Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 23:46 26-09-2022

ՀՀ-ն և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակը կհամագործակցեն ըստ ճանապարհային քարտեզի

Վիեննայում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) միջև հարաբերությունների հետագա զարգացման նպատակով 2022-2025թթ. համագործակցության ճանապարհային քարտեզի ստորագրման արարողությունը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, հայկական կողմից փաստաթուղթը ստորագրել է Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը, իսկ ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի անունից՝ գրասենյակի գործառնական դեպարտամենտի տնօրեն Միվա Կատոն:

«Իր խոսքում դեսպան Պապիկյանն ընդգծեց, որ ճանապարհային քարտեզը հնարավորություն է տալիս երկու կողմերի միջև առկա համագործակցությունը ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել և ամրապնդել Հայաստանի ձեռքբերումները՝ գրասենյակի մանդատի շրջանակներում առկա մարտահրավերները հասցեագրելու գործում: Նա նշեց նաև, որ ճանապարհային քարտեզը նաև կնպաստի հանցավորության դեմ պայքարի ոլորտում Հայաստանի կարողությունների զարգացմանը, և այս առումով կարևորեց UNODC-ի քարտուղարության հետ ձևավորված համագործակցությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Միվա Կատոն իր հերթին շեշտել է, որ ճանապարհային քարտեզի ստորագրումը կարևոր հանգրվան է երկկողմ համագործակցության զարգացման տեսանկյունից, և նշել UNODC-ի՝ Հայաստանի հետ փոխգործակցությունն էլ ավելի խորացնելու և զարգացնելու պատրաստակամության մասին:

Նշվում է, որ 2022-2025թթ. Համագործակցության ճանապարհային քարտեզը արտացոլում է հանցավորության դեմ պայքարի ոլորտում Հայաստանի կառավարության առաջնայնությունները, ինչպես նաև համահունչ է UNODC-ի 2021-2025թթ. ռազմավարությանը: Այն նպատակաուղղված է կազմակերպված հանցավորության, թմրամիջոցների, կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների, ինչպես նաև ահաբեկչության դեմ արդյունավետ պայքարելու Հայաստանի ազգային կարողությունների ամրապնդմանը: Ճանապարհային քարտեզի շրջանակներում կողմերը զարգացնելու են իրենց համագործակցությունը նաև հանցավորությունների կանխարգելման և քրեական արդարադատության ուղղություններով:

Ճանապարհային քարտեզի իրագործման գործընթացը գնահատելու, մշտադիտարկելու և արդյունքների մասին պարբերաբար զեկուցելու նպատակով ստեղծվելու է ծրագրերի կիրարկման գնահատման համատեղ մեխանիզմ:

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները