Ներքին 3 տարի առաջ - 19:05 07-09-2022

Կանոնակարգվում են բազմաբնակարան շենքերի ֆինանսական հոսքերն ու ծախսման ուղղությունները

Կառավարության ներկայացրած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում առաջարկվող փոփոխություններով վարչական պատասխանատվություն է նախատեսվում «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքով սահմանված պարտադիր և այլ վճարներն անկանխիկ եղանակով կատարելու նպատակով բանկային հաշիվ չբացելու համար: Օրենքի նախագիծը քննարկվել է ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 7-ի նիստում, տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը:

Նախագծի նպատակն է բարձրացնել բազմաբնակարան շենքի կառավարման մարմինների զգոնությունը, աշխատանքի թափանցիկությունը, հաշվետվողականությունը, հավաքագրված գումարների ծախսման արդյունավետությունը, ինչպես նաև չնախատեսված աշխատանքների մասով պահուստային ֆոնդ ձևավորելու հնարավորությունը:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը հիշեցրել է վարչապետի 2019 թ. որոշումը, որով բազմաբնակարան շենքերի կառավարման բնագավառում առկա խնդիրների կանոնակարգման նպատակով ստեղծվել էր միջգերատեսչական աշխատանքային խումբ: Կատարվել է գույքագրում, արձանագրվել են ոլորտի խնդիրները:

«Կարգավորման ենթակա հարցերը տեղ են գտել կառավարության գործունեության միջոցառումների ծրագրում»,- նշել է Արմեն Ղուլարյանն ու հավելել, որ նախատեսված են բազմաբնակարան շենքի կառավարման համակարգի բարելավմանն ուղղված մի շարք միջոցառումներ:

Դրանցով պայմանավորված՝ 2020 թ. հունվարի 24-ին Ազգային ժողովն ընդունել էր «Բազմաբնակարան շենքի կառավարման» և «Համատիրության մասին» օրենքներում փոփոխություններ ու լրացումներ:

Սեփականատերերն օրենքով սահմանված պարտադիր և այլ վճարները պետք է կատարեն անկանխիկ՝ յուրաքանչյուր բազմաբնակարան շենքի համար առանձին բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի համար բացված հաշվեհամարին: Ամրագրվել են բանկային հաշվի մուտքերի, այդ հաշվին փոխանցված գումարների տնօրինման ուղղություններն ու պահուստային ֆոնդ ձևավորելու հնարավորությունը: Ֆոնդի միջոցները ենթակա են ծախսման՝ շենքի պահպանման և առաջացած անկանխատեսելի վնասների, մասնավորապես, վթարների վերացման պարագայում: Քաղաքաշինության կոմիտեի նախագահը նշել է, որ 2021 թ. արդյունքներով Հանրապետության 19.183 բազմաբնակարան շենքից բանկային հաշիվներ չեն բացել 4.140-ը, իսկ 1.316-ի մասով հաշիվները բացված են ոչ թե առանձին շենքերի, այլ համատիրության կազմում գտնվող 8 հաշիվներով:

Կարգավորումները շրջանցելու դեպքում սահմանված է վարչական պատասխանատվություն՝ նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով: Նույն արարքը 2-րդ անգամ կատարելու դեպքում սահմանված տուգանքը կկրկնապատկվի:

Հանձնաժողովականների գնահատմամբ՝ նախագիծը բազմաբնակարան շենքերի կառավարման տեսանկյունից դրական արդյունքներ կարող է ապահովել: Գլխադասային հանձնաժողովի նիստում նախագծին տրվել է դրական եզրակացություն:

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան