Տուն-տեղ կորցրածների խնդիրները՝ լայն փակած աչքերով
copy image url

Տուն-տեղ կորցրածների խնդիրները՝ լայն փակած աչքերով

Ներքին 2 տարի առաջ - 13:40 03-10-2022
Սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական ագրեսիայի արդյունքում վնասված տների, բնակավայրերի բնակիչները մեծամասամբ շարունակում են մնալ ՀՀ այլ հատվածներում՝ բարեկամների-ընկերների տներում։

Քանի՞սն են նրանք, նրանցից քանի՞սն է նախատեսում վերադառնալ, քանի՞սն ունի հոգեբանական աջակցության կարիք, քանի՞ տուն է քանդվել այնպես, որ այնտեղ բնակվելը կարող է վտանգավոր լինել․․․ առայժմ մնում է անհայտ։ Տեղեկություն չկա նաև այն մասին, թե ինչպես է պետությունը փոխհատուցելու բնակիչների կրած վնասները։

Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարությունն այդպիսի վիճակագրություն չի վարում․ Oragir.news-ի հետ զրույցում նշեց խոսնակ Զառա Մանուչարյանը։ «Տուն, արոտավայր, գույք, անասուններ կորցրած քաղաքացիներին փոխհատուցում տալու հարցը ևս նախարարությունների լիազորություններից դուրս է։ Նախարարությունը բավարարում է միայն առաջնային կարիքները՝ հագուստ, սնունդ, հիգիենայի պարագաներ»,- ասաց Մանուչարյանը։

Նրա խոսքով՝ տուժած քաղաքացիներին՝ կարիքին համարժեք աջակցություն տալու համար նախ պիտի իրականացվի կարիքների գնահատում։ Սոցապ նախարարությունը ինչպես ՀՀ բոլոր քաղաքացիներից, այնպես էլ վերջին ագրեսիայից տուժած քաղաքացիներից դիմումներ ընդունում է միասնական հարթակի և 114 հեռախոսահամարով զանգերի կենտրոնի հետ կապվելու միջոցով, տրամադրում է առաջնային օգնություն՝ ըստ կարիքի․ հիմա, ըստ խոսնակի, հնարավոր չէ նշել, թե այդ դիմումներից քանիսն է վերջին հարձակումից տուժած քաղաքացիներից ստացվել։

Կարիքի ուղիղ բավարարում, ըստ Մանուչարյանի, իրականացվում է մարզպետարանների, համայնքապետարանների միջոցով։

Վայոց Ձորի մարզպետարանի Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Արամ Կոստանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նման թվերի չի տիրապետում նաև մարզպետարանը․ այդ հարցով հարկ է դիմել սոցապ նախարարությանը։ ԿԳՄՍՆ մամուլի քարտուղարից փորձեցինք տեղեկանալ՝ կա՞ հրահանգ ՀՀ դպրոցներին, որ Ջերմուկից դուրս եկած ընտանիքների երեխաներին ընդունեն (ինչպես 44-օրյայի ժամանակ Արցախից դուրս եկած երեխաներին) համապատասխան դասարաններ, որպեսզի իրացվի երեխաների՝ կրթություն ստանալու իրավունքը։

Գեղամ Մելիքբեկյանը խնդրեց հարցը փոխանցել գրավոր (ըստ ընթացակարգի՝ այս պարզ հարցի պատասխանը պիտի տրամադրեն լավագույն դեպքում հինգ օրվա ընթացքում)։ Փաստորեն, ագրեսիայից երեք շաբաթ անց էլ քաղաքացին մենակ է իր խնդիրների հետ․ նրան առավելագույնը հագուստ-սնունդ կտան, եթե ինքը դիմի նախարարություն։

Պետությունը չգիտի էլ՝ քանիսն են նրանք՝ տնից-տեղից կտրված իր քաղաքացիները, և նրանց թվում քանիսն են երեխաներ։ Մինչդեռ կարելի է դրսևորել նրանց նկատմամբ տարրական հոգածություն, օրինակ, լսելով Ջերմուկի իրենց ավերակ-հրետակոծվող տները թողած՝ հանրապետությունով մեկ ցրված ընտանիքների մասին, ԿԳՄՍՆ-ն կարող էր անմիջապես հրահանգել, որ երեխաներին ընդունեն այն դպրոցները, որոնց մոտիկ բնակություն են հաստատել ընտանիքները, և հորդորեր ծնողներին երեխաներին ուղարկել դպրոց, որպեսզի գոնե մի քանի ժամ նրանք անցկացնեին տարեկիցների հետ, չկտրվեին դասերից, օրնիբուն չլինեին տագնապած մեծահասակների միջավայրում։

Ինչևէ, հուսանք, որ գոնե մինչև ըստ ընթացակարգի՝ մեր գրավոր հարցման ժամկետի ավարտը նման մի հայտարարություն կլինի։ Մարզպետարան-նախարարություն էլ կկարողանան պայմանավորվել, թե ինչպես են հաշվառելու-համակարգելու խնդիրները, որ հույս լինի, թե դրանք կլուծվեն։