Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 14:32 27-09-2022

Արցախի նախագահը մասնակցել է 44-օրյա պատերազմում նահատակվածներին նվիրված հիշատակի միջոցառումներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 27-ին մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի Ազատամարտիկների անվան պուրակ, որտեղ ծաղիկներ է խոնարհել 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին տեղադրված հուշատախտակի մոտ։

Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից, նշելով, որ այնուհետև երկրի ղեկավարը հոգևոր դասի առաջնորդությամբ Արցախի Հանրապետության երրորդ նախագահ Բակո Սահակյանի, գործադիր և օրենսդիր մարմինների պատասխանատուների հետ մասնակցել է օրվա խորհրդով կազմակերպված խաչերթին։

Նախագահ Հարությունյանը Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում ներկա է գտնվել 44-օրյա պատերազմին նվիրված «Լուսո խորան» խորագիրը կրող հուշակոթողի բացման ու օրհնության և Հայրենիքի պաշտպանության համար զոհված ազատամարտիկների հոգեհանգստյան կարգերին, որից հետո զինվորական պանթեոնում ծաղիկներ է խոնարհել նահատակված հերոսների շիրիմներին։