Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:16 17-10-2022

Փաշինյանը նույնիսկ հիմա մեկ-մեկ լրագրությամբ զբաղվելու ցանկություն ունի․ Նավասարդյան

Երեկ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Հայ մամուլի օրվա առիթով։ Վերջին տարիներին Փաշինյանը Հայ մամուլի տոնը շնորհավորում էր շատ սեղմ գրառումներով, բայց այս տարի Փաշինյանը հանդես էր եկել բավականին ծավալուն տեքստով, որում ասվում էր, որ մամուլի ազատությունը Հայաստանի կարևորագույն արժեքներից է։ Փաշինյանը արժևորել էր մամուլի դերն ու ընդծել, որ այս օրերին, երբ ազգովի բազմաթիվ մարտահրավերների առաջ ենք կանգնում, դրանց հաղթահարման ճանապարհին հայ մամուլը կարևոր անելիք ունի։

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ Հայաստանում մամուլի ազատ գործելու հետ կապված մեծ խոչընդոտներ չկան. «Ես կարող եմ ասել, որ մամուլի ազատ գործելու համար առանձնապես խոչընդոտներ չկան, բայց կարող են խնդիրներ առաջանալ այն լրատվամիջոցների համար, որոնք ընդունված չեն իշխանության ներկայացուցիչների կողմից։ Այստեղ հարցազրույցներ ստանալու առումով կարող են խնդիրներ առաջանալ»։

Խոսելով Վարչապետ Փաշինյանի շնորհավորական ուղերձից, հետագայում լրագրության ասպարեզ վերադառնալու հնարավորությունից՝ Նավասարդյանն ասաց․ «Իհարկե չեմ բացառում, որովհետև քաղաքական զարգացումներն անկանխատեսելի են, և կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ հիմա մեկ-մեկ ցանկություն ունի զբաղվել լրագրությամբ։ Այնպես որ, եթե իրադարձություններն այնպես դասավորվեն, որ ինքը այլևս չլինի իշխանությունում, ես կարծում եմ, որ լրագրությունը այն մասնագիտությունն է, որով ինքը պետք է զբաղվի»։

Դիտարկմանը, թե Փաշինյանը, լինելով լրագրող, ավելի լավ էր տիրապետում լրատվական դաշտին իր թերություններով, բայց հետագայում վարչապետ դառնալուց հետո այլ մոտեցում ցուցաբերեց լրատվամիջոցերի նկատմամբ, Նավասարդյան ասաց. «Դա բնական է, երբ որ դու անմիջապես այդ խոհանոցում ես, ավելի լավ ես պատկերացնում, թե ինչ է կատարվում քո շուրջը և քո աշխատանքում, և միանգամից այլ իրավիճակ է, երբ քո հիմնական խնդիրները, ինչով դու զբաղվում ես անմիջապես լրագրության հետ կապ չունեն, քանի որ կան բազմաթիվ այլ գործեր, որոնց վրա պետք է կենտրոնանալ։ Ես բնականաբար այն կարծիքին եմ, որ մինչև 2018 թ․ Փաշինյանը ավելի լավ էր պատկերացնում լրատվամիջոցների վիճակը, քան հիմա»։