Երևան +16°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:13 30-09-2022

Ավտոկայանատեղիների մասին նոր նախագիծը վարորդներից լրացուցիչ գումարներ գանձելու համար է նախատեսված

Երևանում ավտոմեքենաների կայանման «Կարմիր գծերի» գույնը կփոխվի, ավտոկայանատեղիների վճարի չափերն էլ կվերանայվեն: Այս նախագիծն այսօր արժանացել է ՀՀ կառավարության հավանությանը, առաջիկայում կներկայացվի ԱԺ։ Նախագծով նախատեսվում է երևանյան ներկայիս միանման ավտոկայանատեղերը տարբերակել ըստ նշանակության. հաշմանդամ վարորդների համար` մի գույնով, ծառայողական ավտոմեքենաների համար` մեկ այլ, շարքային քաղաքացիների համար էլ` ուրիշ գույնի գետնանշումով: Միաժամանակ փոփոխություններ կլինեն նաև ըստ տեղանքի. կենտրոնում ավտոկայանատեղին ավելի թանկ կլինի, ծայրամասերում`ավելի էժան։ Նոր դրույքաչափերը կսահմանվեն ըստ առկա գոտիականության:

Oragir.news-ը զրուցել է «Վարորդի ընկեր» ԻՀԿ նախագահ Տիգրան Քեյանի հետ՝ հարցնելով, թե ի՞նչն է փոխվում, արդյո՞ք գո՞ւյնը, արդյո՞ք այդ ավելացված գումարով նոր ավտոկայանատեղի են կառուցելու, թե խնդիրը շատ գումար հավաքելն է։ Քեյանը պատասխանեց.

«Իմ ունեցած պրակտիկ փորձը ցույց է տալիս, որ այն փոփոխությունները, որոնք կապված են ՃՊՏ-ի, պարեկային ոստիկանության կողմից՝վճարովի կայանատեղիների հետ կապված, որոնք կատարվում են, ավելի շատ միտված են լրացուցիչ գումարներ գանձելու, այլ ոչ թե վարարոդի բեռը թեթևացնելուն, ու այն միֆը, որ իրենք ավելի բարենպաստ պայմաններ են ստեղծելու վարորդի համար, կամ վարորդի բողոքները կթուլանան, դրանք բնականաբար բոլորը վարորդի հոգսը շատացնելու համար են արվում։ Մինչև այսօր վարորդներից այնպիսի պահանջներ են եղել, որոնց հետևանքով ոչ երթևեկությունն է կարգավորվել, ոչ էլ մի այլ բան։ Մենք վերջերս փոփոխություն ենք արել, որի հեղինակներից մեկը Սիսակ Գաբրիելյանն է, իրար հետ անգամ աշխատել ենք փոփոխության հետ կապված, դրա համար մեկ պահանջն այն է, որ եթե դուք ուզում եք փոփոխություն անել, ապա պետք է այնպես կազմակերպեք, որ կայանատեղիներին վճարովի ծառայություն մատուցողներ չլինեն։ Այսինքն՝ մեքենաներ վարձով չտրվեն, ինչ-որ մեկը չզավթի ու առևտուր անի, այդ կայանատեղին ծառայի վարորդին, այլ ոչ թե բիզնես նպատակով օգտագործվի, քաղաքապետարանն ասաց, որ այո՛, կանի որոշ բաներ։ Քաղաքապետարանը պետք է իր ամբողջ ռեսուրսը ներդներ ու այն ծառայեցներ վարորդների համար, բայց այդ փոփոխությունն արդեն մեկ տարուց ավելի է, ինչ քաղաքապետարանը բոլոր շոուներն անելով ասում է, որ տեսեք՝ մենք այս ինչ արգելափակոցներն արդեն հավաքել ենք, ու այդպես մինչև այսօր վարորոդների խնդիրը որևէ կերպ չի լուծվում, միակ լավ բանը, որ արել են, այն է, որ վարորդներին տասնհինգ րոպեն մեկ տեսանյութ է ուղարկվել, թե վարորոդը ինչ պետք է անի, ուրիշ ոչ մի բան։ Վարորոդի համար այս ամենը հավելյալ տուգանք է ստեղծելու»։

Դիտարկմանը, թե Կենտրոնի բնակիչը, օրինակ, մի քանի անգամ ավելի շատ է գույքահարկ վճարում, բայց ոչ մի առավելություն չունի ծայրամասի բնակչի հանդեպ մեքենան կայանելու հարցում, պատասխանեց. «Կենտրոնի բնակիչը ոչ մի բան էլ այս դեպքում չի կարողանում անել, որովհետև քաղաքապետարանն ամբողջ բակերը, արգելափակոցներից սկսած, սահմանափակել է։ Ես բան չունեմ ասելու՝ որոշ խնդիրներ կան, բայց այս փոփոփխությունն իրենից ոչ մի բան չի ենթադրում, որ մարդկանց մեքենաների կայանման հարցում խնդիրը լուծվի , երթևեկությունը թեթևանա ու միակ նպատակն այն է, որ վարորդներն իբրև բոլորն անխտիր իրավախախտ մարդիկ են, ու բերեք այնպես անենք, որ այս մարդկանց տուգանենք, երկրորդ փուլով այնպես անենք, որ այդ մարդկանց զրկենք բողոքարկելու իրավունքից կամ այդ բողոքարկումն էլ այնպես անենք, ր դարձնենք վճարովի, ու այնպես անեն, որ ավելի լավ է մարդիկ տանեն ակտը վճարեն, քան բողոքարկման համար վճարեն ու այդպես հասնում են այն բանին, որ ավելի շատ գումարներ են գանձում քաղաքացիներից, քան թե ոլորտն են կարգավորում»։