Ամերիկացիները ԱՄՆ տարածքում ամենամահաբեր ահաբեկչական գրոհից 21 տարի հետո սեպտեմբերի 11-ը հիշում են լռության րոպեով, կամավորական աշխատանքով եւ այլ միջոցառումներով, գրել է AP-ը։
Զոհերի հարազատները եւ բարձրաստիճան անձինք կիրակի հավաքվելու են այն տեղերում, որտեղ 2001թ. սեպտեմբերի 11-ին կործանվեցին հափշտակված ինքնաթիռները՝ Նյու Յորքի Առեւտրի համաշխարհային կենտրոնում եւ Փենսիլվանիայի դաշտում։
Երկրի մյուս համայնքներն այս օրը նշում են մոմավառությամբ, միջդավանաբանական ժամերգոթյուններով եւ հիշատակի այլ արարողություններով։ Որոշ ամերիկացիներ կմասնակցեն կամավորական նախագծերին։ Այս օրն ընդունվել է որպես Հայրենասերի օր եւ Հիշատակի ազգային օր։
Բայց եթե այսօր սեպտեմբերի 11-ը բեկումնային պահ էլ չէ, այն մնում է հարձակման մասին խորհրդածությունների կետ, որի զոհեր դարձան մոտ 3 000 մարդիկ՝ խթան հանդիսանալով «ահաբեկության դեմ պայքարի» համար ամբողջ աշխարհում եւ փոխելով ԱՄՆ ազգային անվտանգության քաղաքականության դասավորությունը։
Այն նաեւ ազգային հպարտության եւ միասնության զգացում առաջացրեց մի որոշ ժամանակ՝ մուսուլման ամերիկացիներին վերածելով երկարամյա կասկածամտության թիրախի եւ բանակռիվներ առաջացնելով անվտանգության եւ քաղաքացիական ազատությունների հավասարակշռության մասին։ Սեպտեմբերի 11-ի իրադարձությունների հետեւանքները մինչեւ այժմ արտացոլվում են ամերիկյան քաղաքականության եւ հանրային կյանքի վրա, նշել է ԶԼՄ-ն։
2001թ. սեպտեմբերի 11-ին 19 մահապարտ ահաբեկիչ զավթել էր չորս կոմերցիոն ինքնաթիռ։ Դրանցից երկուսը պայթեցին Նյու Յորքի Առեւտրի համաշխարհային կենտրոնի աշտարակներում, մեկը՝ Պենտագոնում եւ մեկն էլ ընկավ Շանքսվիլ քաղաքի մոտ, երբ ուղեւորները եւ անձնակազմը փորձում էին վնասազերծել ահաբեկիչներին։ Ընդհանուր առմամբ զոհվեց 2,9 հազար մարդ։ Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնեց «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորումը։
Գրոհները ծրագրվել էին աֆղանստանյան տարածքից, ինչն էլ պատճառ հանդիսացավ, որ ԱՄՆ զորքերը մտնեն Աֆղանստան 2001թ.։ «Ալ Քաիդայի» հիմնադիր Ուսամա բեն Լադենը «ահաբեկչության դեմ ամերիկյան պատերազմի» գլխավոր նպատակն էր։ 2011թ. մայիսի 2-ին նախագահ Բարաք Օբամայի հրամանով բեն Լադենը Պակիստանի իր սեփական ապաստարանում սպանվեց ամերիկյան հատուկ ստորաբաժանումների գործողության ընթացքում։