copy image url
Ներքին 3 տարի առաջ - 11:23 16-10-2022

2022թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիրը Ջամիլա Աֆղանին է

«Ավրորա» համաշխարհային մարդասիրական ամենամյա յոթերորդ մրցանակը շնորհվել է մանկավարժ, իրավապաշտպան, «Նուռ» կրթության եւ կարողությունների զարգացման կազմակերպության (NECDO) հիմնադիր Ջամիլա Աֆղանիին, որն իր կյանքի 25 տարին նվիրել է Աֆղանստանի կանանց կրթության հնարավորություն տալու գործին։ Այս մասին հայտնում է «Ավրորա մարդասիրական նախաձեռնություն» հիմնադրամի մամուլի ծառայությունը։

Դափնեկրի մեծարանքի միջոցառումները, որոնք կրում են բարեգործական բնույթ, անցկացվում են Իտալիայի Վենետիկ քաղաքում հոկտեմբերի 14-16-ը։ Մինչեւ 2021 թ. օգոստոսը «Նուռ» կրթության եւ կարողությունների զարգացման կազմակերպությունն ուներ ավելի քան 100.000 կին շահառու, որոնք ընդգրկված էին գրագիտության ծրագրերում: Եվ սա՝ շնորհիվ բազմաթիվ համայնքներում ստեղծված փոքր կենտրոնների, որոնք ղեկավարում էին հենց կանայք:

Կազմակերպությունը նաեւ իրավաբանական օգնություն եւ սոցիալ-հոգեբանական աջակցություն է տրամադրում ավելի քան 10.000 կնոջ, որոնք բռնության են ենթարկվել ընտանիքի անդամի կամ զուգընկերոջ կողմից: Ստիպված լինելով փախչել Աֆղանստանից՝ Ջամիլան շարունակում է օգնել մյուսներին՝ անկախ հեռավորությունից:

Երբ թալիբները զավթեցին իշխանությունը երկրում, Ջամիլա Աֆղանին ստիպված էր լքել հայրենիքը, բայց նա երբեք չի հրաժարվել իր հայրենակիցներից: Այսօր էլ նրա կազմակերպությունը շարունակում է աջակցել Աֆղանստանի կանանց եւ խոցելի ընտանիքներին՝ լույս սփռելով կրթության անհասանելիության, ընտանեկան բռնության եւ այլ ժամանակակից խնդիրների վրա, որոնց այսօր բախվում են կանայք: Միաժամանակ այն ֆինանսական օգնություն է տրամադրում իրավապաշտպաններին, լրագրողներին եւ փաստաբաններին:

««Ավրորայի» առաքելությունն է ճանաչման եւ մեծարանքի արժանացնել Ջամիլա Աֆղանիի նման մարդասերների աշխատանքը եւ այն ներկայացնել աշխարհին: Մերօրյա այս հերոսները ոգեշնչում ու առաջնորդում են մեզ եւ ցույց տալիս, թե ինչպես դիմակայել ճնշող թվացող մարտահրավերներին: Նրանք մեզ հիշեցնում են համընդհանուր մարդկայնության մասին եւ քաջալերում՝ նույն նվիրվածությամբ ծառայելու աղքատներին եւ լուսանցքում հայտնված մարդկանց։ Նրանք նաեւ հիշեցնում են մեզ բոլորիս հավասար հնարավորություն տալու՝ մեր պարտավորության մասին»,- ասաց «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի համաղեկավար Լորդ Արա Դարզին:

Ամեն տարի «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը շնորհում է «Ավրորա» մրցանակը՝ Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների: Դափնեկիրն ստանում է 1.000.000 ԱՄՆ դոլար պարգեւ եւ հնարավորություն՝ շարունակելու նվիրատվության շղթան՝ աջակցելով կազմակերպությունների, որոնք օգնում են կարիքի մեջ գտնվողներին: Որպես 2022 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր՝ Ջամիլա Աֆղանին կաջակցի Խաղաղության եւ ազատության կանանց միջազգային լիգային եւ «Նուռ» կրթության եւ կարողությունների զարգացման կազմակերպությանը: Խաղաղության եւ ազատության կանանց միջազգային լիգան իր անդամների կողմից ղեկավարվող միջազգային կազմակերպություն է, որը ձգտում է խթանելու համաշխարհային խաղաղություն՝ հանդես գալով հանուն զինաթափման, բռնության վերացման, կանանց իրավունքների եւ գենդերային հավասարության: Իսկ «Նուռ» կրթության եւ կարողությունների զարգացման հասարակական կազմակերպությունը մարդասիրական աջակցություն է տրամադրում Աֆղանստանի կանանց, երիտասարդներին եւ երեխաներին, նրանց ընձեռում զարգացման հնարավորություն:

«Իմ մասնագիտական փորձից գիտեմ, որ մարդու իրավունքների պաշտպանությունը պայքար է։ Մենք անցնում ենք այս փուլերով, եւ սա դրանցից մեկն է, երբ այդքան էլ պարզ չէ, թե ինչպիսին պետք է լինեն մի շարք հարցերի շուրջ մեր հետագա քայլերը, հատկապես՝ երբ ժամանակը պարզապես չի հերիքում: Ջամիլա Աֆղանիի նման մարդիկ հույսի լույս են վառում ապագայի համար եւ մեզ բոլորիս ելք ցույց տալիս խավարից»,- նշեց «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, Իռլանդիայի նախկին նախագահ եւ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով նախկին գերագույն հանձնակատար Մերի Ռոբինսոնը:

Ստեղծումից ի վեր «Ավրորա» մրցանակը բարեփոխել է հակամարտությունների, հալածանքների եւ մարդու իրավունքների այլ խախտումների հետեւանքով տուժած ավելի քան 1.000.000 մարդու կյանք՝ ուշադրության կենտրոնում պահելով երեխաներին, տեղահանվածներին, կանանց եւ աղջիկներին: Բարեգործական նախաձեռնությունը, որի նպատակը շոշափելի արդյունքի հասնելն է, իրականություն է դառնում աջակիցների շնորհիվ, որոնց նվիրատվությունը հնարավորություն է տալիս մրցանակին՝ շարունակելու զորացնել մերօրյա հերոսներին:

Ամենից շատ դիտված

22:44 ՔՊ-ական Էմմա Պալյանը Ամասիայի առողջության կենտրոնում եղբոր համար փոխտնօրենի հաստիք է ստեղծել՝ 250 հազար աշխատավարձով
23:06 Ամերիկացի դիվանագետին Ծիծեռնակաբերդում ոչ մի հայ պաշտոնյա չի ուղեկցել. Էդգար Ղազարյան
09:22 Փիառի համար են ներկրել․ Սամվել Ալեքսանյանին ստիպել են. Հրապարակ
22:49 Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են «Nissan Rogue»-ը և «Toyota»-ն․ կա վիրավոր
22:30 ՔՊ-ին Վաղարշապատը պետք էր, որ Վեհարանի դեմ գրոհն արդարացնի․ հարցում
23:53 Դիվերսիոն խումբը պայթյուն է նախապատրաստել, թիրախը եղել է Սերգեյ Շոյգուն. ԱԴԾ
09:05 Նախարարի՝ 3,150 դոլարանոց պայուսակն ու բրենդային կոստյումը. Ավանեսյանի look-ի հետքերով. Ժողովուրդ
23:34 Դատավարությունը շարունակվում է, մինչդեռ իշխանական լրատվամիջոցը հաղորդում է կալանքի ժամկետը 2 ամսով երկարաձգելու մասին. Ամստերդամ 
22:58 Այս գիշեր երկնքում կդիտվի Լեոնիդների ասուպային հոսքի առավելագույն փուլը. Լևոն Ազիզյան
22:37 Հայ-ամերիկյան նոր երկկողմ խումբ․ Սոնատա Քալթերի քաղաքական ուղին և հակառուսական օրակարգը