Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:56 13-10-2022

Մի ուսումնական հաստատություն ընդունված ուսանողը չի ուզենա ավարտել մեկ ուրիշը. Կրթության փորձագետ

«Եթե մի որոշման նախագիծ շրջանառվում է և գաղտնի է պահվում, դա նշանակում է, որ այդ որոշման նախագծում ինչ-որ խութեր կան»։ Այս մասին oragir.news-ի հետ զրույցում ասաց կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը՝ խոսելով բուհերի միավորման շրջանառվող նախագծի մասին։

Հիշեցնենք՝ Բրյուսովի անվան Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի ուսանողները դասադուլ են հայտարարել։ Պատճառը տեղեկությունն է այն մասին, որ ամենայն հավանականությամբ բուհը կարող է միավորվել Մանկավարժական համալսարանի հետ և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի հետ։

«Եթե լավ որոշում էր արդյոք չարժեր, որ այն քննարկվեր հիմնական շահառուների, այդ բուհերի ուսանողների, դասախոսների, աշխատակազմի հետ։ Եթե չարժեր, ուրեմն այդտեղ ինչ-որ խութեր կան, որոնք անհասկանալի են մեզ համար։ Եվ սա արդեն կասկածների տեղիք է տալիս, երկրորդը ո՞րն է միավորման նպատակը, արդյոք դա կրթության որակի բարձրացումն է, արդյոք դա ուսանողների համար ավելի լավ կրթության ապահովվելն է, ոչ մի բան չի փոխվի, եթե նույնիսկ մեխանիկորեն վերցնենք և միացնենք այդ բուհերն իրար։ Այսինքն, ըստ էության, սա չմտածված, չհիմնավորված որոշում է»,- ասաց Մխիթարյանը։

Դիտարկմանը, որ այս որոշման հիմնավորումն այն են համարում, որ լուծում են մանկավարժության պակասի խնդիրը՝ Մխիթարյանն ասաց. «Այդ միավորումով խնդիրը չի լուծվելու, բնականաբար այդ խնդրի լուծման ձևը բուհերը մեխանիկորեն իրար միացնելը չէ։ Այդ ուղղությամբ պետք է քայլեր ձեռնարկել, այդ խնդիրը կա, բայց արդյոք սա է այդ խնդրի լուծումը։ Որոշում կայացնողները մանրամասն չեն մտածում, ինչ-որ հանձնարարություն են կատարում, թե ինչ-որ սկզբունքներից ելնելով են դա անում, ամեն դեպքում մինչև այս պահը ես որևէ պաշտոնական հիմնավորում չեմ լսել»։

Հարցին, թե որքանով է արդյունավետ լեզվաբանական համալսարանը միացնել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտի հետ՝ Մխիթարյանն ասաց. «Չգիտեմ, անհրաժեշտ է, որ հիմնավորում լինի դրա համար, մասնագետները մի հատ նայեն այդ հիմնավորմանը, որովհետև մինչև հիմա այդպիսի խոսակցություն չկար, ընդ որում ֆիզկուլտն ու Բրյուսովը միավորելու, դրա համար շատ դժվար է այս պահին տրամաբանություն գտնելը։

Դա է պատճառը, որ նույնիսկ չի կարելի մեկնաբանել սա, որովհետև պետք է ինչ-որ փաստարկներ, հիմնավորումներ լինեն, որ դու հակափաստարկներ բերես, կամ հիմնավորումը ժխտես»։

Խոսելով բուհերի միավորումներից հետո առաջ եկող խնդիրներից՝ կրթության փորձագետն ասաց. «Ուսանողը, որն ընդունվել է մի ուսումնական հաստատություն չի ուզենա ավարտի մեկ ուրիշը, սա առաջինն է, երկրորդը՝ միանգամից պետք է ենթադրել, որ ադմինիստրատիվ աշխատողների 1-ով, 2-ով կրճատում կլինի, որովհետև, եթե երեք բուհ միավորվում են՝ երեք հաշվապահություն չի լինի, երեք ռեկտոր չի լինի, այսինքն էական կրճատումներ կլինեն և այդ մարդիկ ուղղակի աշխատանքը կկորցնեն։

Մյուս խնդիրն այն է, որ կարող են հակասություններ առաջանալ, քանի որ դա մեկ օրվա խնդիր չէ, հատկապես, կառավարման հարցերում, որովհետև մասնագետները, ովքեր կառավարում են մի բուհում՝ ունեն որոշակի առանձնահատկություններ և չեն կարող այդ երեքը միանգամից կառավարել։

Խնդիրներ կան, որոնք, բնավ, չեն նպաստում խոսել մի բանի մասին, որոնք երկրորդային, երրորդային նշանակություն ունեն և հասարակությանը ցնցելու ևս մեկ առիթ են տալու, այս պարագայում բարձրագույն կրթության մեր ուսանողներին, դասախոսներին, մտավորականությանը, նրանց շեղելու են հիմնական խնդիրներից»։

Դիտարկմանը, որ այս քայլերը կառավարությունը հիմնավորում է նրանով, որ կրթական համակարգում բարելավում է, կրթական ցենզն է բարձրացնում՝ Մխիթարյանն ասաց. «Վերջին շրջանի «բարեփոխումները» բերեցին նրան, որ այս տարի ընդունելության քննությունների ժամանակ մենք ունեցանք սահմռկեցուցիչ իրավիճակ, պատկեր, երբ որ բուհերում ընդունելությունները կրճատվեցին, դիմորդների մեծ մասը անբավարար գնահատականներ ստացան, և այս ամենը խոսում է այն մասին, որ այդ փոփոխությունները անընդհատ, շարունակական բերում են կրթության որակի անկմանը, իսկ դա բերում է մեր երկրի ռազմավարական թուլացմանը։

Եթե մեր նպատակը դա է պետք է շարունակել «բարեփոխումները», իսկ լավագույն տարբերակը այս դեպքում, գոնե որոշակի ժամանակ ձեռք չտալ կրթական համակարգին։ Այն մարդիկ, ովքեր որոշում են կայացնում այս բնագավառում, շատ հեռու են այդ բնագավառից, և նրանց որոշումները դառնում են չորոշումներ տվյալ համակարգի համար»։