Ներքին 3 տարի առաջ - 19:59 06-10-2022

Վարդան Օսկանյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին

Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն արձագանքել է նախօրեին Նիկոլ Փաշինյանի՝ «Հայաստանը Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս, եւ դրա հեղինակը Վարդան Օսկանյան-Ռոբերտ Քոչարյան են» հայտարարությանը։

Օսկանյանի արձագանքը՝ ստորեւ․

«Իմացա Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի երեկ արած հայտարարությունների մասին։ Այդ կապակցությամբ ընդամենը կարող եմ վերահաստատել այն, ինչ բազմիցս ասել եմ՝ 2008-ին սեղանին դրված փաստաթուղթը ամենահայանպաստ լուծումներն էր ենթադրում, որը հմուտ օգտագործման դեպքում կհանգեցներ Արցախի ինքնորոշման՝ միջազգայնորեն ճանաչելի իրացմանը։ Դեռ անգամ 2018-ին Նիկոլ Փաշինյանը ստացել էր այնպիսի բանակցային ժառանգություն, որ այն չարհամարհելու, զրոյական կետից չսկսելու և հանցավոր ինքնավստահություն չդրսևորելու դեպքում ոչ միայն կարող էր բացառել պատերազմը, այլև հենց այդ փաստաթղթերում առկա դրույթների վրա հենվելով՝ հասնել Հայաստանի համար ընդունելի լուծումների: Իրականում նույնիսկ ամենամեծ զիջումների դեպքում լուծումը կլիներ անհամեմատ ավելի լավը, քան այն ընտրությունը կամ նույնիսկ ընտրության բացակայությունը, ինչին հանգեցրել է գործող իշխանության փորձի ու գիտելիքի բացը։

Այսօր, դժբախտաբար, նույն համառ գործելաոճը շարունակվում է։ Իշխանություններն իրենց վարած քաղաքականության արդյունքում մեզ դրել են անելանելի երկընտրանքի առաջ՝ ընդունել Ադրբեջանի ամենամաքսիմալիստական պահանջները, եթե ոչ՝ պատերազմ։

Մարտնչող համառության հետ բանավիճելն անիմաստ է։

Դատելով վերջին օրերի դիվանագիտական ակտիվությունից և հայտարարություններից՝ այսօր սեղանի վրա են Ադրբեջանի երեք պահանջները՝ Ղարաբաղի ճանաչումը Ադրբեջանի մաս, միջանցքը, սահմանազատման խնդիրը, այսինքն՝ անկլավները։

Հայկական կողմն այդպես էլ չկարողացավ ընդլայնել այս՝ բացառապես ադրբեջանական օրակարգը։

Դիվանագիտական առևտուրը կարծես թե գնում է հենց այս եռանկյունու շրջանակում, որտեղ հայկական կողմի մոտեցումն է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելով՝ Ադրբեջանին դրդել հրաժարվել միջանցքից և անկլավներից։ Բնականաբար, այս մոտեցման իրականացումը կլինի Արցախի վերջնական կորստի ամենակարճ ճանապարհը։

Թեկուզև ժամանակի առումով արդեն ուշ է, ես, համենայն դեպս, կարծում եմ, որ Պրահայում Փաշինյանը նախ պետք է խուսափի փաստաթուղթ ստորագրելու ժամկետների պարտադրանքից, ապա ամեն կերպ փորձի դուրս գալ Ադրբեջանի թելադրած և պարտադրած ու ոչ մի լավ տեղ չտանող այդ օրակարգից և փակ շրջանակից։ Բանակցային այս օրակարգն այնքան նեղ ու միակողմանի է, որ սեղանի վրա առկա հարցերի շուրջ որևէ առևտուր միանշանակ լինելու է ի վնաս Հայաստանի։

Հայաստանը պետք է կարողանա բանակցային սեղանին դնել իր օրակարգային խնդիրները, այդ թվում՝ Շուշիի և Հադրութի ճակատագրի, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի, Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման և գերիների վերադարձի խնդիրները։ Այս հարցերն անպայմանորեն հենց Պրագայում պետք է դնել սեղանին՝ բանակցային օրակարգը եռանկյունուց դարձնելով բազմանկյուն, ինչը լայն հնարավորություններ կստեղծի բանակցային գործընթացում առավել արդյունավետ ելքեր որոնելու համար»։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան