Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:26 15-09-2022

Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է այսօր ԱԺ-ում լրագրողների նկատմամբ կատարված ոտնձգությունները

Հայաստանի ժուռնալիստների միությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով ԱԺ պատգամավոր Քրիստինե Պողոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած այսօրվա միջադեպին։ Ստորև ներկայացնում ենք հայտարարության տեքստը։

«Այսօր Ազգային ժողովում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանն անհավասարակշիռ պահվածքով և ոչ կոռեկտ բառապաշարով արձագանքեց MediaHub.am կայքի լրագրող Անի Գևորգյանին՝ ի պատասխան լրագրողի հնչեցրած հստակ, հավանաբար պատգամավորին դժվար կացության մեջ գցող հարցերին: Պատգամավոր Քրիստինե Պողոսյանը, հայտարարելով, որ ԱԺ-ն իր տունն է, պահանջեց լրագրողից հեռանալ, իսկ երբ լրագրողն ընդդիմացավ, պատգամավորը ձեռքը մեկնեց դեպի սեղանին դրված հեռախոսը (ամենայն հավանականությամբ)՝ փորձելով այն նետել լրագրողի ուղղությամբ, ինչը կանխեցին նրա իսկ գործընկեր պատգամավորները:

Թեև անհավասարակշիռ վարքագիծ դրսևորած պատգամավորին գործընկերները մի կերպ հեռացրեցին տարածքից, բայց քիչ անց նրան օգնության հասավ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Նա էլ Խորհրդարանի անվտանգության աշխատակիցներին հրահանգեց լրագրող Անի Գևորգյանին դուրս հանել ԱԺ շենքից, ինչն անհապաղ կատարեցին. լրագրողի նկատմամբ բռնություն գործադրելով, թևերից բռնած քարշ տալով՝ նրան դուրս բերեցին ԱԺ շենքից:

Տեղի ունեցածից հետո լրագրողների հետ զրույցում Ալեն Սիմոնյանը ոչ միայն հայտարարեց, որ չի պատրաստվում պատգամավոր Քրիստինե Պողոսյանի վարքագիծը քննության առնել, այլև, որ ինքն առաջնորդվելու է ԱԺ կանոնակարգ օրենքի նոր դրույթներին համապատասխան, ըստ որոնց՝ ԱԺ գործունեությունը խաթարող լրագրողը պետք է հեռացվի: «Վաղուց էր պետք դա անել: Փառք Աստծո, օրենքն արդեն ընդունել ենք»,- հայտարարել է Ալեն Սիմոնյանը:

Ակնհայտ է, որ մամուլի նկատմամբ իշխանությունների նման, մեղմ ասած, պաշտոնյային ոչ հարիր վերաբերմունքը պայմանավորված է վերջին օրերին երկրում տեղի ունեցող՝ իրենց անհանգստացնող իրադարձություններով, ռազմաճակատին զուգահեռ՝ քաղաքական հարթությունում կատարվող ստվերային գործընթացներով և դրանց նկատմամբ հասարակության մեջ առաջացած արդարացի վրդովմունքով:

Իշխանությունը, ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, իրենց սխալների ու թերությունների մասին հանրությանն իրազեկող մամուլը համարում է թշնամի, քանի որ մեծապես ազատ ու իշխանության վերահսկողությունից դուրս գործող ԶԼՄ-ների աշխատանքի շնորհիվ է հասարակությունը տեղեկանում իր թիկունքում կատարվող իրադարձությունների մասին:

Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է այսօր Ազգային ժողովում լրագրողների նկատմամբ կատարված ոտնձգությունները, այդ թվում՝ ներկայացուցչական մարմնի ղեկավարի՝ ԱԺ նախագահի հրահանգով, իշխանությունից պահանջում է ժողովրդավարության սկզբունքներին հավատարիմ գործելաոճ դրսևորել, կատարվածն արժանացնել իրավական գնահատականի, պատասխանատվության ենթարկել սեփական թիմի անդամ այն պատգամավորներին, որոնք առաջին անգամ չէ, որ լրագրողներին սպառնում են հաշվեհարդարով: Անպատժելիությունը ծնում է ամենաթողություն. այս դեպքում հիշատակված պատգամավորը ոչ միայն սպառնացել է, այլև փորձել է կոնկրետ գործողությունների դիմել:

Կոչ ենք անում մամուլի ազատության հարցերով զբաղվող տեղական և միջազգային կազմակերպություններին, մարդու իրավունքների պաշտպանությամբ իրապես զբաղվող միավորներին ու անհատներին՝ ցուցաբերել համարժեք գործելակերպ, զսպել ու կանխել ազատ խոսքի նկատմամբ իշխանության ահագնացող ոտնձգությունները:

Մեր գործընկերներին կոչ ենք անում, անկախ ստեղծված իրավիճակից, պահպանել մասնագիտական էթիկայի բոլոր նորմերը և սատար կանգնել միմյանց:
adv_banner

Ամենից շատ դիտված

12:30 Հրդեհ՝ մանկապարտեզում. տարհանվել է 117 սան և 29 աշխատակից
15:35 Ալո, Փաշինյան Նիկոլն ա․ վարչապետը զանգել է բանկ, ճշտումներ կատարել
22:30 2 բնակարան, 35 մլն փոխառություն, 13 մլն եկամուտ. Քրիստիննե Գրիգորյանի ունեցվածքը
12:25 Երևանում աղբի մեքենաները հատուկ ծակում են, որ հեղուկի քաշը չավելանա. բնակիչներ
21:37 Ծեծկռտուք՝ «Տրոլեյբուսների պարկ»-ում․ կասկածյալներից մեկը «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի անվտանգ երթևեկության ծառայության պետն է․ shamshyan.com
23:31 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ուշիի ոլորաններում բախվել են բեռնատարն ու Mercedes-ը. կան զոհեր ու վիրավորներ. shamshyan.com
17:00 «Թուրքիայի թշնամի». ԱՄՆ նոր պետքարտուղարի նշանակումը Թուրքիայում հիստերիա է առաջացրել
09:00 Թալանել են Փաշինյանի՝ պատգամավոր աներձագի տունը․ Հրապարակ
23:09 Ալեն Սիմոնյանը թող իրեն ցածրացնի՝ ինչքան կարող է. ներքևում ահագին տեղ կա․ Վահե Մակարյան
21:23 Քիմ Քարդաշյանը հրապարակել է Մելանիա Թրամփի լուսանկարը, ինչը քննադատության ալիք է բարձրացրել համացանցում