Երևան +10°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 23:05 08-09-2022

Երևանի թիվ 147 դպրոցում որոշել են անվճար երկարօրյաները հանել, ամսական վճար է սահմանվել 40 հազար դրամը

Oragir.news-ը ահազանգ է ստացել Երևանի Ռոբերտ Աբաջյանի անվան թիվ 174 դպրոցից այն մասին, որ դպրոցում տարրական դասարանի համար գործող անվճար երկարօրյա ուսուցման կազմակերպում այլևս չի լինելու։

Մեզ ահազանգած ծնողներից մեկն ասաց, որ ուսուցիչը իրենց հետ խոսելիս պարզաբանել է, որ երկարօրյան աշխատող ծնողների համար չէ։

«Ասաց, որ այն երեխաների համար է, որոնք հետ են մնում, վատ են սովորում, նրանք ովքեր չեն կարողանում, օրինակ, գրիչ բռնել և այլն։ Ամեն դասարանից էդպիսի 4 -5 երեխա են ընտրելու ու միայն նրանց են պահելու երկարօրյա, նրանց հետ են աշխատելու։ Միաժամանակ, գործելու է վճարովի երկարօրյա ուսուցում, ընդ որում՝ դրա արժեքը սահմանել են 40 հազար դրամ։ Այս դեպքում երեխաները դպրոցում կարող են մնալ մինչև մոտավորապես ժամը 5-ը։ Բացի այդ՝ դասվարներ կան, որ առաջարկում են մինչև ժամը մոտավորապես 3-3։30 երեխաներին պահել դպրոցում ու դասապատրաստում անցկացնել նրանց հետ։ Սա էլ, բնականաբար, անվճար չէ, յուրաքանչյուր երեխայի համար 25 հազար դրամ։ Հիմա ես երկու երեխա ունեմ և աշխատում եմ, որևէ մեկը չունեմ, որ կարող է օգնել երեխաներին վերցնելու հարցում, ես ամսական 80 հազար դրամ երկարօրյայի համար ինչպե՞ս եմ վճարելու, էլ իմ աշխատելը քանի կոպեկի արժեք ունի, աշխատածս պիտի տանեմ թողնեմ դպրոցում։ Իրենց ասում ենք, պատասխանում են՝ թե դա էլ ձեր պրոբլեմն է»։

Մեզ ահազանգած մեկ այլ ծնող ասաց, որ տեղեկությունը հստակեցնելու համար կապ է հաստատել դպրոցի տնօրենի հետ։

«Ասաց, որ 1-4 դասարաններից հավաքելու են ընդամենը 25 վատ սովորող երեխա ու նրանց հետ պարապելու են։ Հարցրեցի, թե ինչպես են որոշելու, թե առաջին դասարանում ովքեր են վատ սովորողները, հանճարեղ պատասխան տվեց, ասում է՝ ուսուցչի ցուցումով է լինելու։ Ասում է՝ մնացածներին էլ թող գան տատիկներն ու պապիկները տանեն։ Ասացի, որ ոչ ոք չունեմ՝ ո՛չ տատիկ կա, ո՛չ պապիկ։ Պատասխանեց, թե ոչնչով չի կարող օգնել, կարգն է այդպիսին։ Եթե ծնողները ցանկանում են, նոր միայն կարող ենք անցնել երկրորդ կետին՝ վճարովի հիմունքներով երկարօրյայի կազմակերպում։ Որոշել են միանգամից հարստանալ, չեմ հասկանում, այս ինչ կարգ է, որ սահմանում է 40 հազար դրամ ամսավճար՝ երկարօրյայի համար»։

Oragir.news-ը նույպես կապ հաստատեց դպրոցի տնօրեն Մարգարիտա Հովհաննիսյանի հետ։ Նա նախ ասաց, որ հեռախոսով չի պատրաստվում որևէ մեկնաբանություն տալ, ապա նաև շեշտեց, որ ծնողները ճիշտ չեն ասում։

«Ես լրագրողների հետ զրույցների համար պիտի խնդրեմ ներկայություն, հեռախոսով մեկնաբանություն չեմ տալիս, պիտի կարգը ցույց տամ, բացատրեմ։ Խոսքը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թ. հոկտեմբերի հրամանի մասին է, որով փոփոխություններ են կատարվել Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում երկարօրյա ուսուցման կարգում»։

Հարցին, թե ինչպես է ստացվում , որ 2020 թ-ին հաստատված կարգը միայն հիմա են որոշել կյանքի կոչել՝ պատասխանեց, որ կորոնավիրուսի ժամանակահատվածում կարգը չի գործել, որովհետև հնարավորիս աշխատել են շատ շփումներից զերծ պահել երեխաներին, օգտակար լինել աշխատող ծնողներին։ «Բայց ներկայումս խիստ ձևով ուզում ենք աշխատել կարգի հրամցված պահանջներին համապատասխան»։

Դիտարկմանը, թե ինչպես է ստացվում, որ միայն իրենց դպրոցում են սահմանված կարգին որոշել հետևել, մինչդեռ, մեր հարցումները ցույց են տվել, որ բազմաթիվ դպրոցներում շարունակում են գործել անվճար երկարօրյաները, նա պատասխանեց․ «Չեմ կարող ասել, ինչու մյուս դպրոցներերը կարգի համաձայն չեն գործել։ Ես այժմ ուզում եմ օգտակար լինել հետ մնացող սովորողներին»։

Մենք կապ հաստատեցինք նաև ԿԳՄՍ նախարարության տեղեկատվաության բաժնի պետ Կարինե Մանուկյանի հետ։ Նա նշեց, որ եթե վերոհիշյալ կարգի մասին մանրամասներ են մեզ հետաքրքրում, ապա պետք է գրավոր հարցում ուղարկենք։

Հարցին, թե արդյոք կարգը սահմանում է որ անվճար երկարօրյաները դպրոցներից պետք է հանվեն ու գործելու են միայն վճարովի հիմունքներով երկաօրյաներ, նա պատասխանեց․ «Նման բան չկա։ Երևանի բազմաթիվ դպրոցներում գործել ու գործում են անվճար երկարօրյաներ»։

Ամենից շատ դիտված

09:00 Նիկոլ Փաշինյանը չի պաշտպանվում, ուզում է հանձնե՞լ իշխանությունը  
17:09 Առջևում ոստիկանական զորքեր են․ եթե որևէ մեկը կբորբոքվի, ուրեմն իրենց մարդն է․ Բագրատ Սրբազան
12:05 Բագրատ Սրբազանի առաջնորդորդությամբ երթը դեպի Երևան շարունակվում է․ ՈւՂԻՂ
10:43 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ գյուղերից մեկում հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին․ shamshyan.com
21:03 Երեխան հիվանդ է եղել, պառկած է եղել ջրծաղիկով․ մանրամասներ՝ 8-ամյա աղջկա մահվան վերաբերյալ
22:46 2 ահը 1 մահ է. Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի հերթական սուտը
18:25 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը շարունակում է իր երթը դեպի Երևան
16:00 Բագրատ Սրբազանի երթի պատճառով Փաշինյանը զրկվել է հայրենի գյուղ այցելելուց
21:30 Աչքը հանելու արվեստը․ Փաշինյանի կառավարության՝ բաժնետեր դառնալուց հետո ԶՊՄԿ-ի գործերը վատացել են
09:40 Նիկոլ Փաշինյանի հերթական ապօրինությունը․ օպերատիվ հերթապահություն՝ հանուն ՔՊ-ի