Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:07 27-09-2022

ՀՀ անվտանգության միջազգային երաշխավոր հիմա տեսնում եմ ԱՄՆ-ին․ Մհեր Հակոբյան

«ԱՄՆ-ի համար Հայաստանին օգնելը՝ թե՛ սեղմ ժամկետներում զենք տրամադրելը, թե՛ իր հեղինակությամբ Ադրբեջանի հարձակումը կանխելը միայն քաղաքական կամքի հարց է»,- Oragir.news-ի հետ զրույցում այսօր նշեց ռազմաքաղաքական վերլուծաբան, իրավագետ Մհեր Հակոբյանը։

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հայտնում է, որ ԱՄՆ քաղաքական գործիչները Կոնգրեսում երկկուսակցական կոնսենսուսի ճնշման ներքո քննարկում են Հայաստանին զենք վաճառելու հարցը՝ Ադրբեջանի կողմից ագրեսիայից և էթնիկ զտումներից պաշտպանվելու համար։ Կարո՞ղ է սա իրական հակակշիռ լինել ռուսական անվտանգային անձրևանոցին․ այս հարցին ի պատասխան՝ Մհեր Հակոբյանը նախ ընդգծեց, որ առայժմ այդ մասին միայն Հայ Դատի գրասենյակի հաղորդագրությունն ունենք, դեռ պաշտոնապես ԱՄՆ-ն չի հայտարարել։ «Իհարկե, դա լավ լուր է, կարծում եմ՝ կապ ունի մեր նախարարի այցի հետ, բայց պիտի հիշենք, որ սա երկար-երկար ճանապարհի սկիզբն է միայն, իրապես զենք ստանալու հիմքով մեր հաշվարկներն անել դեռ չենք կարող։ Նույնիսկ Ուկրաինան, որ ԱՄՆ-ի շահերի համատեքստում է գործում, ինքն էլ դեռ շատ սահմանափակ քանակությամբ է զենք ստանում։ Հիշենք նաև, որ զենքը գումար է, իսկ Արևմուտքում գումարից միշտ դժվար են բաժանվում»։

Սովորաբար որքա՞ն ժամանակ է պետք լինում ըստ ընթացակարգի զենքը տեղ հասցնելու համար՝ հարցրեցինք․ «Քաղաքական կամքի հարց է, եթե ԱՄՆ-ն ուզի, հենց վաղը կարող է զենքը հասցնել այստեղ,- ասաց ռազմական փորձագետը։- Ավելին, ԱՄՆ-ն այն ուժն ու հեղինակությունն ունի, որ կարող է նույնիսկ զենք չուղարկի, վճռական իր խոսքն ասի Ադրբեջանին՝ մի՛ հարձակվիր Հայաստանի վրա, և դա արդեն իսկ բավարար կլինի, որ Ադրբեջանը չհարձակվի։ Ճիշտն ասենք, վերջին սեպտեմբերյան սրացումների ժամանակ էլ Բլինքենի զանգն էր, որ զսպեց Ալիևին»։

Ըստ Հակոբյանի՝ սեպտեմբերի 13-14-ի սահմանային բախումները մեծ հարձակման սկիզբն էր, ուղղակի ԱՄՆ-ի դիրքորոշումը զսպեց Ալիևին, և նա չհամարձակվեց առավել սրել իրավիճակը։ «Որպես ՀՀ անվտանգության միջազգային երաշխավոր՝ տեսնում եմ հիմա ԱՄՆ-ին։ Այլ հարց է, թե դա որքանով է հուսալի, թեպետ այս պահին դա առավել հուսալի է, քան ռուսականը»։

Ռուսաստանն, ըստ նրա, այսօր այնքան կորուստներ ունի, որ մեզ չի էլ անդրադառնում․ «Գլուխը կորցնողը սանրվածքի մասին չի մտածում։ Հիմա ԱՄՆ-ի շանսերն ավելի են մեծանում, որովհետև իրական հնարավորություն է ստեղծվում, կարծես, Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից․ այս իրավիճակում Վաշինգտոնում կլինի գայթակղություն Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից։ Երբ Ռուսաստանը նախկինում ասում էր, որ ինքն է տերը, կային աշխարհաքաղաքական չգրված պայմանավորություններ, և իրոք, մյուս ուժերը Հարավային Կովկասը թողել էին Ռուսաստանին, բայց հիմա՝ ռուս-ուկրաինական պատերազմից հետո, առճակատումը ծայրահեղ է, և մեկը մյուսի գոյությունն է հարվածի տակ դնում»։
Ի՞նչ դիրքում ենք մենք․ «Շատ վատ վիճակում ենք, քանի որ մնալու ենք մրցակցության արանքում։ Եվ թույլ ենք՝ ռազմական, քաղաքական, միջազգային, բարոյական, հոգեբանական՝ բոլոր առումներով»,- պատասխանեց Հակոբյանը։

Հայաստանն այս անգամ հայտարարեց ՀԱՊԿ զորավարժություններին չմասնակցելու որոշման մասին, ի՞նչ ազդեցություն կարող է դա ունենալ մեր հարաբերությունների վրա․ «ՀԱՊԿ-ին չմասնակցելը քաղաքական դեմարշ է, բայց ռուսական կողմն այս պահին այնքան ծանր դրության մեջ է, որ չի էլ կարող Հայաստանին պատժելու փորձ անել։ Բառի իսկական իմաստով «ՀԱՊԿ դաշինք» չկա։ Կար ռուսական շահերի շուրջը հավաքված որոշակի պետությունների միություն, որ իրենց շահերն ունեին։ Այս առումով, այո, ՀԱՊԿ-ը փլվում է»,- ասաց փորձագետը։

Անդրադառնալով դիտարկմանը, որ այսօր Դոնբասում և Լուգանսկում ավարտվում է հանրաքվեն, և ըստ մեկնաբանների, ավարտից անմիջապես հետո ՌԴ-ն այդ տարածքները հայտարարելու է իր անբաժանելի մասը՝ դրա նկատմամբ Ուկրաինայի ցանկացած ոտնձգություն որակելով որպես հարձակում իր սուվերեն տարածքի վրա, և հավանական է, որ գործարկի ՀԱՊԿ-ի մեխանիզմները՝ պահանջելով, որ մի հայկական զորախումբ էլ մեկնի ռուս-ուկրաինական սահման՝ Մհեր Հակոբյանը դա քիչ հավանական համարեց․ «Իրավաբանորեն դա բացառված չէ, բայց քաղաքական որոշակի տարրեր հաշվի առնելով՝ դա քիչ հավանական է։ Եթե Ռուսաստանը պարտադրի ՀԱՊԿ անդամներին մասնակցել ուկրաինական պատերազմին, ինքը քաղաքական լրջագույն վնաս կկրի, քանի որ պարզ կլինի, որ իր ուժը չի բավարարում։ ՀՀ-ն խնդիր ունի իր սեփական տարածքների պաշտպանության առումով և հանգիստ կարող է ասել՝ չի կարող գնալ։ Նաև, ՀԱՊԿ-ը Հայաստանին չօգնեց, և այդ հիմքով էլ կարող ենք չգնալ։ Բայց կարող է նաև որոշում կայացվել, և կարող ենք մասնակցել շատ սիմվոլիկ թվով զորախմբով՝ ասենք մի հիսուն հոգանոց խմբով։ Ամփոփելով կրկնեմ՝ շատ քիչ եմ հավանական համարում, որ ՀՀ քաղաքացիները կմասնակցեն, իսկ էթնիկ հայերը այսօր էլ երկու կողմից էլ մասնակցում են»։

Ի՞նչ է սպասվում ռուս-ուկրաինական ճակատում հարցին ի պատասխան՝ Հակոբյանն ասաց, որ մեծապես անկանխատեսելի է․ «Սկզբում, երբ Ռուսաստանը զորահավաք հայտարարեց, բոլորը խնդմնդացին, թե ուրեմն վիճակը ծանր է, բայց հիմա այդ խնդմնդոցն անցավ, քանի որ, այո, վիճակը ծանր է, և խաղադրույքները մեծացնում է Ռուսաստանը, դրված է լինելու մեծապես կամ-կամ-ի հարցը, իսկ այդ դեպքում հարց է՝ Ուկրաինան կհաղթի՞, թույլ կտա՞ն դա։ Ես տեսնում եմ, որ Ուկրաինան շարունակում է գնալ Սիրիայի ճանապարհով՝ երկրի մի մասը մի ուժ է հսկում, մյուս մասը՝ մի ուժ, և ինքն էլ դառնում է հավերժ մարտական թատերաբեմ։ Եվ եթե այստեղ կողմերից մեկը վճռական հաղթանակ չունեցավ, Ուկրաինան էլ կվերածվի Սիրիայի։ Այս պատերազմը շատ ծանր է նստելու նաև Ռուսաստանի վրա․ պատերազմը սկսելիս նույնիսկ ամենավատ սցենարներով իրենք սա չէին նախատեսում»։

Պատերազմ կանխատեսո՞ւմ եք մեզ մոտ․ այս հարցին ի պատասխան՝ Հակոբյանն ասաց, որ առնվազն օգոստոսի և սեպտեմբերի հարվածների նման սրացումներ հավանական են, իսկ արդեն ձմռանը այդ հավանականությունը փոքր է։

«Այո, նշեցինք, որ Բլինքենն ընդդեմ պատերազմի խոսել է, բայց նաև պիտի հիշենք, որ աշնանը ԱՄՆ-ում ընտրություններ են, և չգիտենք, թե այդ ընթացքւմ մեզ մոտ ինչեր կլինեն։ Պատերազմ գուցե չէ, բայց մանր ընդհարումներ․․․ թեպետ մանր ասելն էլ ճիշտ չէ, վերջին ընդհարման ժամանակ ավելի քան երկու հարյուր մարդ կորցրինք։ Մյուս կողմից, պատերազմը ե՞րբ է ավարտվել․ մեր կյանքն է, մենք ասում ենք Արցախյան առաջին, երկրորդ, երրորդ պատերազմներ։ Ես վստահ եմ, մի հարյուր տարի հետ, երբ պատմություն գրեն, էս արանքները միջից հանելու են, գրեն մեկ ընդհանուր՝ Արցախյան պատերազմ 1991-ից մինչև, պայմանական ասենք, 2046, ինչպես մենք ենք հիմա խոսում տաս-տասնհինգ տարվա ընդմիջումներով ընթացած հարյուրամյա պատերազմի մասին»։