գործի չեն դրվել, ինչի հետևանքով զորամասերի համալրումները տեղի են ունենում խնդիրներով, համալրման գործընթացում առկա են խափանումներ: Այս հիմքով և այս սկզբունքների հիման վրա որևէ լուրջ խնդիր անհնար է լուծել, հետևանքը՝ ՀՀ-ից խլվող տարածքներն են ու մեծաթիվ զոհերը»։

Մեր հարցին, թե ինչ է անհրաժեշտ անել՝ նա պատասխանեց, որ նման հարցերում նախընտրում է խորհուրդները հրապարակային չտալ․ «Ես իմ պարտքն եմ համարում գրավոր փակ բնույթի տեղեկանքների միջոցով փոխանցել»։ Արդյո՞ք իրեն պատշաճ պատասխանում են ՊՆ-ից, տեսնո՞ւմ է, որ հետևում են իր մասնագիտական դիտարկումներին․ այս հարցերին ի պատասխան Աբրահամյանն ասաց, որ ուղղում է հարցեր և դիտարկումներ․ «Հարցադրումների պատասխանը ժամկետի խախտումով է ստացվում և ոչ ամբողջական, իսկ դիտարկումների հետ կապված պատասխանի ակնկալիք չունեմ։ Իմ միակ նպատակն է, որ որոշները գոնե մեկ-մեկ իրենց գլուխներն աշխատեցնեն»,- նշեց նա։

Մասնագիտական դիտարկումների նկատմամբ նմանատիպ վերաբերմունքը համարո՞ւմ է անվտանգային խնդիր․ «Բնական է,- պատասխանեց Աբրահամյանը,- անվտանգային խնդիր է։ Այն, ինչ անվտանգային սպառնալիք չի ներկայացնում, մենք ներկայացնում ենք նաև հրապարակային»։

Այսպես, փաստորեն թշնամու՝ մեր տարածք ներխուժման, ռազմական գործողություններով սեփական երազանքները մեր հաշվին իրականացնելու ամենօրյա հայտարարությունների, իրական սպառնալիքների և անվտանգության որևէ երաշխիքի բացակայության ֆոնին մեր բանակում օլիմպիական հանդարտությամբ շարունակում են լոկ խորհել բարեփոխումների մասին՝ ոգևորությամբ հայտարարելով վաղուց սպասված մեկ փոփոխության (եռամսյա հավաքների ժամկետի կրճատման և արդյունավետության բարձրացման) մտադրության մասին, որը դեռ պիտի քննարկվի, նախագիծ դառնա, հաստատվի, իրականացման մեխանիզմներ ստանա, ներդրվի։

Կարմեն Մարտիրոսյան