Ներքին 3 տարի առաջ - 22:15 17-10-2022

Եթե պոլիկլինիկաները օպտիմալացնում են` երկու հաշվապահի, կամ պահակի գումար տնտեսելու համար, սխալ են անում․ բժիշկ

«Առաջին հերթին պետք է հասկանալ`արդյոք միավորված պոլիկլինիկաների կառավարման համակարգը անարդյունավետ էր, այսինքն՝ կա՞ն ցուցանիշներ, որոնք փաստում են, որ այդ պոլիկլինիկան այդ տարածքում անիմաստ է աշխատում, անիմաստ է այդքան բնակչությանը սպասարկում»։ Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց բժիշկ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյան` խոսելով պոլիկլինիկաների միավորման գործընթացից։

Անդրադառնալով պոլիկլինիկաների միավորման գործում միջազգային փորձին՝ Գրիգորյանն ասաց. «Եթե պոլիկլինիկաները միավորում են ու օպտիմալացնում են` զուտ երկու հաշվապահի, կամ երկու պահակի գումար տնտեսելու համար, ապա ասեմ, որ դա սխալ է, որովհետև ամբողջ աշխարում գնում է այն տենդենցը, որ առողջության առաջնային պահպանմանն ուղղված ինչքան շատ բուժմիավորում լինի, այնքան ավելի արդյունավետ կաշխատի առողջապահական համակարգը։ Հիմա այլ բան է, որ արտասահմանում նաև պայմաններ են ստեղծում, որ բժիշկները մասնավոր պրակտիկա ստեղծեն։ Մեր երկրում, կարծում եմ, նման պրակտիկա չի կիրառվի, քանի որ թերապևտները նման ֆինանսական կարողություններ չունեն, որպեսզի անձնական պրակտիկա սկսեն, իսկ միավորելու առումով, նորից եմ ասում, օպտիմալացումը լավ բան է, բայց օպտիմալացումը ինքնանպատակ երբեք չպետք է լինի, դրա տակ պետք է լինի հաշվարկ, թե ինչու ենք մենք օպտիմալացնում, և հաշվարկ, թե ինչ է դա մեզ տալու»։

Խոսելով պոլիկլինիկաների միավորման արդյունքում առաջ եկող խնդիրներից` Գրիգորյանն ընդգծեց. «Արդյոք, օրինակ, x պոլիկլինիկան, եթե փակվում է ու միավորվում է մյուս՝ y պոլիկլինիկայի հետ, այդ x-ի բնակիչները կկարողանա՞ն տարածքային առումով մատչելիություն ստանալ այդ նոր պոլիկլինիկայի նկատմամբ»։

Գրիգորյանը նշեց նաև, որ այդ օպտիմալացման հետևանքով շատերը կորցնելու են իրենց աշխատանքը. «Ի՞նչ են անելու այն բուժաշխատողներին, որոնք օպտիմալացման արդյունքում կկորցնեն իրենց աշխատանքը։ Այդ բուժաշխատողների մասին մեկը մտածե՞լ է, թե՞ ոչ»։

Խոսելով միավորման արդյունքում առաջ եկող խնդիրներից` Գրիգորյանը նշեց, որ կան շատ խնդիրներ, որ նախագիծը մշակողները պետք է հաշվի առնեին. «Ամենակարևոր կետն այն է, թե առողջապահական առումով մեր բնակչությունն ի՞նչ է շահելու, արդյոք պացիենտների մոնիտորինգը ավելի արդյունավետ է իրականացվելու, արդյոք նոր կառավարման համակարգ է ներդրվելու, որով պացիենտները կհաճախեն պոլիկլինիկա, և վստահության բարձրացման պրոցես կսկսվի։ Սրանք հարցեր են, որոնք նախագիծը մշակողները պետք է հաշվի առնեին»։

Հետաքրքրվեցինք Գրիգորյանից` արդյոք օպտիմալացման արդյունքում աշխատանքը չկորցրած աշխատողները շարունակելու են նույն աշխատավարձով ավելի շատ հիվանդների սպասարկել, Գրիգորյանն ասաց. «Եթե ես ունեմ երեսուն աշխատող, օպտիմալացնում, դարձնում եմ տասը աշխատող, այո՛, կարող է տասը աշխատողը այն քսան աշխատողի աշխատավարձից ինչ-որ գումար ստանա, բայց արդյոք այդ տասը աշխատողները կկարողանան արդյունավետ սպասարկել կամ արդյունավետ բուժել մեր պացիենտներին. հարցը այստեղ է, թե մենք ինչ տեսանկյունից ենք նայում։ Ինձ հետաքրքրող հարցը բնակչության առողջության պահպանման տեսանկյունն է, մենք այս տեսանկյունից պետք է նայենք հարցին»։

Խոսելով պոլիկլինիկաների միավորման արդյունքում տեխնիկական վերազինումից` Գրիգորյանն ասաց. «Վերազինումը բոլոր տարիներին էլ եղել է ռազմավարական ինչ-որ ուղղվածություն, որը պետք է վերազինել, բայց ոչ միշտ է այդ վերազինումը անհրաժեշտ ծավալով իրականացվել»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում