copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 12:06 29-09-2022

Պաշտոնական Բաքուն հերթական անգամ Երևանին է մեղադրում սահմանային լարվածության համար

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը նախօրեին հայ-ադրբեջանական պետական սահմանին տեղի ունեցած լարվածության վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում հերթական անգամ մեղադրել է հայկական կողմին։

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ «հայկական կողմի սադրանքները, որոնք արդեն «ավանդական» բնույթ են ստացել, միտումնավոր են իրականացվում՝ բարձր մակարդակի հերթական հանդիպման նախօրեին»։

Տարածված հայտարարության մեջ նշվել է, որ Հայաստանը նման քայլերով փորձում է խաթարել բանակցային գործընթացը։

«Հայաստանի ղեկավարությունը տարածաշրջանում չպետք է սրի իրավիճակը, չպետք է պայմաններ առաջադրի բանակցային գործընթացի համար, այլ դադարեցնի միջազգային հանրությանը մեղադրելու պրակտիկան և նստի բանակցությունների սեղանի շուրջ»,- ասվում է հայտարարության մեջ։

Միևնույն ժամանակ ադրբեջանական կողմը ընդգծել է, որ Բաքուն «խաղաղության օրակարգի նախաձեռնողն է, ակտիվորեն իրականացնում է վերականգնողական և վերակառուցման լայնածավալ աշխատանքներ և շահագրգռված չէ տարածաշրջանում լարվածություն ստեղծելով»։

Հայտարարությունում նաև ուշադրություն է հրավիրվել այն բանին, որ Ադրբեջանի դեմ ուղղված ցանկացած «սադրանք» վճռականորեն կճնշվի։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին՝ ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ: Հայաստանի ՊՆ-ի փոխանցմամբ՝ ժամը 22:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայունացել է, սակայն սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ: